ԱյբՊՐՈ․ «Տեխնոշարժ»-ը կստեղծի «AybBus» բջջային հավելվածը

Գևորգը սովորում է «Այբ» դպրոցում։ Օգտվում է դպրոցի տրամադրած տրանսպորտից, ինչի շնորհիվ կարողանում է ժամանակին և ապահով հասնել դպրոց։

Այդ օրը վարորդը զանգել էր նրան, բայց Գևորգը հեռախոսին չէր պատասխանել կապի անհասանելիության պատճառով։ Գևորգը ստիպված էր եղել տաքսի պատվիրել և դպրոց հասնել իր հաշվին։ Համաձայնե՛ք՝ առավոտյան այդ ժամին տաքսի գտնելը հերոսություն է, իսկ սակագինն էլ՝ սովորականից ավելի բարձր։

Նման իրավիճակում հայտնվում ենք աշակերտներից շատերս։ Այդ պատճառով ես և ընկերներիցս մի քանիսը միացանք «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Տեխնոշարժ» ակումբին և որոշեցինք գտնել խնդրի լուծման տարբերակներ։

Մեր ակումբի քննարկումների արդյունքում որոշեցինք ստեղծել «AybBus» բջջային հավելվածը։ Հավելվածը կօգնի մեզ հետևելու «Այբ» դպրոցի տրանսպորտի տեղաշարժին, կապ պահպանելու վարորդի հետ, մեկ հպման միջոցով տեղեկացնելու վարորդին բացակայելու մասին, հնարավորություն կտա նաև ծնողներին վարորդի հետ կապ պահպանելու և տեղեկանալու երեխայի գտնվելու վայրի մասին։ Նախագիծն իրականացման փուլում է։

«AyBus» բջջային հավելված պատրաստելուն զուգընթաց «Այբ» դպրոցի «Արվեստանոց» ակումբի հետ իրականացնում ենք ևս մեկ նախագիծ։ Քանդակները քաղաքային միջավայրի կարևոր մաս են։ Բացառություն չէ նաև մայրաքաղաք Երևանը։ Իսկ մենք ի՞նչ գիտենք երևանյան քանդակների մասին։

«Արվեստանոց» ակումբի աշակերտները «Քաղաքանդակ» նախագծով ցանկանում են անուշադրության մատնված քանդակները ճանաչելի դարձնել բոլորի համար։ Այս նպատակով ակումբի աշակերտները ճեպանկարելու են երևանյան քանդակները և որպես նախագծի արդյունք ներկայացնելու են կայք, որն ունենալու է յուրահատուկ փոխգործուն քարտեզ, որի վրա նշված են լինելու երևանյան քանդակների վայրերը։ Մեր ակումբի աշակերտներն էլ ստեղծելու են հենց այդ կայքը, որն անհրաժեշտ է «Արվեստանոց» ակումբի աշակերտներին։

Կատարվելիք աշխատանքի արդյունքը, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, արվեստի ներկայացման ուրույն միջոց կլինի։

Սերյոժա Արզումանյան

Վահան Հակոբյան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>