«Այբ»-ի աշակերտները մշակում են Սևանի ճահճացումը կանխող բիոֆիլտր

Ավարտվեց ևս մեկ այբական տարի՝ հաջորդ ուսումնական տարում ավելին կատարելու ցանկություն թողնելով «Կանաչ քիմիա» ակումբի անդամների մոտ: Ամփոփեցինք մեր կատարած աշխատանքը և ներկայացրինք ակումբի՝ այս տարվա գործունեությունը, որը ծավալվում է մի քանի նախագծի շուրջ: Դրանցից մեկը բիոֆիլտրի ստեղծումն է: Առցանց շնորհանդեսին ներկա էին «Այբ» համայնքի անդամները՝ աշակերտներ, ուսուցիչներ, աշխատակիցներ:

Սահիկաշարով ներկայացրինք ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքը և թե ինչքանով ենք կարողացել իրականացնել գաղափարը: Բիոֆիլտրի ստեղծման նպատակն է ստանալ այնպիսի նյութ, որը կկանխի քաղցրահամ ջրերի ճահճացումը՝ վնասներ չհասցնելով ջրի կենդանական և բուսական աշխարհին: Մեր ուշադրության կենտրոնում ունենալով Սևանա լճի՝ նախորդ տարվա աղտոտվածության ու կանաչման փաստը՝ գիտական նյութեր ուսումնասիրեցինք և հասկացանք, որ դեռևս չկա այնպիսի մատչելի միջոց, որը կկանխի ճահճացումը և միևնույն ժամանակ չի վնասի լճի բնակիչներին: Այնուհետև օգտվեցինք լողավազանների մաքրման համար օգտագործվող նյութերի որոշ բաղադրիչներից, որոնք անվնաս կլինեն ձկների և բույսերի համար: Դրանք այն ալգիցիդներն են, որոնք խինոլինի ածանցյալ են և քիչ թունավոր են:

Լաբորատոր պայմաններում մանրադիտակի օգնությամբ նախապես ուսումնասիրեցինք ջրիմուռներով լի ջրի նմուշներ, այնուհետև մշակեցինք դրանք խինոլինի համապատասխան ածանցյալներով: Որոշ ժամանակ անց ալգիցիդով մշակված նմուշները մանրադիտակով ուսումնասիրեցինք՝ արդյունավետությունը գնահատելով: Այս ամենն ավելի գիտական ու մանրամասնորեն ներկայացրինք շնորհանդեսի ընթացքում, վերջում պատասխանեցինք ներկաների հարցերին, լսեցինք նրանց կարծիքները:

Ստեղծված իրավիճակը մեզ բավականին հեռացրեց սպասվող արդյունքից, քանի որ մարտ ամսից սկսած անհնար դարձավ լաբորատոր փորձերը շարունակելը։ Սակայն կատարված փորձերն արդեն իրենց օգուտը տվել են: Նախ հստակեցվեց, որ բիոֆիլտրը կլինի պինդ, բյուրեղային նյութ, որն, ավելացվելով ջրին, կփոքրացնի ջրիմուռներ առաջացնող բակտերիաների քանակը։ Բացի դրանից, կարողացել ենք գտնել այնպիսի օրգանական նյութեր, որոնք ծառայում են ջրի արդյունավետ մաքրմանը: Արդեն բավականաչափ տեղեկացված ենք այս ոլորտում և հաջորդ տարի ավելի արագ ու հեշտ կկարողանանք հասնել մեր նպատակին:

Ստորև կարող եք ինքներդ գնահատել մեր կատարած աշխատանքի արդյունքը:

Առաջ

Հետո

Հասմիկ Բաղդասարյան, «Կանաչ քիմիա» ակումբ, բիոֆիլտրի նախագիծ

Կիսվել

Tag Լուրեր Tag News

Tweets by AybSchool
>