Ինչպես չտրվել արտագրելու գայթակղությանն առցանց ուսուցման օրերին

Ստուգողական գրավոր աշխատանք. մի՞թե ուսումնական տարվա մեջ ավելի ծանր օրեր կան, քան թեմատիկ ստուգողական աշխատանք գրելու օրերը։ Շատ աշակերտներ գնահատականները բարձրացնելու համար հաճախ դիմում են գնահատականի բարձրացման անթույլատրելի միջոցների՝ գրագողության, արտագրության և այլն. խաբելու միջոցների ցուցակը կարող է լինել այնքան երկար, որքան թույլ կտա աշակերտի երևակայությունը։ Այնուամենայիվ, պատասխանատու և սկզբունքային աշակերտը երբեք իրեն թույլ չի տա արտագրել։ Սակայն լինում են անելանելի դեպքեր, երբ աշակերտները ստիպված են դիմել անարդար ճանապարհի՝ գնահատականները բարձր պահելու համար։

Եթե մենք՝ աշակերտներս, ցանկանում ենք մեր մեջ դաստիարակել ուժեղ կամքի տեր անձնավորության, լավ կլինի, որ սովորենք ծանր իրավիճակներում չդիմել անարդար միջոցների, եթե նույնիսկ իրավիճակի ելքը կարող է մեզ համար ոչ ցանկալի լինել։ Պետք է սկսել, օրինակ, արտագրելու մտքից հրաժարվելուց։ Իմ անձնական փորձով կներկայացնեմ կամքի ուժը հզորացնելու մի քանի միջոց։ Հուսամ՝ օգտակար կլինեն առցանց ուսուցման օրերին։

Ստուգողականից առաջ խնդրեք ձեր ուսուցչին տալ ձեզ մի գրավոր, որը բնույթով նման կլինի իրական ստուգողականին, հեռացրեք գրքերն ու տետրերը և գրեք տանը, հանգիստ պայմաններում։ Հարցեր կարող եք կազմել նաև դուք, օրինակ՝ դասագրքի միջի հարցերից դնելով ստուգողականների մեջ։ Ցանկալի չէ այդ աշխատանքը տալ նաև ձեր ընկերներին, քանի որ երբ տեսնեք նրանց բարձր միավորը, ձեր շահադրդումը կկորչի և տեղը կզիջի հուսահատությանը, նախանձին. այս երկուսն են ձեր պարտվողական տրամադրության և ստուգողականների ցածր արդյունքի պատճառը։ Փորձեք մոռանալ ձեր ընկերներին, թողեք մի կողմ մրցակցությունը ստուգողականի ժամանակ, սեղանի առաջ դուք եք և ձեր ուղեղը, իսկ երկուսով դուք կհաղթահարեք ամեն ինչ, միայն պետք է հավատալ սեփական ուժերին և չտրվել հեշտ ճանապարհին՝ արտագրությանը, որը կսպանի ձեր մեջ սովորելու ցանկությունը։

Նաև փորձեք ձեր չսիրած առարկայից ստանալ բարձր գնահատական։ Սա շատ արդյունավետ է, քանի որ ձեր ենթագիտակցությունը հասկանում է, որ եթե դուք ստացել եք բարձր միավոր ձեր չսիրած առարկայից, ապա սիրած առարկայից բարձր գնահատականի ապահովումը պատշաճ աշխատանքի դեպքում կլինի ավելի հեշտ։ Չսիրված առարկայից բարձր գնահատականի կարելի է հասնել շատ ճանապարհներով, սակայն ամենաանվնաս ճանապարհը հետևյալն է՝ հասկանալ հանձնարարված թեմայի պատճառահետևանքային կապերը, տրամաբանությունը, իսկ հետո, եթե չհիշեք առանցքային տարրերը, կարող եք անգիր անել որոշ հատվածներ, այստեղ կարևորը մեկ անգամ բարձր գնահատական ստանալն է, որից հետո ամեն ինչ կընկնի հունի մեջ։

Այսպիսով՝ անարդար միջոցների չդիմելու համար շատ կարևոր է, որ դուք ձեր ուղեղի «բողոքավոր և տրտնջացող» հատվածին լռեցնեք, և դրանից հետո ձեր ինքնավստահությունը կբարձրանա, հետևաբար և՝ գնահատականը։

Հաջորդը, որ մենք պետք է հաղթահարենք, նախանձն է մեր դասընկերների ստացած միավորի և նրանց հաջողությունների հանդեպ։ Աշակերտն իր առջև պետք է դնի իրագործելի և ոչ մրցակցային նպատակներ։ Այն աշակերտը, որը ցանկանում է անցնել իր դասընկերներին, միշտ ձախողում է, քանի որ նա ասես մրցավազքի մեջ լինի և առաջ նայելու փոխարեն նայում է հետ՝ իրենից հետ ընկածներին, և ընկնում է անդունդը։

Մեր նպատակները պետք է լինեն մեր կարիքներից բխող։ Կարող է թվալ, որ եթե բարձր գնահատականը մեր կարիքներից է բխում և մենք մրցակցելով անցնում ենք մեր ընկերներին, մենք գնում ենք ճիշտ ճանապարհով, սակայն իրականում դրանք զուգահեռ ճանապարհներ են, որոնք վերջում միանգամից շեղվում են միմյանցից, և մենք այդպես էլ մնում ենք այլոց ինչ-որ բան ապացուցելու տրամաբանությամբ և չենք ստեղծում հստակ ծրագիր՝ հաղթահարելու դժվարությունները և ամուր կամք ձևավորելու, ինչի հետևանքով տրվում ենք գայթակղություններին, մասնավորապես դպրոցում՝ արտագրելու գայթակղությանը։ Այսպիսով՝ տեղի տալով նախանձին՝ շեղվում ենք ճանապարհից և նպատակ ենք դարձնում ապացուցել մարդկանց այն, ինչի ապացուցման կարիքը նրանք չեն ունեցել։

Ինչպես սկզբում նշեցի, այս խորհուրդները, այսինքն՝ վստահություն ձեռք բերելն ու նախանձը վերացնելը, հիմնված են իմ սեփական փորձի վրա։

Վարուժան Մկրտչյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Բլոգ Tag Blog

Tweets by AybSchool
>