
Մարտի 14-ին «Այբ» ավագ դպրոցում 12-րդ դասարանցիների նախաձեռնությամբ տեղի ունեցավ TEDxAyb School Youth միջոցառումը «Ժառանգությունը նորարարության մեջ. արվեստը հանդիպում է արդիականությանը» թեմայով։ Միջոցառման ընթացքում խոսվեց այն մասին, որ ավանդույթներն ու անցյալը չեն հակասում միմյանց. դրանք կարող են դառնալ ապագայի շարժիչ ուժ:
Առաջին խոսնակը Արմեն Եսայանցն էր՝ արվեստաբան և համադրող, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն: Նա պատմեց հայկական մշակութային ժառանգության ու ժամանակակից արվեստի անսպասելի հատման մասին։ Նա ներկայացրեց, թե ինչպես օտարերկրացի արվեստագետներ մեր ժառանգությանը բոլորովին նոր շերտ են հաղորդել՝ հայկական ասեղնագործությունից երաժշտություն ստեղծելով կամ խաչքարն ու գորգը համադրելով: Արմեն Եսայանցը նաև պատմեց, թե ինչպես է 1956 թվականի Հովհաննես Զարդարյանի «Գարուն» կտավը տասնամյակներ անց հայտնվել Netflix-ի «BoJack Horseman» սերիալում:
Դիտեցինք նաև շատ հետաքրքիր վավերագրական ֆիլմ Film Factory նախագծային ակումբի «Թաքնված գանձեր» ֆիլմաշարից։ Ակումբի անդամները, որ արդեն շրջանավարտներ են, նախագծային ուսումնառության շրջանակում ստեղծել են վավերագրական ֆիլմ հայկական տարազի մասին։ Ներկայացնելով տարազի պատմությունը, խորհրդանշական գույներն ու տարածաշրջանային բազմազանությունը՝ ֆիլմը պատմում էր այն մասին, որ տարազը ոչ միայն հագուստ է, այլև ժողովրդի ամբողջական ինքնանկարագիրը, և որ այն պահպանելն ու փոխանցելը յուրաքանչյուրիս պարտականությունն է։
Մեր երկրորդ խոսնակը դերասան, երգիչ և երգերի հեղինակ Հայկ Պետրոսյանն էր։ Նա իր ելույթը սկսեց շատ հետաքրքիր և խոր հարցով՝ ի՞նչ է ձայնը արտաքին և ներքին աշխարհում: Կոմիտասյան ժառանգությանն անդրադառնալով՝ նա ցույց տվեց, թե ինչպես է հայ ժողովրդական երգն արտացոլում սերը, բնությունն ու կյանքի ուրախությունը, և թե ինչպես է այն ծառայում իբրև սերունդներ կապող կամուրջ։ Միջոցառման ամենաջերմ պահն այն էր, երբ Հայկն ամբողջ դահլիճին ներգրավեց երգելու մեջ և ցույց տվեց, որ ձայնն ամենից հզոր է, երբ միասին ենք:

Երրորդ խոսնակը Շուշան Հարությունյանն էր՝ հաղորդակցության ոլորտի մասնագետ և «ԱքսելՄոնդրիան» ընկերության համահիմնադիր: Գիտականորեն սահմանելով մշակույթի, նորարարության և բնական իրավունքի հասկացությունները՝ նա ցույց տվեց, թե ինչու մշակութային ժառանգությունը և նորարարությունը հակադրություն չեն, այլ փոխլրացնող ուժեր, և որ ժառանգությունը ոչ թե անցյալ է, այլ ապագայի հիմք։
Արվեստից մինչև ձայն, տարազից մինչև գիտություն՝ այսօր հստակեցվեց, որ անցյալը ապագայի լավագույն հիմքն է: Մինչ հաջորդ TEDxAyb:
Մանե Համբարձումյան
10-րդ դասարան