Գնալ դեպի անճանաչելին և լուծել անլուծելին․ հանդիպում Տեր Մեսրոպ քահանա Արամյանի հետ

Ուսուցչի տոնի առիթով «Այբ» դպրոցում հյուրընկալել էինք Տեր Մեսրոպ քահանա Արամյանին։ Տեր հայրր աշակերտների հետ հանդիպմանը խոսեց ուսուցչի դերի և կրթության ապագայի մասին։ Ինչո՞ւ ենք մենք սովորում և ի՞նչ ենք սովորում. տեր հոր կարևոր մտքերի ծաղկաքաղը՝ ստորև։

Ուսուցիչը

Մարդկային բոլոր գործունեությունների մեջ չկա ավելի բարձր գործունեություն, քան ուսուցչի առաքելությունն է, քանի որ այդ անվամբ կոչել են Աստծո Որդուն՝ Հիսուսին։ Սա նշանակում է, որ ուսուցիչն այս կյանքում Աստծո գործն է կատարում։ Յուրաքանչյուր ուսուցիչ կարիք ունի ճշտելու, թե ինքն ինչ կապ ունի Աստծո հետ, այլապես ուսուցիչը դժվար թե կարողանա իրականացնել իր առաքելությունը։

Ապագայի կրթությունը

Հիմա կրթական գործընթացները շատ արագ են ընթանում։ Կարիք կա ամեն ինչ վերանայելու, կարիք կա ինքներս մեզ հարցնելու, թե ինչո՛վ ենք մենք զբաղված։ Եթե մենք ընդամենը կատարում ենք մեքենայական աշխատանք, ապա այդ աշխատանքը շուտով մեքենաները մեզնից լավ կկատարեն։ Ուրեմն պետք է հասկանալ, թե ինչումն է կրթության բուն նպատակը։ Աշխարհում դպրոցների մեծամասնությունը զբաղված է մեքենայական աշխատանքով։ Այսօր լավագույն կորպորացիաներում աշխատելու համար հարկավոր է լինել ստեղծարար, որը դպրոցում կամ համալսարանում չեն սովորում, այն չեն գնահատում, և չկա նույնիսկ դա չափելու գործիք։ Ուստի կրթությունը չի համապատասխանում կյանքի այսօրվա պահանջներին, որի արդյունքում առաջանում է խզում կյանքի ու կրթության միջև։

Այս հիմնախնդրով մենք ուզում ենք ստեղծել նոր կրթական հարթակ, որպեսզի մարդուն այլևս գրպաններ պետք չլինեն, որպեսզի մարդն ամբողջ կյանքում լինի աշխատող և սովորող միաժամանակ։ Այս գործընթացում օգտագործվելու են արհեստական բանականության վրա հիմնված տեխնոլոգիաներ, և գնահատվելու են այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են աշխատանքի ընդունվելու համար, և ոչ թե դպրոցական գնահատականները։

Օրինակ՝ մաթեմատիկան կամ ֆիզիկան չեն ստեղծել դպրոցները, այլ ստեղծել են հանճարեղ մարդիկ, ապա այդ առարկաները որպես գիտություն դասավանդվել են դպրոցներում։ Նախագծային ուսուցումը գիտություն չէ, և այդ ուսուցման ծանրագույն բեռը դպրոցների վրա է։ Իսկ ի՞նչ են անում դպրոցները։ Դպրոցները վերցնում են եղած, հայտնի խնդիրներ, որոնք ունեն իրենց լուծումները, և դրանցից ստեղծում են նախագծեր, որոնց վրա երեխաները ինչ-որ հմտություններ են ձեռք բերում։ Սակայն այդ ուսուցման, նախագծերի մեջ չկա նորարարական ուժ, որը մարդկության հիմնական շարժիչ ուժն է։ Իսկ նորարարությունն առաջանում է այն ժամանակ, երբ փորձում ես լուծել չլուծվածը և գնալ դեպի անճանաչելին։ Այսինքն՝ նախագծային ուսուցումն իրականում լավ բան է, սակայն այն չի լուծում հիմնարար խնդիրներ։ Այս կերպ մերօրյա հասարակությունը ձևավորում է այնպիսի մարդկանց, ովքեր պետք է լուծեն արդեն լուծված խնդիրները։

Ինչի համար ենք սովորում

Շատ դժվար է փոքր երեխային բացատրել, թե ինչու է նա գնում դպրոց։ Գնում է դպրոց, որովհետև պարտադրված է, որովհետև ծնողներն են այդպես որոշել։ Ծնողն ուզում է երեխային դարձնել լավ մասնագետ։ Բայց մենք չգիտենք ապագայի մասնագիտությունները։ Իսկ եթե մենք չգիտենք դրանք, ապա ինչպե՞ս ենք մենք ձեզ (աշակերտներին) ապագայի մասնագետներ դարձնելու։ Ստացվում է, որ մենք կրթության ինքնախաբեությամբ ենք զբաղված։ Մեր նպատակն է, որ երեխաներն իմանան, թե ինչի համար են իրենք կրթվում։ Այսինքն՝ այս համակարգը կրթության պրոցեսը դարձնում է չափազանց հետաքրքիր։

Բացասումների ճանապարհը

Ձևակերպել, որ խնդիրը լուծում չունի, արդեն լուրջ հաջողություն է։ Բացասումների ճանապարհը հոգևոր ճանաչողության մեջ համարվում է շատ ավելի կատարյալ, քան պնդումների ճանապարհը։ Պատկերացրեք մի բան, որը բացարձակապես անճանաչելի է ձեզ համար։ Դրա մասին դուք որևէ պնդում չեք կարող անել, չեք կարող ասել, թե ինչ է դա։ Սակայն բացասման ճանապարհով կարող եք ասել, թե ինչ չէ՛ դա։ Շարունակական բացասումների միջոցով դու բարձրանում ես հոգեպես շատ բարձր մակարդակի, որտեղ ո՛չ բացասումը, ո՛չ պնդումը այլևս չեն գործում, այլ տեղի է ունենում միստիկ միավորումը Աստծո հետ։ Իհարկե, բացասման ճանապարհով խնդիր լուծելն իսկապես հաջողություն է, բայց ձեր ճանապարհին խնդիրները դատարկ բազմություն չեն ունենա, դրանք միշտ կունենան իրենց լուծումները։

Գոհարիկ Ադամյան (12-րդ դասարան)

Tweets by AybSchool
>