[ Վեբինար 6 ] Սովորել անելով․ նախագծային ուսումնառությունն «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցի 10-ամյակի միջոցառումների շրջանակում կազմակերպված վեցերորդ վեբինարի ժամանակ ներկայացվեցին «Այբ» դպրոցում ներդրված նախագծային ուսումնառության (ՆՈՒ) կրթական մոդելի կարևորությունն ու դրա գործիքակազմը։ Վեբինարի խոսնակներն էին ՆՈՒ ծրագրի ղեկավար Արաքսյա Մարտիրոսյանը, ՆՈՒ ֆիլմարտադրության ակումբի ղեկավար Արուսյակ Զախարյանը, «Այբ» դպրոցի շրջանավարտներ Գոհարիկ Ադամյանը և Սերգեյ Բադալյանը և «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Գայանե Այդինյանը և Թամարա Նազարյանը։

Նախ խոսվեց նախագծային ուսումնառության դասընթացների կազմակերպման, դրա ընթացակարգի և կարևորության մասին։ Այնուհետև ներկայացվեց, թե ինչպես են ակումբի ղեկավարները մեկ գաղափարի և նպատակի շուրջ հավաքում տարբեր նախասիրություններ ունեցող աշակերտներին։ Իսկ վերջում ՆՈՒ որոշ ակումբների աշակերտներ ներկայացրին իրենց ակումբները, կիսեցին իրենց փորձը և անդրադարձան իրենց իրականացրած որոշ հաջողված նախագծերի։

Ստորև ներկայացնում ենք վեբինարի սեղմ նկարագիրը:

Ի՞նչ է նախագծային ուսումնառությունը։ Ի՞նչ քայլերով է այն իրականացվում։

Նախագծային ուսումնառության ծրագրի ղեկավար Արաքսյա Մարտիրոսյանը ներկայացրեց, թե ինչ են նախագծային ուսումնառությունը, դրա կառուցվածքն ու կարևորությունը։ Նախագծային ուսումնառությունը գիտելիքների և հմտությունների ձեռքբերման ձևաչափ է, որն ուսումնառությունը կառուցում է նախագծերի շուրջ։ Ծրագրի շրջանակում աշակերտները կազմում են թիմեր և իրականացնում մեծածավալ, երկարաժամկետ նախագծեր, որոնք ուղղված են իրական համայնքային խնդիրների լուծմանը։

Խոսվեց նախագծային ուսումնառության չափորոշիչներից և ներկայացվեց նախագծերի իրականացման կյանքի շրջափուլը։ Նաև ներկայացվեց, թե նախագծային ուսումնառությունն ինչ հմտություններ է զարգացնում աշակերտների մոտ։ Նախագծային ուսումնառությունը հնարավորություն է տալիս աշակերտներին իրենց ուժերը փորձելու տարբեր միջազգային մրցույթներում՝ մրցելով այլ երկրների ներկայացուցիչների հետ։

Ինչպե՞ս վարել ակումբ ավագ դպրոցի աշակերտների հետ և իրականացնել մեկ ընդհանուր նախագիծ

Film Factory ֆիլմարտադրության ակումբ

Ֆիլմարտադրության ակումբի ղեկավար Արուսյակ Զախարյանը ներկայացրեց իր ղեկավարած ակումբի գործունեության և նպատակի մասին, այն է՝

  • բացահայտել հայկական մշակույթի թաքնված գանձերը,
  • ստեղծել նախագծեր, առավելապես ֆիլմեր՝ դրանք հանրահռչակելու և բոլորին ճանաչելի դարձնելու համար,
  • հանդիպումներ իրականացնել արվեստի ու ֆիլմարտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ,
  • ծանոթանալ ֆիլմ նկարահանելու յուրաքանչյուր գործընթացի։

Այնուհետև ակումբի ղեկավարը ներկայացրեց տարիների իր փորձը, խոսեց այս տարի սպասվելիք նախագծի, ակումբի գրանցած արդյունքների և հաջողությունների մասին։ Ակումբը մասնակցել է «Ռոլան Բիկով» մանկապատանեկան կինոփառատոնին և արժանացել հատուկ մրցանակի։

Ներկայացվեց նաև, թե ինչպես ոգեշնչել աշակերտներին, որ նրանք համախմբվեն և աշխատեն մեկ ընդհանուր գաղափարի շուրջ։

Հայացք ներսից․ ՆՈՒ ակումբների կարևորությունը աշակերտների կարծիքով

«Արվեստանոց» ակումբ

ՆՈՒ «Արվեստանոց» ակումբի գործունեության և դրա նպատակի մասին ներկայացրեց «Այբ» դպրոցի շրջանավարտ Գոհարիկ Ադամյանը։ «Արվեստանոց» ակումբը գործել է նախագծային ուսումնառության ներդրման օրվանից՝ 2015 թ․-ից սկսած։

Ներկայացվեցին ակումբի իրականացրած նախագծերից 3-ը։ Խոսվեց «Մի կտոր Երևան նախագծի» մասին, որի շրջանակում ստեղծված անիմացիան՝ «Մի կտոր Երևանցին», ներկայացվել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման միջազգային 10-րդ կինոփառատոնի փակման միջոցառմանը։

