Այբական խաղեր 2019․ այբեցի ծնողների կարծքիներն ու դերը

Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ուսումնական տարվա ամենասպասված, ամենահավես, ամենակարևոր օրերից մեկը` «Այբական խաղերը»: Այս հարցազրույցի շրջանակներում փորձել ենք պարզել, թե ինչ նշանակություն ունի միջոցառումը ծնողների համար, այլ կերպ ասած՝ ցանկացել ենք բացահայտել այս տոնը նրանց աչքերով:

Լիլիթ Մինասյանը` 12-րդցի Տաթևիկ Գալստյանի մայրը, ինչպես նաև մեր համաշխարհային պատմության ուսուցչուհին, խոսեց «Այբական խաղերի» թոհուբոհի արդյունքում փոխանցվող համընդհանուր ուրախ տրամադրության, անսպառ էներգիայի և հավեսի մասին. – ««Այբական խաղերը» միջոցառում է, որին սպասում ենք բոլորս ամբողջ տարվա ընթացքում: Եթե անգամ պլանավորել ես, որ այդ օրը չես կարող ներկա գտնվել, միևնույն է, առավոտյան վեր ես կենում և գիտակցում, որ բացակայել ուղղակի չես կարող: Սա իսկապես «Այբ»-ի մեծ ընտանիքի օրն է: Գալիս են ոչ միայն նրանք, ովքեր «Այբ»-ում աշխատում են կամ «Այբ»-ում երեխաներ ունեն, այլ գալիս են ամբողջ ընտանիքով` հաճախ փոքրիկ երեխաներով, և օրն իսկապես տոնի է վերածվում: «Այբ»-ի յուրաքանչյուր անկյունում ուրախ է, հետաքրքիր, միասնական: Այբական ոգու դրսևորումն է, որ դու տեսնում ես արդեն մարմնավորված, ամեն անկյունից էներգիան ուղղակի հորդում է: Իսկապես, երևի սա այն է, ինչն «Այբ»-ն «Այբ» է դարձնում: Այն մթնոլորտն է, որի մեջ դու ամեն օր ես, բայց հատկապես այս օրը այդ մթնոլորտի ջերմությունը կրկնապատկվում է, հարյուրապատկվում է... Արտակարգ էներգետիկ միջավայր է ստեղծվում, որից պարզապես չես ուզում հեռու գտնվել»:

Մեր շրջանավարտներից Սյուզի Երկնափեշյանի մայրիկը նույնպես արտահայտել է իր կարծիքն այս յուրահատուկ օրվա վերաբերյալ՝ ակնարկելով մյուս ուսումնական տարվա համար նախատեսած պլանների, ինչպես նաև հաջորդ «Այբական խաղերի» մասին․ - «Արդեն երրորդ տարին է, ինչ մասնակցում ենք «Այբական խաղերին»: Ուսումնական տարվա ամենահետաքրքիր, ամենաջերմ օրերից մեկն է: Տղաս շախմատի փոքրիկների մրցաշարին էր մասնակցում. ինձ մնում էր միայն ժպիտով հետևել նրա խաղին, ներգրավվածությանը, իսկ հաղթանակից հետո կիսել նրա ոգևորությունը: Ամեն տարի տպավորված, ուրախ-զվարթ տուն ենք վերադառնում: Ի դեպ, մյուս տարի պլանավորել ենք, որ Սյուզաննայի քույրիկը նույնպես սկսի իր ուսումնառությունը «Այբ»-ում, և հույս ունենք, որ արդեն հաջորդ «Այբական խաղերին» մեր ընտանիքից մասնակիցների թիվը ևս մեկով կհամալրվի»:

Էլ ի″նչ «Այբական խաղեր» առանց սննդի տոնավաճառի: 7-րդ դասարանի աշակերտ Մեսրոպի մայրիկը` Մերի Հովսեփյանը, որը նաև կենսաբանության ուսուցչուհի է, Մեսրոպի հետ ակտիվ աշխատանք էր կատարում խոհարարական թիմում` «ադի-բուդիի» վաճառքի «մենաշնորհն» իր վրա վերցնելով - «Կարծում եմ` այբական խաղերը կարևոր են նրանով, որ ամբողջ համայնքը համախմբվում է: Բոլորը միասին և՛ լավ ժամանակ են անցկացնում, և՛ այդ պահն օգտագործում են` կարևոր նպատակի ծառայեցնելու համար: Առհասարակ, ինձ թվում է` միշտ էլ կարևոր է, որ մարդն անի մի բան, որը անհրաժեշտ, պիտանի և հետաքրքիր կլինի ուրիշների համար» :

«Այբական խաղերին» ներկա գտնվելու համար Գյումրիից ժամանել էր 12-րդ դասարանի աշակերտ Սուրեն Թադևոսյանի մայրիկը՝ Նաիրա Թադևոսյանը: Ի դեպ, բասկետբոլը նրա ամենանախընտրելի սպորտաձևն է. - «Հրաշալի առիթ է երեխայիս այցելելու, հետաքրքիր հնարավորություն է նրա միջավայրի հետ առնչվելու, դրան ինտեգրվելու համար: Բացի դրանից՝ կարողանում ես պարզապես հաճույք ստանալ այս խաղերից»:

Ամփոփելով` նշեմ, որ «Այբական խաղերը» ամբողջական չէին կարող լինել առանց ծնողների, որոնք մեր մեծ համայնքի կարևոր մասնիկն են, և անգնահատելի ներդրում ունեն կատարվող բոլոր աշխատանքներում:

Սաթեն Հարությունյան, 12-րդ դասարան

Tag Blog

Tweets by AybSchool
>