Համախմբված ծնողական համայնքն «Այբ»-ի ամենակարևոր ձեռքբերումներից է։
«Այբ»-ում արդեն ավանդույթ են դարձել ծնողական հավաքները, երբ մի հարկի տակ հավաքվում են մեր աշակերտների ծնողները: Ապրիլի 4-ին կայացավ «Դասերից դուրս՝ դպրոցի ներսում» միջոցառումը՝ «Այբ»-ի ծնողական համայնքի հետ շատ սպասված հանդիպումը: Դասերից հետո դպրոցն իր դռները բացել էր միայն ծնողների համար, որոնք ոչ միայն ծանոթացան միմյանց հետ ու դպրոցական միջավայրում հաճելի ժամանակ անցկացրին, այլև հնարավորություն ունեցան հենց տնօրեններից լսելու դպրոցի կարևոր նորություններն ու հարցեր ուղղելու նրանց։ Ծնողները մեր համայնքի կարևոր մասն են, և նրանց ներգրավվածությունը դպրոցի կյանքում միտված է համագործակցային միջավայրի ձևավորմանը և նպաստում է մեր երեխաների կրթության արդյունավետ կազմակերպմանը։
Հանդիպման ընթացքում անցկացվեց նաև աշխատանքային քննարկում, որտեղ անդրադարձ կատարվեց դպրոցի և ծնողական համայնքի գործակցության ամրապնդմանը, ներհամայնքային կապերի խորացմանը և այլ կարևոր հարցերի։
Երեկոյից անպակաս էր, իհարկե, ազգային պարը՝ խորհրդանշելով համագործակցության ու միասնականության ոգին։