ԴՆԹ-ն` որպես կրիչ․ «Բիոինֆորմատիկա» ակումբն ամփոփեց նախագծային աշխատանքը

Տեղի ունեցավ «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Բիոինֆորմատիկա» ակումբի «ԴՆԹ-ն որպես տեղեկույթի պահեստավորման միջոց» նախագծի շնորհանդեսը։ Մասնակցեցին «Այբ» դպրոցի տնօրինության, աշխատակազմի ներկայացուցիչներ, հյուրընկալվեցին բազմաթիվ աշակերտներ։

Միջոցառումն առցանց էր, և ակումբի անդամները ներկայացրին 2019-2020 ուսումնական տարվա ընթացքում կատարած աշխատանքները։ Նախագծի շրջանակում աշակերտները հետազոտել են ԴՆԹ-ում տեղեկույթի պահեստավորման եղանակները, առավելություններն ու թերությունները և համագործակցել բազմաթիվ կազմակերպությունների հետ՝ Twist Bioscience, Illumina և այլն։

Անընդհատ աճող տվյալներին զուգընթաց զարգանում են նաև դրանց պահեստավորման մեթոդները։ ԴՆԹ-ն՝ որպես տեղեկույթի պահեստավորման միջոց, ավելի նպատակահարմար է, քան ներկայումս օգտագործվող միջոցները՝ կրիչները, կոշտ սկավառակները, ֆլոպի սկավառակները և այլն։ Տեղեկույթի պահեստավորումը ԴՆԹ-ում գերսեղմ է, երկարակյաց, ոչ խոցելի՝ տեղեկատվական գրոհներից, և, ամենակարևորը, ի տարբերություն, օրինակ, ֆլոպի սկավառակների, երբեք չի հնանա։

ԴՆԹ կրիչը որևէ վտանգ չի ներկայացնում բնության և մարդկանց համար, քանի որ ունի կենսաբանական բաղադրություն՝ ի տարբերություն ներկայիս ռադիոակտիվ և քայքայման համար երկար ժամանակ պահանջող միջոցների։ Որպես նախագծային աշխատանքի վերջնարդյունք՝ «Բիոինֆորմատիկա» ակումբի աշակերտներն ընտրել էին ԴՆԹ-ի մեջ հայկական մշակույթի կարևորագույն բաղադրիչներից մեկի՝ ազգային պարերի պահեստավորումը։

Չնայած նրան, որ հեռավար ձևաչափով ևս աշխատանքը շարունակվեց, սակայն հնարավոր չեղավ կազմակերպել նախագծի վերջնական փուլը՝ ԴՆԹ-ի սինթեզը, քանի որ կազմակերպությունները, որոնց հետ համագործակցելու էին աշակերտները, Հայաստանում չեն գտնվում և հեռավար չէին իրականացնում ԴՆԹ-ի փոխադրում։

Աշխատանքի այն մասը, որն անհրաժեշտ էր կատարել մինչև ԴՆԹ-ի սենթեզը, արդեն կատարված է և ազգային պարերը նուկլեոտիդային հաջորդականության ձևով պատրաստ են փոխադրվելու ԴՆԹ կրիչի մեջ։ Ապագայում իրավիճակի բարելավումից հետո «Բիոինֆորմատիկա» ակումբի աշակերտները պատրաստվում են ավարտին հասցնել աշխատանքը։

Հասմիկ Սահակյան, «Բիոինֆորմատիկա» ակումբ,

ԴՆԹ պահեստավորման նախագիծ

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>