«Հայ Զինվոր, իմ սիրտը Քո սրտի հետ է»․  այբեցիները պարեցին Սարդարապատում

Ազգայինի կարևորության գիտակցումը սերունդների մեջ անցյալ-ապագա կապի պահպանումն է, որը պիտի կերտի կիրթ, բանիմաց ու հայրենասեր սերունդ, որն էլ պիտի դառնա մեր վաղվա օրվա՝ հզոր ու հաղթանակած Հայաստանի երաշխավորը։ Եվ հենց այդ կարևորագույն նպատակին է ձգտում «Այբ» դպրոցը՝ օգտագործելով բոլոր հնարավորություններն իր աշակերտներին մասնակիցը դարձնելու մշակութային ու ազգային միջոցառումների, որոնք անհրաժեշտ են հայի, հայկականության և Հայաստանի պահպանման համար։

Այդպիսի մի միջոցառում էր մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում կայացած, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կազմակերպած «Հայ Զինվոր, իմ սիրտը Քո սրտի հետ է» խորագրով միջոցառումը: «Այբ» դպրոցի պարուսույց Գագիկ Գինոսյանի ուղեկցությամբ աշակերտներն այցելեցին հուշահամալիր և իրենց ոգեղեն պարային կատարումներով ապացուցեցին, որ գալիքը լինելու է է՛լ ավելի պայծառ, հզոր ու հաղթական, և նոր սերունդն է, որ շարունակելու է կերտել այնպիսի հաղթանակներ, որոնք հայ ժողովուրդն ունեցել է իր հազարամյա պատմության մեջ, և որոնցով էլ պահպանել է իր գոյությունն ու շարունակել իրականացնել իր առաքելությունն այս բազմաբովանդակ աշխարհում։

Միջոցառմանը հաջորդեց Գագիկ Գինոսյանի հիմնադրած «Կարին» հայ ավանդական երգի-պարի խմբի կողմից կազմակերպվող ամենամսյա «Մեր պարերը և մենք» ազգային պարերի բաց դասը, որն այս ամիս անցկացվում էր Սարդարապատի հուշահամալիրում։ Այս միջոցառմանը ևս աշակերտներն ակտիվ մասնակցեցին՝ դպրոցում ստացած իրենց պարային հմտությունները փոխանցելով ներկաներին և ցույց տալով յուրաքանչյուր հայի ներսում ազգային երգն ու պարը կրելու կարևորությունը։

Մենք միշտ պետք է հիշենք, որ 1918 թվի մայիսյան հերոսամարտերը մեր պատմության փառապանծ էջերից են, որոնցով հայ ժողովուրդը նվաճեց ապրելու և հարատևելու իր իրավունքը: Գալիք սերունդները պետք է իմանան, որ մեր հաղթանակների գրավականը մեր միասնությունն է. Սարդարապատի հաղթանակը տեղի ունեցավ, որովհետև մենք կարողացանք հասնել ինքնաճանաչողության և ճիշտ ինքնագնահատականի: Այսօր էլ այն կկայանա, եթե մենք՝ մեծ թե փոքր, կարողանանք հասնել այդ ինքնաճանաչողությանն ու ինքնագնահատականին՝ կենցաղային ամենապարզ հարցից սկսած մինչև համազգային մեծագույն խնդիրները:

Էրիկ Մուսայելյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>