Մեկ օր Ժամանակակից արվեստի թանգարանում

«Այբ» ավագ դպրոցի աշակերտները այս անգամ գնացել էին բացահայտելու Ժամանակակից արվեստի թանգարանը: Թանգարանը հիմնադրել է 1972 թ. արվեստաբան Հենրիկ Իգիթյանը:

Աշակերտներն այցելեցին թանգարան, ծանոթացան ժամանակակից արվեստը ներկայացնող յուրահատուկ ստեղծագործություններին։ Հատկապես ուշադրություն դարձրին անվանի նկարիչներ Հակոբ Հակոբյանի, Մինաս Ավետիսյանի, Հովհաննես Սեմերջյանի, Գառզուի և այլ հայտնի հայ արվեստագետների ստեղծագործություններին։ Թանգարանն ունի իր յուրահատուկ դեմքը և տարբերվում է նմանատիպ այլ թանգարաններից, քանի որ այստեղ ներկայացված են ոչ միայն հայ հայտնի արվեստագետների, այլ նաև երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներ։ Աշակերտներից ոմանք առաջին անգամ էին նմանատիպ թանգարանում: Այցից հետո նրանք կիսեցին իրենց տպավորությունները՝ ասելով, որ հետաքրքիր էր տեսնել հատկապես հայ ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունները՝ հավաքված մեկ վայրում: Հայ նկարիչների աշխատանքներում աշակերտները նկատեցին, որ այստեղ կողք կողքի ներկայանում են ինչպես հայկական բնության վառ գույները, այնպես էլ՝ երբեմն դաժան իրականության մռայլությունը։ Ցուցադրված էին նաև աբստրակտ ոճի ստեղծագործություններ, որոնք յուրաքանչյուրը կարող էր տարբեր ձևով ընկալել՝ կախված իր տրամադրությունից։ Օրինակ՝ միևնույն նկարում մեկը տեսնում էր անձրևող երկինք, իսկ մյուսը՝ ռմբակոծվող դաշտեր։ Հետաքրքիր էին նաև Արևիկ Արևշատյանի և Ռուբեն Գրիգորյանի սյուրռեալիստական նկարները։ Աշակերտները թանգարանից դուրս եկան մեծ տպավորություններով և սկսեցին ակտիվ քննարկել նկարիչներին ու նրանց նկարները:

Սաթենիկ Դավթյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>