«Ֆ8»-ն իրականացնում է «Բաց արվեստ» լուսանկարչական նախագիծը

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Ֆ8» ակումբն իր ղեկավարի՝ լուսանկարիչ Արեգ Բալայանի հետ իրականացնում է «Բաց արվեստ» նախագիծը, որի նպատակն է՝ բացահայտել մեր կողքին ապրող անհայտ արվեստագետներին՝ երաժիշտ, նկարիչ, լուսանկարիչ, գրող և այլն և նրանց մասին ֆոտոպատմություններ ստեղծել ու տարածել, որպեսզի մարդիկ տեսնեն ու ճանաչեն ժամանակակից արվեստն ու այդ արվեստը կերտողներին և աջակցեն նրանց։

Նախագծի շրջանակում ընտրվել էր ժյուրիի կազմ, որի անդամներն էին «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ղեկավար Վարդան Մկրտչյանը, արվեստաբան Ելենա Այդինյանը և լուսանկարիչ Վահան Ստեփանյանը։ Նրանք էլ իրենց հերթին աշակերտներին առաջարկեցին դիտարկել արվեստով զբաղվող 15 այլ անձանց՝ տարբեր տարիքային խմբերից։ Այս պահին մեր ակումբի անդամները պարբերաբար հարցազրույցներ և հանդիպումներ են կազմակերպում նախագծի մասնակիցների հետ և պլանավորում հետագա անելիքները։

«Բաց արվեստ» նախագծի նպատակներից մեկը նաև ցուցահանդես կազմակերպելն է, որի իրագործման համար ակտիվ աշխատում է մեր ֆոնդահայթայթման թիմը։ Նրանք բարեհաջող ավարտեցին դասընթացների փուլը և հիմա ավարտին են հասցնում իրենց գաղափարները, որոնց միջոցով նախագծի մեջ կներգրավեն տարբեր մարդկանց և ներդրողների, ովքեր կաջակցեն մեզ տարբեր ֆինանսական հարցերում։

Այս ամենից բացի՝ մեր ղեկավարի հետ միասին մենք անցնում ենք լուսանկարչության դասընթաց, սովորում տեսական գիտելիքը, այնուհետև այն կիրառում գործնականորեն, հետաքրքիր փորձարկումներ ենք կատարում, նայում լուսանկարչությանը տարբեր տեսանկյուններից և ծավալում տարբեր քննարկումներ դրա վերաբերյալ։

Էլինա Դանիելյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>