Արվեստների շաբաթն «Այբ»-ում

Արվեստն այբական կյանքի անբաժան մասն է, և «Այբ» դպրոցում սովորող յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն ունի ընտրելու իրեն ամենից հոգեհարազատ արվեստի ճյուղը՝ ստանալով նոր գիտելիքներ և զարգացնելով արդեն ունեցած հմտությունները։ Մայիսը «Այբ»-ում առանձնանում է նաև ավանդույթ դարձած արվեստների շաբաթով։

Արվեստների շաբաթվա ընթացքում եզակի հնարավորություն է ընձեռվում ներկա գտնվելու տարեվերջյան համերգների և նկարչական ցուցահանդեսների, որտեղ «Այբ» դպրոցի աշակերտները ներկայացնում են իրենց տաղանդն ու ողջ տարվա քրտնաջան աշխատանքը։

Այս տարի իրենց կատարած հսկայական աշխատանքը ցուցադրեցին պարախումբը, բեմարվեստի խումբն ու պատանի նկարիչները։

Արվեստների շաբաթվա բացումն ազդարարեց բեմարվեստի խումբը՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի ղեկավարությամբ։ 11-րդ դասարանցիները բեմադրել էին «Ծառա Սիմոնը»՝ ըստ Ավետիք Իսահակյանի, իսկ 12-րդ դասարանցիները՝ «Մի կաթիլ մեղրը»՝ ըստ Հովհաննես Թումանյանի։ Աշակերտների ստեղծագործ մոտեցումն ու համոզիչ խաղն արժանացան հանդիսատեսի բուռն արձագանքին։ Իսկ Միլենա Միրումյանն ու Աղասի Բարսեղյանը հանդես եկան մենաներկայացումներով։

Մեր արվեստաշատ շաբաթը շարունակեց պարախումբը՝ «Կարին» պարային խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ։ 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանցիները ներկայացան հայ ժողովրդական պարերով՝ դահլիճը լցնելով հայկական մշակույթով և բարձր պահելով մեր ազգային ոգին։

Արվեստների շաբաթը եզրափակեցին պատանի նկարիչները՝ Մարի Ադամյանի ղեկավարությամբ։ Կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ ներկայացված էին «Այբ» տարրական, միջին և ավագ դպրոցների աշակերտների նկարչական աշխատանքները։ Նրանց ստեղծագործ միտքն ու գունային շքեղ համադրումներով նկարները մեծ տպավորություն թողեցին հանդիսատեսի վրա։

Այսքանով ամփոփեցինք այս տարվա արվեստների շաբաթը և մեկ անգամ ևս համոզվեցինք, որ արվեստն իսկապես շարժիչ ուժ է «Այբ» դպրոցում և շարունակ ոգևորել է բազմաթիվ աշակերտների՝ ստեղծագործելու և բացահայտելու սեփական տաղանդները։

Նարե Կուրղինյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>