«Այբ»-ի աշակերտները՝ PASCH նախաձեռնության կրթաթոշակային մրցույթի հաղթողներ

«Այբ» դպրոցի աշակերտներն իրենց գիտելիքներով և ստեղծարար մոտեցմամբ շարունակում են փայլուն արդյունքներ գրանցել միջազգային կրթական հարթակներում։ Այս անգամ ավագ դպրոցի աշակերտները հաղթել են գերմանական PASCH նախաձեռնության կրթաթոշակային մրցույթում։

2016 թվականից «Այբ» դպրոցը «Դպրոցներ․ ապագայի գործընկերներ» (PASCH) նախաձեռնության շրջանակում համագործակցում է Գյոթե ինստիտուտի հետ։ Ծրագրի նպատակն է երիտասարդների մեջ հետաքրքրություն արթնացնել գերմաներենի, ժամանակակից Գերմանիայի և նրա հասարակության նկատմամբ։ Նախաձեռնության շրջանակում «Այբ» դպրոցի աշակերտներն ամեն տարի ստանում են ընդհանուր և անվանական կրթաթոշակներ Գյոթե ինստիտուտի կազմակերպած միջազգային սեմինարներին, դասընթացներին և միջոցառումներին մասնակցելու համար։ Աշակերտները հանձնում են նաև պատանիների լեզվի իմացության մակարդակի ստուգման քննություններ՝ Fit 1, Fit 2, B1։

Այս տարի ևս «Այբ» դպրոցի աշակերտները հնարավորություն ունեցան մասնակցելու Գերմանիայում և Վրաստանում լեզվի դասընթացների ամառային ճամբարների համար կրթաթոշակների մրցույթին։ 14-18 տարեկան պատանիները «Գերմաներենը որպես առաջին օտար լեզու PASCH դպրոցներում» թեմայով նկարահանել էին տեսանյութեր՝ ներկայացնելով Հայաստանի դպրոցներում գերմաներենը որպես առաջին օտար լեզու սովորելու դրական և բացասական կողմերը։

Արդյունքում 10-րդ դասարանցի Մարգարիտա Ատոմյանը և 11-րդ դասարանցի Նարե Մհերյանն ու Մարիա Մելիքյանը դարձել են հաղթող և Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կմասնակցեն պատանիների համար նախատեսված ամառային ճամբարին։ Սա հիանալի հնարավորություն է բարելավելու գերմաներենի իմացությունը, ծանոթանալու գերմանական մշակույթին և զարգացնելու միջմշակութային հաղորդակցման ունակությունները։

PASCH նախաձեռնությունը շարունակաբար ապահովում է արժեքավոր կրթական փորձառություն «Այբ» դպրոցի աշակերտների համար՝ նպաստելով գերմաներենի նրանց իմացության բարելավմանն ու միջազգային կապերի ստեղծմանը։

Tweets by AybSchool
>