Տարեք «Այբ»-ը ձեզ հետ․ 8-րդ սերնդի ավարտական հանդիսությունը

Տեղի ունեցավ «Այբ» դպրոցի 8-րդ սերնդի ավարտական հանդիսությունը առցանց ZOOM հարթակում։ Միջոցառումը հեռարձակվեց նաև YouTube-ում, ինչի շնորհիվ «Այբ»-ի ավարտական հանդիսավոր արարողությանն առաջին անգամ հնարավորություն ունեցան իրական ժամանակում հետևել տարբեր երկրներից հարյուրավոր այբեցիներ և «Այբ»-ի գաղափարակից ընկերներ։

Համավարակի և արտակարգ դրության պայմաններում «Այբ» դպրոցը հաջողությամբ կազմակերպեց այբական ամենակարևոր և խորհրդանշական միջոցառումը։ Այս տարի այն առանձնահատուկ էր ոչ միայն առցանց ձևաչափով, այլև ներդրված նոր բաղադրիչներով։ Մասնավորապես, «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդում առաջին անգամ ներկայացուցիչ ունի շրջանավարտների համայնքը ի դեմս Արիս Բերբերյանի։ Նա հանդիսությանը մասնակցեց՝ Արամ Փախչանյանի հետ 8-րդ սերնդի շրջանավարտներին շնորհելով «Այբ»-ի շրջանավարտի կոչում և հաստատելով նրանց «Այբ»-ի մենտորության ծրագրում։ Այդպիսով՝ կյանքի կոչվեց այբական ևս մեկ նպատակ, այն է՝ ապահովել սերունդների հաջորդականությունը։ Ինչպես գործադիր տնօրեն Արամ Փախչանյանը նշեց իր ուղերձում,

«Մեր կյանքն անցնում է մեծ ու փոքր ճգնաժամերով։ Այդ պահերը փաստում են, որ ոչինչ կանխորոշված չէ։ Բայց նաև նշան է նրա, որ մարդիկ օժտված են կամքի ազատությամբ, և Աստված մեզ ստեղծել է ինքնուրույն ընտրելու մեր անելիքները և մեր ապագան։ Այդ պահերին է, որ մենք որոշում ենք մեր ով լինելը, ում հետ լինելը, վերագնահատում ենք մեր անցած ճանապարհը և այլ լույսի ներքո տեսնում մեր վաղվա օրը։ Ճգնաժամին պետք է նայել ապագայի աչքերով․ ներսից դրանք ծանր են, հուսահատեցնող պահերով։ Բայց կյանքի փորձը մեզ հուշում է, որ փոթորիկները վաղ թե ուշ խաղաղվում են, և վաղվա օրը կբացվի պայծառ արևի ներքո։ Այն, թե ինչպես մենք կդիմավորենք այդ օրը, կախված է դժվար պահին կայացված ծանր որոշումներից, անորոշության և խառնաշփոթի մեջ վաղվա լույսը տեսնելու և այդ լույսով առաջնորդվելու մեր կարողությունից, մեր կամքից և մեր ամրությունից։ Իսկ այդ ամենը իր հերթին խարսխված է մեր արժեքների և ներքին ազատության վրա։

Այս տարվա փորձությունները ցույց տվեցին, որ մեր արժեքները ճշմարիտ են, որ մեր համայնքը ուժեղ է իր ամեն անդամի արժանիքներով, միասնությամբ և ապագայի իր տեսլականով։ Մենք կայուն ենք և պատրաստ միասին հաղթահարելու դժվարությունները և փորձությունները։ Մեզ այս ճգնաժամը միավորեց և ավելի ուժեղ դարձրեց։ Մենք աշխատեցինք միասին և գտանք նոր ճշմարտություններ, ստեղծեցինք նոր իրողություն և դրանով պայմանավորեցինք մեր ապագայի զարգացումները։ Մենք ձևավորեցինք ապագայի կրթության նոր տեսլական և հաստատակամ ենք այն դարձնելու իրականություն։

Մեկ անգամ միանալով «Այբ»-ին՝ անհնարին է հեռանալ։ Սիրելի՛ շրջանավարտներ, «Այբ»-ը ձերն է ավելի, քան մերը։ Տարե՛ք «Այբ»-ը ձեզ հետ, տարածե՛ք աշխարհով, զարմացրե՛ք ձեր իմացությամբ»։

Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Ռուբեն Հարությունյանն իր հերթին շնորհակալական խոսք ուղղեց ծնողներին․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ծնողներին, որ ընտրեցին «Այբ»-ը ձեր ուսման համար։ «Այբ» դպրոցը բոլորի համար ուժի տեղ է։ Մի տեղ, որտեղ երազանքներն իրականանում են։ Ի վերջո, մենք բոլորս գիտենք, որ «Այբ» դպրոցը ստեղծվել է երազանքի շնորհիվ։ Թող ձեր բոլոր երազանքներն իրականություն դառնան»։

Հանդիսավոր առցանց արարողությանը շրջանավարտներին ուղերձ հղեց նաև «Այբ»-ի բարերար Կարեն Մուսայելյանը՝ նշելով․ «Սա ձեր կյանքի ջրբաժան տարին է։ Դուք սկսում եք ձեր անկախ ճանապարհը, որի վրա պետք է սովորեք ճանաչել աշխարհը, ըմբռնել և վերափոխել՝ ընթացքում գտնելով ձեր տեղը, ձեր ձայնը, ձեր դերը, հայտնաբերելով և իրականացնելով ձեր ներուժը։ Հին հույները ասացվածք ունեն՝ «Ճանաչիր ինքդ քեզ»։ Ձեր երիտասարդ կյանքում դուք պետք է ձեզ հայտնաբերեք և որոշեք՝ դուք ով եք և ինչ եք»։

«Այբ»-ի մեծ ընտանիքը համալրվեց 70 պայծառ անհատականություններով, որոնք ընդգրկվեցին նաև մենտորության ծրագրում և ստացան հավաստագրեր։ Այսպիսով՝ «Այբ» դպրոցն այժմ ունի 370 շրջանավարտ։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>