Հանդիպում նկարիչ Ռոբերտ Կուբուսի հետ

«Այբ» դպրոցի արվեստասեր աշակերտները հնարավորություն ունեցան հանդիպելու եռաչափ նկարչության վարպետ Ռոբերտ Կուբուսին։ Նա մեծ փորձ ունի անիմացիայի, գովազդի և խաղերի արտադրության ոլորտներում: Ռոբերտը դասավանդում է Skillbox-ում և վարում վերը նշված ոլորտների վերաբերյալ սեփական դասընթացները:

Հանդիպման ընթացքում աշակերտները զրուցեցին եռաչափ գրաֆիկայի, այս մասնագիտության դժվարությունների և առավելությունների մասին, տեսան, թե ինչպես է ստեղծվում թվանշային եռաչափ աշխարհը և ոչ միայն։ Նրանք խոսեցին համակարգչային գրաֆիկայի առաջին դրսևորումներից, դրա զարգացումից և մերօրյա շուկայական պահանջներից։ Աշակերտներն ավելի լավ ծանոթացան ոլորտի բազմազանությանը, որը ձգվում է անիմացիոն մուլտֆիլմային հոլովակներից մինչև հասուն դիտորդին գրավող ֆոտոռեալիստական հերոսներ. դրանցում ամեն ոք կարող է գտնել գրաֆիկայի իրեն հոգեհարազատ տեսակը։

Հյուրը ներկայացրեց սեփական փորձը և ավելի լավ պատկերացումներ տվեց անիմացիոն ֆիլմարտադրության ամբողջ գործընթացի մասին։ Աշակերտները տեսան նաև նոր հերոսի ստեղծումը և վարպետաց փոքրիկ դաս ունեցան, թե ինչպես կարելի է անիմացիոն հերոսներ ստեղծել հանրությանը հասանելի կայքերով։

Արվեստի և տեխնոլոգիաների համակցումը, որն այժմ առաջնորդում է եռաչափ անիմացիայի զարգացումը, գրավեց «Այբ» դպրոցի աշակերտներին և է՛լ ավելի մեծացրեց հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ։ Հանդիպման վերջում տնօրինության նախաձեռնությամբ, աշակերտների մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով, ծնվեց եռաչափ նկարչության դասընթացի անցկացման գաղափարը։

Գյուլնարա Սարգսյան

11-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>