Մենք ապրում ենք Դեն Բրաունի վեպում

Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աշխարհում նոր կորոնավիրուսի տարածման պատճառով հայտարարեց համաճարակ: Գիտնականները փորձում են հասկանալ նոր կորոնավիրուսի առաջացման պատճառները, գտնել հակավիրուսը: Որոշ մարդիկ պնդում են, որ այն մարդածին է ու քաղաքական բնույթ ունի, այլք կարծում են, որ այն փոխանցվել է մարդուն կենդանիներից, իսկ շատերը համակերպվել են այն մտքին, որ աշխարհի վերջն է:

Նոր կորոնավիրուսի առաջացման ու տարածման պատճառների վերաբերյալ նմանատիպ քննարկում էլ ընթանում էր 12-րդցիների ֆեյսբուքյան չատում, երբ աշակերտներից մեկը խոսեց «Ինֆեռնո» ֆիլմի մասին ու նմանություն տեսավ ներկա իրավիճակի հետ:

Դեն Բրաունի համանուն վեպի հիման վրա 2016 թվականին նկարահանված «Ինֆեռնո» ֆիլմում գլխավոր դերակատարը Թոմ Հենքսն է: Ի դեպ, նրա ու կնոջ մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Ֆիլմում դեպքերը տեղի են ունենում Իտալիայում: Ներկայումս Իտալիան ամենաշատ մահացածություն ունեցող երկիրն է: Հետաքրքիր զուգադիպությո՞ւն: Նման զուգադիպությամբ հանրաճանաչ Սիմփսոնները Դոնալդ Թրամփի նախագահությունն ու Փարիզի Աստվածամոր տաճարի այրումը կանխագուշակելուց հետո 27 տարի առաջ ներկայացրել են Ճապոնիայից ամբողջ աշխարհում տարածված «Օսակա» գրիպը:

Ինչևէ, մի փոքր խոսենք վերոնշյալ «Ինֆեռնո»-ից: Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Լինգդոնին հանձնարարվում է գտնել մեծահարուստ գիտնական Բերտրանդ Զոբրիստի ստեղծած վիրուսը: Զոբրիստը ստեղծել էր վիրուսը աշխարհի գերբնակեցման խնդիրը լուծելու համար: Թեև նա հանճարեղ գիտնական էր, տարված էր իտալացի գրող Դանթե Ալիգիերիի գաղափարներով: «Ինֆեռնոն», որը իտալերենից թարգմանաբար նշանակում է դժոխք, Դանթեի հայտնի ստեղծագործության՝ «Աստվածային կատակերգության» առաջին գլխի վերնագիրն է: Այսինքն՝ Զոբրիստի նպատակը վիրուսի միջոցով համամարդկային աղետի ստեղծումն էր: Բարեբախտաբար Լինգդոնին հաջողվում է գտնել վիրուսի էպիկենտրոնը և ոչնչացնել Զոբրիստի ծրագրերը:

Տպավորություն է ստեղծվում, թե հայտնվել ենք Դեն Բրաունի վեպում: Այժմ մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ չենք կարող Սիմփսոնների նման կանխատեսել հաջորդ իրադարձությունը: Վարակված մարդկանց թիվն օրեցօր աճում է: Բայց չի նշանակում, որ պետք է խուճապի մատնվենք: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և տարբեր երկրների առողջապահության նախարարություններն անում են հնարավոր ամեն ինչ կորոնավիուսի դեմ պայքարում: Մեզ մնում է միայն մնալ տանն ու փրկել աշխարհը:

Եվ վերջում՝ Հոլիվուդը պատրաստվում է համաճարակի նահանջից հետո ֆիլմ նկարահանել կորոնավիրուսի մասին ՝՝The Secret of the Crown՝՝ վերնագրով:

Հիշեցում

Մնա՛ տանը: Դուրս արի միայն հրատապ դեպքերում: Լվա՛ ձեռքերդ: Մի՛ մոռացիր ախտահանել քեզ շրջապատող իրերը: Պարտաճանաչորեն մասնակցի՛ր հեռահար դասերին: Եղի՛ր լավատես:

Օֆելյա Սմբատյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Բլոգ Tag Blog

Tweets by AybSchool
>