«Ռոքեստր» ակումբը կթողարկի հարմոնիայի մասին փոդքաստներ

Տառերը սովորեցնում են դպրոցում: Առաջին դասարանից: Բոլորին:

Նոտաներ սովորեցնում են ո՛չ բոլորին: Ծնողների ցանկությամբ: Ուսուցիչների համառությամբ:

Բայց հասուն կյանքում ոչ բոլորն են ԿԱՐԴՈՒՄ: Գուցե սովորելու ընթացքում՝ դասագրքեր, ուսումնական նյութեր, հանձնարարված գրքեր: Ուսումնական տարիներից հետո՝ ֆեյսբուքյան գրառումներ: Այդուհանդերձ մարդկության ո՞ր մասը կարող է իրեն անվերապահորեն համարել ընթերցող։

Իսկ երաժշտություն լսում են բոլորն անխտիր, նույնիսկ սեփական կամքին հակառակ: Եվ առանց կասկածի նշույլի կարող են իրենց համարել երաժշտասեր, այս կամ այն երաժշտական ոճի կամ արտադրանքի երկրպագու:

Բայց արդյո՞ք այն ձայնային ալիքները, որ հասնում են մեր ականջներին, արդեն երաժշտություն են: Ինչպես և տառերից բաղկացած ամեն մի շարադրանք կարելի է համարել գրականությո՞ւն։ Իրականում ձայնային ալիքի վերափոխումը երաժշտության՝ ուղեղի աշխատանք է: Իսկ ուղեղը պետք է որոշակի գործիքակազմ կիրառի, որպեսզի ականջի լսած ալիքները նշանակություն ձեռք բերեն: Առավել ևս՝ այնպիսի նշանակություն, որը հուզում է, ոգևորում է, թևեր է տալիս, հանգեցնում է ինքնաճանաչողության բարձրագույն դրսևորումների:

Այդ գործիքակազմի ամենաէական բաղադրիչներից է հարմոնիայի ընկալումը: Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ երիտասարդության մեծ մասը երաժշտություն լսելիս ուշադրություն է դարձնում բառերին (այսինքն՝ ոչ երաժշտական բովանդակությանը), ռիթմին և մեղեդայնությանը, մինչդեռ հարմոնիան հասկացվում է բառացիորեն որպես ներդաշնակություն:

Սակայն հարմոնիա ուսումնասիրելով՝ կարող ենք տարբերել Շոպենի երաժշտությունը «Գարնանային» վալսից: Կամ հասկանալ, թե ինչու է «Մելանքոլիա» ֆիլմում հենց Վագների երաժշտությունն օգտագործված: Հաճախ երաժշտությունը միայն ունկնդրելով՝ երաժշտասերները բաց են թողնում դրա թաքնված գաղտնիքները։

Այս տարի «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Ռոքեստր» ակումբը պատրաստվում էր ներկայանալ երաժշտության ամենակարևոր բաղադրիչներից մեկի՝ հարմոնիայի մասին հետազոտությամբ և համերգով։ Ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում խմբի անդամներն ավարտել էին հարմոնիայի դասընթացը և երգացանկի ընտրությունը: Սկսվել էին համերգային ծրագրի նախապատրաստական աշխատանքները, սակայն հեռավար կրթության պայմաններում նոր ձևաչափ գտնելու անհրաժեշտություն եղավ։

Որոշվեց խմբի անդամների՝ հարմոնիայի մասին ուսումնասիրությունները ներկայացնել փոդքաստների միջոցով: Դրանք նախատեսված են երաժշտությունն ավելի հիմնավոր հասկանալ ցանկացող երաժշտասերների համար։ Բացատրելու ենք հարմոնիկ լեզվի տարբեր յուրահատկություններ և դրանց դերը երաժշտական ստեղծագործությունների ընկալման և արժևորման մեջ՝ օգտագործելով օրինակներ համաշխարհային երաժշտության ժառանգությունից: Փոդքաստները կլինեն 10-15 րոպե տևողությամբ և կհրապարակվեն շաբաթական երեք անգամ՝ հունիսի 1-ից սկսած:

Հ․Գ․ Մեր փոդքաստները լսելու համար երաժշտական կրթությունը պարտադիր չէ։

«Ռոքեստր» ակումբ

«80 ակՕրդ աշխարհի շուրջ» նախագիծ

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>