Տեղեկատվական «հիգիենայի» պահպանման պարզ կանոններ

Մեր ժամանակների պատերազմները, հակամարտությունները, սահմանային բախումները, ինչ անուն էլ, որ դրանք ունենան, ուղեկցվում են նաև կիբերմարտերով։

Սահմանային լարվածության պահերին ակտիվանում են հակառակորդի կիբերհարձակումները, և սկսվում է տեղեկատվական պատերազմ։ Ցավոք, այս պատերազմի «զոհ է» դարձել նաև իմ ֆեյսբուքյան էջը։ Երեկ տեղեկացա, որ ընկերներիցս մի քանիսը նույնպես ենթարկվել են կիբեր-հարձակման։ Իսկ ի՞նչ պետք է անել չհայտնվելու համար այն իրավիճակում, որում ես էի հայտնվել։

Փորձել եմ ի մի բերել մասնագետների խորհուրդները։ Ահա տեղեկատվական «հիգիենայի» մի քանի կանոն, որոնց պարտավոր ենք հետևել բոլորս։

  • Պաշտպանե՛ք Ձեր գաղտնաբառերը։

Ձեր սոցիալական էջերի գաղտնաբառերը չպետք է կրկնվեն։ Դրանք պետք է ներառեն տարբեր նշաններ, տառեր և թվեր։ Սրանից բացի, դուք կարող եք կրկնակի մեծացնել ձեր ֆեյսբուքյան էջի անվտանգությունը, եթե հետևեք ներքոբերյալ քայլերին։

- Մտեք կարգավորումների (settings, настройки) բաժին։

- Ընտրեք «Անվտանգություն և մուտք» (security and login, безопасность и вход) ենթաբաժինը։

- Այնուհետև միացրեք երկփուլանի վավերացումը (two-factor authentification, использовать двухфакторную аутентифиикацию)։

  • Հետևեք միայն պաշտոնական լրահոսին։

Ներկա պահին շատ են խուճապ առաջացնող նյութերը։ Պետք չէ դրանք կարդալ և առավել ևս տարածել։ Այդպիսի բնույթ ունեցող հրապարակումները հաճախ ստեղծված են լինում հակառակորդի կողմից և ոչ միայն նպատակ ունեն ազդելու ձեր հոգեբանական վիճակի վրա, այլև կարող են «որսալ» ձեր հաշիվները, ինչը վնասակար է թե ձեր, թե երկրի տեղեկատվական անվտանգության համար։ Հեռո՛ւ մնացեք «Եղբայրս բանակում է ծառայում․․․» և ցնցող այլ վերնագրեր պարունակող, տարօրինակ ու անծանոթ անվանումներ ունեցող էջերից, կայքերից։ Ծուղակ են նաև «հրատապ» «բարի լուրերը», որոնք ունեն ոգևորող վերնագրեր, բայց նենգ նպատակներ։

Մի քանի պաշտոնական էջերի հղումներ, որոնց ցանկալի է հետևել

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ Կառավարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյան

Տեղեկատվության ստուգման հարթակ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

  • Մի՛ անցեք անծանոթից եկած որևէ հղմամբ։

Այս օրերին սոցիալական էջերի մեծ մասը կոտրվում է հղումների միջոցով։ Մի՛ անցեք ոչ մի հղմամբ և հեռո՛ւ մնացեք անծանոթ մարդկանցից եկած նամակներից։ Ուշադիր եղեք էջերի անվանումներին՝ Facebok, Instagram և այլն․․․ սրանք ձեզ ծանոթ սոցիալական կայքերը չեն։ Մի՛ պատասխանեք անծանոթ համարներից եկած զանգերին, առավել ևս, երբ դրանք այլ երկրից են։ Ոչ մի դեպքում մի՛ փոխանցեք ձեր անձնական տվյալներն անծանոթին, առհասարակ ո՛չ մեկին մի փոխանցեք։

  • Մի՛ ներմուծեք գաղտնաբառերն այլ հարթակներում։

Տարբեր էջեր, ծրագրեր կամ խաղեր ներբեռնելուց հետո ձեզնից կարող են պահանջվել սոցկայքերի գաղտնաբառեր։ Մի՛ ներմուծեք դրանք ոչ մի այլ հարթակում։

  • Հրաժարվե՛ք mail.ruից։

Ցանկալի է հրաժարվել mail.ru-ից։ Մի՛ փոխանակեք փաստաթղթեր, անձնագրի տվյալներ mail.ru-ի միջոցով։ Տեղափոխվեք gmail.com: Gmail-ն ավելի ապահով է և քիչ է հավանական, որ կվաճառի իր օգտատիրոջ տվյալները։ Բացի դրանից, gmail-ի հաշիվ կոտրելն ավելի դժվար է, քան, օրինակ, mail.ru-ինը։

  • Իսկ ի՞նչ անել, եթե արդեն ենթարկվել եք կիբերհարձակման։

«Ինստագրամը» և «Ֆեյսբուքը» ունեն հատուկ բաժին, որի միջոցով դուք կարող եք տեղեկացնել ձեր էջի կոտրված լինելու մասին։ «Ինստագրամի» դեպքում պետք է անցնեք այս հղումով՝ https://help.instagram.com, և հերթով կատարեք նշված քայլերը։ «Ֆեյսբուքի» դեպքում պետք է անցնել այս հղումով՝ https://facebook.com/hacked։

Եղե՛ք զգոն և մի՛ մատնվեք խուճապի։

Խաղաղությո՛ւն բոլորիս։

Էլինա Դանիելյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>