BOLOLA․ «Այբ»-ի աշակերտները կստեղծեն երթուղային հավելված

«Բոլոլայա լինելու․․․ շատ բոլոլայա լինելու»․ այս բառերը մտքում՝ մղձավանջից առավոտյան արթնացավ մեր նախագծի ղեկավարը, և հենց այդ առավոտ էլ նրա գլխի վերևում վառվեց լամպը։ Իսկ եթե՞․․․

Ես Մարգարիտան եմ՝ «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Ծրագրավորում» ակումբի ամենաշատախոս մասնակիցը։ Հիմա կպարզաբանեմ վերոնշյալ գաղափարը, որը ծագել էր մեր նախագծի ղեկավարի մտքում։

Երկրորդ օրն էր՝ չէինք կարողանում գտնել խնդիր, որը կապված կլիներ և՛ մեր առօրյայի, և՛ ծրագրավորման հետ, ու հենց երթուղայինի հայտնի վարորդի խոսքերը դարձան մեր` աշակերտներիս, կյանքը թեթևացնելու առիթներից մեկը։ Ես և իմ խմբի մնացած աշակերտները «բրեյնստորմի» կամ հայերեն՝ մտագրոհի, ժամանակ եկանք այն մտքին, որ բոլորս էլ կյանքում ամենաքիչը տասն անգամ եղել ենք իրավիճակում, երբ չենք իմացել Ա կետից Բ կետ հասնելու համար որ երթուղայինն է անհրաժեշտ նստել։ Կամ մի ուրիշ դեպք, երբ գտնվում ես քեզ անծանոթ վայրում և չգիտես՝ մոտակա կանգառը որտեղ է։ Սեփական փորձով ասեմ, որ շատ ստրեսային իրավիճակ է հատկապես, երբ «երթուղայինագետ» ընկերուհիդ զանգերիդ չի պատասխանում։

Այսպես՝ խմբում ամեն մեկի ցավալի պատմությունը համբերատար լսելուց հետո մեր ղեկավարը շատ հանգիստ տոնով բարձրաձայնեց․ «Ճիշտն ասած՝ իմ մտքով էլ է անցել տրանսպորտի հավելվածի գաղափարը, բայց մեզ անուն է պետք․․․ հիշվող․․․»։ Առաջարկեցինք տարբերակներ, բայց ավելի լավ է անհետաքրքիր բաներից չխոսենք։ Հենց այդ տարբերակները լսելուց հետո ղեկավարը չդիմացավ․ «Բոլոլա․ էրեխե՛ք, նայե՛ք, ախր էս անունը ստեղծված է տրանսպորտի հավելված դառնալու համար»։ Նա անգլերեն ու ավտոբուսի տեսքով գրեց «BOLOLA»։

Հավելվածը պետք է հետևի երթուղայինների երթուղուն․ ցույց տա վայրը, որտեղ գտնվում են փոխադրամիջոցներն այդ պահին, ցույց տա մի վայրից մյուսին հասնելու բոլոր հնարավոր տարբերակները և այլն։

Այդ օրվանից էլ սկսեցինք աշխատել գաղափարն իրականություն դարձնելու։ Ճիշտ է, դեռ շատ բան ունենք սովորելու, բայց ինչպես ասում են՝ գիտելիքը ոչ այլ ինչ է, քան գրանցված փորձ։

Ցանկացած նոր բան ստեղծելիս կարևոր է հասկանալ դրա պահանջարկը և մրցակցային պայմանները։ Հայաստանի բնակչության մեծամասնությունը երթևեկում է ավտոբուսներով կամ երթուղային տաքսիներով։ Մի մասն ուղղակի քաղաքը լավ չգիտի և չի կարողանում կողմնորոշվել կանգառների ցանկով, որ ամրացված է երթուղայինների վրա, մյուս մասը նույնիսկ չի կարողանում տեսնել՝ ինչ է գրված: Մեր թիմը համարեց այս հավելվածի ստեղծումը կենսական անհրաժեշտություն։

Կան շատ կայքեր, որտեղ ներկայացված է փոխադրամիջոցների կանգառների ցանկը, բայց դա շատերի համար անիմաստ բան է։ Մեր հավելվածը միակն է լինելու իր տեսակով, քանի որ կունենա կանգառների քարտեզ, ցույց կտա՝ մոտավորապես քանի րոպեից է հասնում երթուղային տաքսին կամ ավտոբուսը, ցույց կտա հնարավոր ամենակարճ ճանապարհը A կետից B կետ հասնելու համար և, ինչը ամենակարևորն է, կունենա արտացանցային քարտեզ (offline map)։ Այս բոլոր հնարավորություններով հավելվածներ, իհարկե, կան տարբեր երկրներում, սակայն մեր առաջարկած հավելվածի առավելությունն այն է, որ համատեղում է բոլոր հնարավորությունները։

Այս պահին մեր ակումբը զբաղվում է հավելվածի առաջնային, բայց ոչ վերջնական, տարբերակի մշակմամբ։ Մեր բջջային և համացանցային հավելվածները համարյա պատրաստ են, և միակ մեծ գործը, որ պետք է ավարտին հասցնենք, բոլոր կանգառների գրանցումն է մեր տվյալների շտեմարանում և դրանց տեղադրումը քարտեզի վրա։ Այս վերջին քայլից հետո կունենանք հավելված, որով միգուցե կկարողանանք օգտվել նաև այլ երկրներում։ Հույս ունեմ՝ շուտով կպատմեմ նաև վերջնական արդյունքի և, ինչու ոչ, ձեր արձագանքների մասին։

Ի դեպ, ղեկավարի անունն էլ Վլադ է։ Բայց նույնիսկ նրան մեզ հետ աշխատելու ժամանակ պետք եկավ օգնություն, և հիմա մենք ունենք մեկի փոխարեն երկու ղեկավար` Վլադը և Նվերը։

Մարգարիտա Հարությունյան

«Ծրագրավորում» ակումբ, «Բոլոլա» նախագիծ

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>