«Մի կտոր Երևանցին» անիմացիա

Այնուհետև խոսվեց նախորդ տարի իրականացված «Քաղաքանդակ» նախագծի մասին, որի նպատակն էր Երևանում գտնվող ոչ հայտնի արձանների լուսաբանումը վիրտուալ քարտեզի միջոցով։

Քարտեզը

Իսկ վերջում ներկայացվեց ակումբի իրականացրած ևս մեկ հաջողված նախագիծ՝ «Տեսողական պոեզիա» գիրքը, որը 10 ժամանակակից ստեղծագործողների բանաստեղծությունների հավաքածու է, որոնցից յուրաքանչյուրի համար «Արվեստանոց» ակումբի 10 աշակերտներն արել են նկարազարդումներ։ Գիրքը շատ շուտով կդրվի վաճառքի։

Խոսքն ամփոփելով՝ Գոհարիկը կիսեց իր փորձը, թե նախագծային ուսումնառությունն ինչ է տվել իրեն և ինչ հմտություններ զարգացրել։

«Կանաչ քիմիա» ակումբ

«Կանաչ քիմիա» ակումբի գործունեության և նպատակի մասին խոսեց «Այբ» դպրոցի շրջանավարտ Սերգեյ Բադալյանը։ Այս ակումբի նպատակն է, օգտագործելով գիտելիքները, որևէ օգուտ տալ շրջակա միջավայրին կամ լուծել կարևոր բնապահպանական խնդիրներ։

Ակումբի իրականացրած կարևորագույն նախագծերից մեկը կենսաքայքայվող պլաստիկի հումք ստեղծելն էր, քանի որ վերջինիս հիմքում բնապահպանական առաջնային խնդիրներից մեկին՝ հողի աղտոտվածությանը, հնարավոր լուծում առաջարկելն էր։ Նախագծային ուսումնառության շրջանակում ստացված կենսաքայքայվող պլաստիկի ստացման եղանակը Մտավոր սեփականության գործակալության կողմից ստացել է գյուտի արտոնագիր 2019 թ․-ի դեկտեմբերին։

Սերգեյը կարևորեց նախագծային ուսումնառությունն իր կյանքում, քանի որ այն տվել է գիտական ոլորտում մեծ փորձ, որն էլ հետագայում ուղղորդել է նրան մասնագիտության ընտրության հարցում․ Սերգեյն ընտրել է գիտության և բժշկության ոլորտը։

«Ռոքեստր» ակումբ

«Ռոքեստր» ակումբի գործունեության մասին պատմեց «Այբ» դպրոցի աշակերտ Գայանե Այդինյանը։ Նա ներկայացրեց, թե ինչպես, երկրում ծագած Covid-19 համավարակի հետևանքով, արդեն պլանավորած նախագծից ճկուն փոփոխություն կատարվեց մեկ այլ նախագծի իրականացմանը։ Ակումբը ստեղծեց ուսուցողական փոդքաստերի շարք՝ «80 ակՕրդ աշխարհի շուրջ» ենթագրով։ Գայանեն ներկայացրեց այս նախագծի արդյունքները։

«80 ակՕրդ աշխարհի շուրջը» փոդքասթերի շարք

Վերջում Գայանեն պատմեց, թե ինչ տվեց իրենց այդ տարվա փորձը. այլընտրանքային ճանապարհով նախագիծը միանգամից փոխելն ու իրենց ձեռքի տակ եղած հնարավորություններն առաջնային դիտարկելը դարձան շատ կարևոր հմտություններ մեր թիմի համար։

Ծրագրավորման ակումբ

Նախագծային ակումբների կարևոր փորձառության մասին խոսեց «Այբ» դպրոցի աշակերտ Թամարա Նազարյանը։ Խթանելով մասնագիտական կողմնորոշումը և իրական տիրույթում մասնագիտական գիտելիքների ձեռքբերումն ու օգտագործումը՝ նախագծային ակումբները կարևոր փորձառություն են դառնում աշակերտների համար: Ամեն ուսումնական տարվա սկզբին որոշվում են այդ տարվա ակումբների ուղղվածությունները և հրավիրվում են պրոֆեսիոնալ մասնագետներ, ովքեր հերթով ներկայացնում են իրենց ակումբների բնույթը: Նրանք մանրակրկիտ պատմում են, թե ինչ մասնագիտական հմտություններ կարելի է ձեռք բերել այդ ակումբում և թե որտեղ կարելի է կիրառել այդ հմտությունները: Սա էլ հետագայում օգնում է մասնագիտության ընտրության հարցում։

Վերջում Թամարան ներկայացրեց, թե ակումբում իրականացված հետազոտություններն ինչպես հանգեցրին «Բոլոլա» հավելվածի ստեղծմանը և ինչպես ինքը կողմնորոշվեց իր ապագա մասնագիտության հարցում։

Կիսվել

Tag Բլոգ Tag Blog

Tweets by AybSchool
>