«Վիրուսային առասպելներ» կորոնավիրուսից պաշտպանվելու մասին

Այս «արտակարգ» օրերին շատերից եմ խորհուրդներ լսել, թե ինչպես խուսափել կորոնավիրուսից։ Այդ խորհուրդների մի մասն ապատեղեկատվություն է պարունակում, և ես հասկացա, որ ցանկանում եմ գրել այս հոդվածը՝ կարծրատիպերը կոտրելու և «վիրուսային առասպելները» ցրելու համար։

Առասպել 1

«Եթե 10 վայրկյան առանց դժվարության կարողանաք շունչը պահել, ապա ձեզ մոտ կորոնավիրուսի կամ վարակի ոչ մի ախտանիշ չկա»։

Միանշանակ ո՛չ․ շունչը պահելը չի կարող ճիշտ պատասխան տալ, քանզի այն չի կարող ախտանշել՝ արդյո՞ք թոքերում ֆիբրոզ կա, թե՞ ոչ։ Եվ, ավելին, ֆիբրոզը նույնպես չի կարող համարվել COVID-19-ի ախտանիշ։

Առասպել 2

«Տան պայմաններում պատրաստված ձեռքի ախտահանիչները կամ օղին շատ լավ կատարում են իրենց գործը»։

Ցավոք, ո՛չ։ Տան պայմաններում պատրաստված ախտահանիչի բաղադրիչները գուցե մաքրեն անշունչ առարկաները, բայց ո՛չ մարդու մաշկը։ Իսկ շատ օղիներ չեն պարունակում այնքան ալկոհոլ, որ հնարավոր լինի մեծ արդյունավետությամբ ախտահանել մաշկը։

Առասպել 3

«Առարկաների վրա վիրուսը 1 ամսից ավել կարող է պահպանվել»։

Կորոնավիրուսի այլ տեսակներ կարող են վարակիչ լինել պինդ մակերևույթներին (օրինակ՝ մետաղ կամ պլաստիկ) 2 ժամից մինչև առավելագույնը 9 օր։ Նոր տեսակի կորոնավիրուսը, ցավոք, դեռ ամբողջովին հետազոտված չէ, բայց փաստ է, որ այս նոր տեսակն էլ է նույն ժամանակահատվածում գոյատևում անշունչ առարկաների մակերեսին։

Առասպել 4

«Սխտոր ուտելը կօգնի խուսափելու վիրուսից»։

Գիտնականները հաստատել են, որ սխտորը չի կարող կանխել կորոնավիրուսը։ Այո՛, սխտորը և նմանատիպ այլ սննդամթերքներ կարող են և բարձրացնում են մարդու իմունիտետը։ Բայց, ցավոք, կորոնավիրուսի կանխման համար չեն կարող դրական արդյունք տալ։

Առասպել 5

«Ամեն 15 րոպեն մի քանի կում ջուր խմել»։

Նույնպես սխալ է։ Ջուր խմելն առհասարակ միշտ է առողջարար, սակայն այն չի կարող կանխել կորոնավիրուսով վարակումը։ Վիրուսն անցնում է օրգանիզմ ներշնչման ժամանակ` օդակաթիլային ճանապարհով, ուստի ջուրը չի կարող «լվանալ» վիրուսը ձեր օրգանիզմից։

Առասպել 6

«Սովորական բժշկական դիմակներ և ձեռնոցներ կրելը թույլ կտա խուսափել կորոնավիրուսից»։

Սա հատուկ էի թողել վերջում։ Դուք հենց նոր կարդացիք ամենատարածված և ամենամոլորեցնող առասպելը։ Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս դիմակ կրել միայն հիվանդության ախտանիշներ ունեցող մարդկանց և փաստում, որ առողջ մարդիկ չպետք է կրեն այդ դիմակները, քանի որ դրանք առողջներին չեն պաշտպանում։ Առողջ անձը կարող է արդարացված համարել իր դիմակ կրելը միայն այն դեպքում, երբ օրինակ իր տան մյուս անդամն է հիվանդ։ Այդ պարագայում մեծ հաճախականությամբ պետք է ախտահանել ձեռքերը և նվազեցնել ձեռքերով դեմքի հետ շփումը։ Այդպես են անում, օրինակ բժիշկները, ովքեր անընդհատ շփվում են հիվանդների հետ։

Մասնագետը խորհուրդ է տվել նախապատվություն տալ շնչառական դիմակներին, քանի որ դրանք ամուր են հպվում դեմքին՝ փակելով քիթն ու ծնոտը:

Համենայն դեպս, դիմակ կրելիս էլ պետք է շատ հաճախ ախտահանել ձեռքերը ալկոհոլային հիմքով միջոցներով կամ, որ ավելի նախընտրելի է, օճառով, քանի որ ամեն անգամ դիմակն ուղղելիս մենք հպվում ենք մեր դեմքին, իսկ կորոնավիրուսի նոր տեսակից խուսափելու համար անհրաժեշտ է խուսափել դեմքին, մասնավորապես՝ աչքերին, ձեռքով հպվելուց։

ՀԻՇԵ՛Ք

Կորոնավիրուսի ախտանիշներ են չոր հազը և բարձր ջերմությունը։ Չոր հազն ուղեկցում է ձեզ անընդհատ։ Սովորաբար մարմնի 37․8 աստիճան և ավելի ջերմաստիճան ունենալու դեպքում է այն բնորոշ լինում կորոնավիրուսի առաջացրած տենդին։ Եթե ունեք այս ախտանիշները, ապա տանը մնացեք 7 օր, իսկ ընտանիքի անդամները տանը պետք է մնան գոնե 14 օր, որպեսզի, եթե դուք իրոք կորոնավիրուսով վարակված լինեք, այն դուրս գա իր «գաղտնի շրջանից»։ Իսկ եթե ընթացքում ձեր ախտանիշներն ավելի են վատթարանում, ապա միանշանակ պետք է դիմել բժշկի։

Իսկ վերջում՝ պարզապես եղեք լավատես, հաճախ լվացվեք և մնացեք տանը։ Այս երեքի համադրության դեպքում կօգնենք ինչպես մեզ, այնպես էլ՝ բուժաշխատողներին և այլ մարդկանց։

Մնացե՛ք առողջ։

Էլլա Ավագյան, 11-րդ դասարան

Հոդվածը պատրաստելիս օգտվել եմ հետևյալ աղբյուրներից՝

Coronavirus disease (COVID-19) advice for the public: When and how to use masks

Coronavirus disase (COVID-19) advice for the public: Videos

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>