«Կաքավագիրը» հյուրընկալվեց «Ապրի Արմենիա» կազմակերպությունում

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Կաքավագիր» ակումբը հրավիրված էր «Ապրի Արմենիա» կազմակերպություն՝ ներկայացնելու ակումբի գործունեությունն ու առաքելությունը, ինչը յուրահատուկ անակնկալ դարձավ աշխատակիցների համար:

«Ապրի Արմենիան» բարեգործական ծրագրեր իրականացնելու նպատակով միավորել է Հայաստանի ու սփյուռքի բանիմաց և մտահոգ հայերի՝ ի նպաստ Հայաստանի զարգացման: Իսկ «Կաքավագիր» ակումբի անդամ աշակերտները գրի են առել հայոց ավանդական պարեր` դրանք սերնդեսերունդ փոխանցելու նպատակով:

Հայոց պարերի պատշաճ ցուցադրության և դրանց միջոցով հայի հոգեկերտվածքի փոխանցման համար ներգրավվեց նաև դպրոցում գործող ավանդական պարի խումբը՝ «Այբարը», որն էլ ազդարարեց միջոցառման սկիզբը «Շավալի» և «Խոշ բիլազիգ» պարերով։ Դրանց հաջորդեց խմբի և ակումբի ղեկավար Գագիկ Գինոսյանի խոսքը։ Նա մեկնաբանեց ներկայացված պարերը, անդրադարձավ դրանց ծիսական նշանակությանը, ինչպես նաև խոսեց հայի կենցաղում պարի դերի և կարևորության մասին:

«Կաքավագրի» անդամները պատմեցին Սրբուհի Լիսիցյանի՝ պարերի գրառման համար ստեղծած համակարգի մասին՝ շեշտադրելով դրա կարևորությունը մեր օրերում։ Ապա աշխատակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ակումբի թողարկած «Պարագրաֆ» գրքույկին և հետաքրքրությամբ գտան այդտեղ զետեղված մի առաջադրանքի պատասխանը: Ակումբի անդամները ներկայացրին նաև գրառման համակարգի հիմնական բաղադրիչները (ոտնահետքեր, զսպանակներ, ոտքեր, գլուխ, իրան և ձեռքեր, ռիթմ և երաժշտություն) և դրանցից յուրաքանչյուրի պատկերման նշանները։ Այդպիսով ներկաները ծանոթացան և ընդհանուր պատկերացում ստացան համակարգի մասին։ Ոգևորող էր կազմակերպության անդամների հետաքրքրվածությունը, որը հատկապես երևում էր ուղղվող հարցերից:

Միջոցառումն ամփոփվեց «Այբար» խմբի ներկայացրած ևս մեկ պարով՝ ոգեղեն Կարնո քոչարիով և դրան հաջորդած «Իշխանաց» պարով, որի ժամանակ խմբին միացան նաև ակումբի անդամները և ղեկավարը: Հանդիպման միջոցով «Կաքավագիրն» ու «Այբարը» աշխատակիցների համար մի նոր ոլորտ բացահայտեցին՝ հայ մշակույթի մի գողտրիկ գիտական անկյուն, և հեռանալով, թողեցին նրանց վառ տպավորություններ, հայ ազգային ոգու մի մասնիկ և, իհարկե, «Պարագրաֆ» գրքույկը։

«Կաքավագիր» ակումբ

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>