«Այբ» դպրոցում նշեցինք Տյառնընդառաջի և Սուրբ Սարգսի տոները

Սուրբ Զատկի տոնից 63 օր առաջ Հայ առաքելական եկեղեցին նշում է սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը, որը նաև երիտասարդների օրհնության օրն է համարվում։ Հայկական ավանդույթի համաձայն՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնին աղի բլիթ ուտելով՝ մարդիկ երազում տեսնում են իրենց երկրորդ կեսին։ Կարելի՞ է հավատալ երազներին, թե ոչ՝ յուրաքանչյուրն ինքն է որոշում։ Բայց այն փաստը, որ ժողովրդի մեծ մասը սիրում է այս տոնը, անհերքելի է։

«Այբ» դպրոցում ևս այս ավանդույթն ընդունված ու սիրված է, ուստի այն նշեցին նաև ավագ դպրոցի աշակերտները։ Խոհանոցն աշակերտների տրամադրության տակ էր, և հենց նրանք էլ իրենց ձեռքով պատրաստեցին տոնական աղի բլիթներն ու դպրոցում կազմակերպեցին հյուրասիրություն։ Տոնը նշելու ոգևորությունն ու աշակերտների ժպիտներն այբական առօրյան է՛լ ավելի հետաքրքիր ու լեցուն դարձնելու հիանալի միջոց էին։

Հաջորդ օրը Հայ առաքելական եկեղեցին նշում էր Տյառնընդառաջը կամ Տրընդեզը, որ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։ Տոնը խորհրդանշում է 40 օրական Հիսուսի մուտքը տաճար։

«Այբ» դպրոցում արդեն սկսվել էին տոնի նախապատրաստությունները։ Համայնքի ժամին դպրոցի հոգևոր հովիվ տեր Աշոտն աշակերտներին ծանոթացրեց տոնի խորհրդին ու ծիսակատարությանը։ Դասերի ավարտից հետո սկսվեց բուն տոնակատարությունը, որին մասնակցում էին 9-12-երորդ դասարանների աշակերտները։

Ըստ տոնի կարգի՝ խարույկի արարողությունից առաջ կատարվում է Անդաստանի արարողությունը, որն իրականացրին տեր Աշոտն ու 12-րդ դասարանցի Հակոբ Պետրոսյանը։ Այնուհետև վառեցին Տյառնընդառաջի խարույկը։ Աշակերտները պարեցին ազգային պարեր, ցատկեցին խարույկի վրայով, իսկ վերջում կազմակերպվեց հյուրասիրություն։

Նարե Կուրղինյան 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>