«Սովորում եմ աշխատելով»․ աշխատանքի տոնավաճառ ավագ դպրոցի աշակերտների համար

Տեղի ունեցավ ամենամյա «Սովորում եմ աշխատելով» աշխատանքի տոնավաճառը։ Նախագծի միջոցով «Այբ» ավագ դպրոցի աշակերտները հնարավորություն ունեն առաջին ձեռքից ծանոթանալ հայաստանյան աշխատաշուկային։

Ծրագրի շրջանակում դպրոցի հետ համագործակցում են տարբեր ոլորտներ ներկայացնող Հայաստանի առաջատար ընկերություններ, որոնք կարճ դասընթացների և սեմինարների միջոցով ներկայացրեցին իրենց ոլորտները, կազմակերպությունների գործունեությունը։

Սեմինարներ անցկացրեցին նաև Հայաստանում և արտերկրում սովորող ու աշխատող «Այբ»-ի շրջանավարտները։ Այբական աշխատանքի տոնավաճառին մասնակից կազմակերպություններից շատերը հնարավորություն են տալիս երեխաներին փորձաշրջան անցնել իրենց կազմակերպությունում։ Միջոցառումն անցկացվեց առցանց, այն կազմակերպում է «Այբ» դպրոցի մասնագիտական կողմնորոշման բաժինը։

Մերի Ղուլյանը եւ Լիանա Պողոսյանը պատմում են, թե ինչ տվեց այս ծրագիրը, ինչու էին ցանկանում մասնակցել, որքանով այս ծրագիրը նպաստեց մասնագիտության ընտրության հարցում։

- «Սովորում եմ աշխատելով». ինչու՞ որոշեցիք մասնակցել այս ծրագրին, ի՞նչ ակնկալիքներ ունեիք:

Մերի: Անունն արդեն հուշում էր, որ այս միջոցառման ընթացքում հնարավորություն էինք ստանալու տեսականը գործնականի վերածել: Բացի այդ՝ Հայաստանի առաջատար ընկերությունների հետ հանդիպումները օգնում են մեզ ոչ միայն ուսումնասիրել փորձառու մարդկանց շնորհիվ իրենց մասնագիտական ոլորտները, այլև ծանոթանալ Հայաստանում աշխատանքային հնարավորություններին:

Լիանա։ Այս միջոցառումը լավ հնարավորություն էր ծանոթանալու Հայաստանում գործող մեծ կազմակերպությունների հետ, հասկանալ իրենց աշխատանքային գործունեությունը և գտնել այդ կազմակերպություններից մեզ համար նախընտրելին։ Նաև հնարավորություն էր տրվում անցնել պրակտիկա։

- Ի՞նչ տվեց ձեզ այս սեմինարների շարքը:

Մերի: Անձամբ ինձъ մոտիվացիա: Հանդիպել հայ մասնագետների և լսել, թե ինչպես են նրանք սիրով պատմում իրենց աշխատանքային առօրյայի մասին... Սա ստիպում է շարունակել սովորել, աշխատել կամքի ուժի վրա և ակամա բերում մտքին «Եթե նրանք կարողացել են, կկարողանամ նաև ես»:

Լիանա։ Ես ավելի լավ պատկերացում կազմեցի մարքեթինգի, բիզնեսի ոլորտների մասին, քանի որ լսում էի մասնագետների, ովքեր կիսվում էին իրենց փորձով, բացի այդ շատ մոտիվացվեցի։

- Իսկ որքանո՞վ «Սովորում եմ աշխատելով» միջոցառումը օգնեց ձեզ մասնագիտական կողմնորոշման հարցում:

Մերի: Որոշել էի, որ պետք է շարունակեմ կրթությունս գիտական ուղղությամբ, բայց, թե կոնկրետ որ ուղղությամբ, դեռ չէի կողմնորոշվում: Միջոցառման ընթացքում ծանոթացա 2 շատ հետաքրքիր ճյուղերի՝ կենսաինֆորմատիկայի և բժշկական նանոտեխնոլոգիայի հետ: Եթե անգամ չեք որոշել, թե ինչպիսին պետք է լինի ձեր ապագա մասնագիտությունը, սա հիանալի հնարավորություն է տարբեր ոլորտներ ուսումնասիրելու և մասնագիտական կողմնորոշման ճանապարհին առաջընթաց գրանցելու համար:

Լիանա։ Հաշվի առնելով,որ ես մասանգիտությանս հարցում արդեն կողմնորոշված էի, ավելի ամրապնդեց դիրքորոշումս և մոտիվացրեց։ Ես ընտրել էի իմ մասնագիտությանը՝բիզնես,մարկետինգ, համապատասխան սեմինարներ և դրանք տվեցին շատ հետաքրքիրտեղեկություն, խոսնակները կիսվեցին իրենց փորձով և այս ամենը ավելի պատկերավոր դարձրեց այն, թե ինչ է սպասվում ինձ ապագայում։

- Խոսնակների շարքում էին նաև «Այբ» դպրոցի շրջանավարտները. ի՞նչ զգացիք՝ հանդիպելով նույն դպրոցն ավարտած ձեր ավագ ընկերներին:

Մերի: Հիացմունք, հպարտություն, մոտիվացիա: Չէ՞ որ նրանք անցել են նույն ճանապարհը, իսկ այժմ խորհուրդներ են տալիս մեզ, որոնք, վստահ եմ, մեզ ապագայում շատ կօգնեն:

Լիանա։ Ես շատ ուրախացա և հպարտացա իրենցով, քանի որ նրանք հասել են իրենց նպատակներին։ Ինչպես նաև իրենց տեսնելը էլ ավելի մոտիվացրեց ինձ և վստահ եմ, որ ես նույնպես կարող եմ հասնել իմ նպատակներին։

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>