Վերջինզանգյան ետնաբեմ․ ինչպես 8-րդ սերունդն ընդունեց «արտակարգ» մարտահրավերը

Առցանց հարթակում տեղի ունեցավ «Այբ» դպրոցի 8-րդ սերնդի խորհրդանշական Վերջին զանգը: 1,5 ժամանոց ֆիլմը բավականին մեծ արձագանք ստացավ թե՛ դպրոցի աշխատակազմի, թե՛ առհասարակ բոլոր դիտորդների կողմից: Այդ հումորային և միևնույն ժամանակ հուզիչ ֆիլմը բազմաթիվ անքուն գիշերների, անհամաձայնությունների, փոքրիկ վեճերի, մի խոսքով՝ հսկայական աշխատանքի արդյունք է:

Հաճախ մեր հասակակիցները կամ բարեկամները զարմանում են, երբ ասում ենք, որ մեր սիրելի դպրոցում զանգ չկա, գրքեր չկան, նույնիսկ դասղեկ չունենք: Բայց ամենից զարմանալին Վերջին զանգի՝ հենց աշակերտների կողմից կազմակերպվելու փաստն է լինում: Այս տարի աշակերտների աշխատանքն է՛լ ավելի բարդ էր: Համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով ավանդական Վերջին զանգի տարբերակը չէր կարող իրականություն դառնալ, իսկ 8-րդ սերունդը հենց այնպես, առանց հրաժեշտի չէր կարող մտնել ուսանողական կյանք: Անհրաժեշտ էր այլըտրանք գտնել: Սկզբում մտածում էինք համարյա պատրաստի սցենարը օգտագործել՝ բացօթյա տարածքում կազմակերպելով արարողությունը: Սակայն համաճարակի սաստկացումն ու կանխարգելիչ միջոցների խստացումը առցանց Վերջին զանգից բացի այլ տարբերակ չթողեցին: Ստիպված էինք նոր սցենար գրել, հարմար ձևաչափ մտածել, նկարահանումներ կատարել՝ պահպանելով անվտանգության կանոնները, ֆիզիկական հեռավորություն և կրելով դիմակներ:

Սկսվեցին «դաժան» հանդիպումները: Հեռավար դասերին դեռ լիովին չէինք հարմարվել, քննություններից տեղեկություն չունեինք, շատերն էլ ընդունելության քննություններին պետք է պատրաստվեին: Հենց այս իրավիճակում սկսեցինք նոր սցենար գրել: Հաճախ ժամերով համակարգչի դիմաց էինք մնում՝ մինչև ուշ գիշեր քննարկելով մեր անելիքը: Բնականաբար շատ անհամաձայնություններ կային, շատ տարբերակներ ու տեսակետներ, ինչն է՛լ ավելի էր դժվարացնում աշխատանքը: Բայց ի վերջո կարողացանք ընդհանուր հայտարարի գալ ու լավ արդյունք ստանալ:

Սկսվեց աշխատանքի երկրորդ փուլը՝ նկարահանումները: Որոշ կադրեր արդեն ունեինք դեռ կանխարգելիչ միջոցների խստացումից առաջ: Մնացած կադրերը ստիպված էինք նկարել դիմակներով ու միմյանցից սոցիալական հեռավորություն պահելով: Նկարահանումներին էլ ուղեկցում էին մոնտաժի անքուն գիշերները: Այդ հարցում, իհարկե, շատ շնորհակալ ենք դպրոցի աշխատակիցներին, որ հնարավոր ամեն ինչ արեցին մեզ օժանդակելու համար․ ապահովեցին տեսախցիկներով ու անհրաժեշտ բոլոր պարագաներով:

Այս ամենի արդյունքում մենք ստացանք վերոհիշյալ ֆիլմը, որն «Այբ»-ում մեր հիշողություններով առատ կյանքի մի փոքր մասն է միայն ներկայացնում: Իհարկե այսպես չէինք պատկերացնում մեր Վերջին զանգը, բայց հպարտ ենք, որ կարողացել ենք պատվով ընդունել մարտահրավերը: Ի վերջո մեր Վերջին զանգն ամենայուրօրինակն ու աննախադեպն էր իր տեսակով:

8-րդ սերնդի ներկայացուցիչ Օֆելյա Սմբատյան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>