Միությունը՝ «Այբ» դպրոցի կարևորագույն արժեք․ հանդիպում տեր Մեսրոպի հետ

Ուսումնական կիսամյակի վերջին հանդիպումը կրկին Տեր Մեսրոպ քահանա Արամյանի հետ էր։ Ավագ դպրոցների աշակերտների հետ զրույցը «Միությունը և փորձությունները» թեմայով էր։ Այդ համատեքստում տեր հայրը խոսեց նաև «Այբ» հիմնադրամի, դպրոցի և մեծ համայնքի մասին: Հնչած մտքերն ամփոփել եմ ստորև։

Մարդը՝ որպես սոցիալական էակ

Մարդիկ տարբեր պատճառներով միավորվում են, ընտանիք կազմում, իսկ ավելի մեծ միավորումների արդյունքում հնարավոր է ազգերի գոյացում: Այս ամենը շատ կարևոր է մարդկային կյանքի համար, քանզի մարդը սոցիալական էակ է, և նույնիսկ Ադամի վիճակը դրախտում ներկայացվում է որպես տխուր վիճակ մինչև Եվայի հայտնվելը: Վերջինիս ստեղծումից հետո է Ադամը դրվում սոցիալական համատեքստում և հենց այդ հայելու մեջ է կարողանում իրեն լիարժեք ու ճշգրիտ տեսնել: Սակայն նախևառաջ կարևոր է հասկանալ՝ ինչպես են մարդիկ միավորվում և ինչ փորձությունների են հանդիպում այդ ճանապարհին:

Միությունը ՝ «Այբ» դպրոցի կարևորագույն արժեք

Մարդկանց մեջ պատկերացում է առաջացել, որ «Այբ»-ը երկու-երեք հոգու գործունեության արդյունք է։ Իրականում այն մի մեծ ուժ է, որով մարդիկ միավորվել են բարին ստեղծելու համար, և դրանից ծնվել են մեծ պատմություններ, իսկ «Այբ» դպրոցն այդ մեծ պատմություններից մեկն է: Եվ շատ ավելի մեծ պատմություններ կսկսվեին իրագործվել, երբ «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը մուտք գործեր հանրակրթական դպրոց, ինչը դեռևս տեղի չի ունեցել, սակայն հաղթել մի համայնքի, որն ունի հավաքական ուժ և միավորված է արժեքներով, չհաջողվեց: «Այբ»-ի հաջողության բանալին այն է, որ զուրկ է անձնականացումից: Այս պատկերացումը, բնականաբար, չունեին այն մարդիկ, ովքեր ձեռնարկել էին հարձակումը մեզ վրա, և նրանք բնականաբար պարտվեցին:

Փորձությունները՝ նոր հաջողությունների սկիզբ

Ժամանակակից աշխարհում մարդկանց ուրախության պատճառները հաճախ անիմաստ են: Ու դրան զուգահեռ մարդկային կյանքում կա տառապանք, ցավ, և առանց դա իմանալու և դրա դեմ ճիշտ պայքարելու մենք չենք կարող ձևավորվել որպես բանական էակներ: Մարդկային կյանքը դրամա է` չարություն, իսկ հետո՝ բերկրանք ու մեծ ուրախություն։

«Այբ»-ի վերջին տարիների ուղին ևս լի էր փորձություններով, բայց մենք մեծապես շահել ենք այդ ամենից: Եթե դու փորձությունների մեջ ճիշտ ես մտնում, հավատով և համբերությամբ, վերջիվերջո հաղթում ես: Ուրախալի և հպարտանալու փաստ է, որ այս տարի ամենաշահեկան տարին էր «Այբ»-ի կյանքում թե՛ ծրագրերի առումով, թե՛ համայնքի ու դրամահավաքի ընդլայնման ծավալներով: Մեր աճը ոչ թե երեք կամ հինգ տոկոս է, այլ մենք ունենք մի քանի անգամ բազմապատկված հաջողություններ: Ահա թե ինչ է կատարվում, երբ մինչև վերջ հավատում ես և երբեք չես գնում չարիքի հետ բանակցությունների: Եվ սա մեզ տանում է դեպի նոր բարձունքներ:

«Այբ»-ի կարևորագույն առաքելությունը

«Այբ»-ի առաքելությունն այնպիսի սերունդ ձևավորելն է, որը կունենա համագործակցության հմտություններ՝ խմբերում և համայնքներում: Եվ մեր աշակերտներին տարբերում են հենց դրանով: Մենք այս տարիների ընթացքում կարողացել ենք ներդնել միասնականության և միասին մտածելու, աշխատելու և գործելու հնարավորությունների մշակույթ: Ուրախալի փաստ է, որ «Այբ»-ի երեխաները պատրաստ են ստանձնելու սոցիալական պատասխանատվություն և միասին աշխատելու: Հենց այսպիսի համագործակցային մշակույթի ներդրումից է սկսվում համայնքի ձևավորումը: Իսկ ճիշտ կրթված համայնքները նրանք են, որոնցից կերտվում է մի ամբողջ ժողովուրդ, քանի որ հենց այդպիսի համայնքներն են լուսավորում ժողովրդի կյանքը: Այդպիսի մի ուժեղ մշակութային օջախ արդեն իսկ ստեղծված է ի դեմս «Այբ»-ի:

Քսենյա Մուրադյան

12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>