«Այբ»՝ իրականություն դարձած երազանքը

«Այբ» ավագ դպրոցի աշակերտները հանդիպեցին «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանի հետ։ Հանդիպումն անցավ զրույցի ձևաչափով: Աշակերտները ծանոթացան «Այբ» գաղափարի ծագման ու շարժման պատմությանը, իմացան, թե ինչպես 15 տարի առաջ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարանի ութ շրջանավարտ երազանքն իրականություն դարձրին ու հիմնեցին «Այբ» դպրոցը։

Ի՞նչն էր միավորում ֆիզիկայի օլիմպիադայի խմբակի 8 պատանիներին։

Շատ մեծ պատկերացում չունենալով կրթական համակարգի, բարեփոխումների մասին՝ նրանք վստահ էին մի հարցում․ կրթության մեջ ներդրում անելը կարող է երկարաժամկետ հատվածում օգտակար լինել պետությանը։ Այս գաղափարով ոգեշնչված էին ութ երիտասարդ, որոնց այժմ միացել են ավելի քան երկու հարյուր հիսուն բարերար։

2006 թ․, երբ համակարգային խնդիրներից խոսելը բարդ էր, Հայաստանում կրթական բարեփոխումները հիմնականում ունեին մեկանգամյա բնույթ։ Օրինակ՝ դպրոցները համակարգիչներով ապահովելը կամ դասասենյակներ վերանորոգելը։ Հեշտ չէր նաև դրամահավաքության գործընթացը, քանի որ բարերարներին ներկայացվում էին դեռևս գոյություն չունեցող դպրոցի մասին գաղափարներ։ Օրինակ՝ ինչպիսի բնութագիր է ունենալու «Այբ» դպրոցի շրջանավարտը, ինչ նախաձեռնությամբ է հանդես գալու ի շահ իր երկրի։ Բարեբախտաբար, գտնվեցին մարդիկ, որոնք հավատացին ու իրենց մեծ ներդրումն ունեցան լավագույն կրթության ապահովման մեջ։

Մեր դպրոցն առաջին կրթական սոցիալական նախագիծն է Հայաստանի ոչ պետական ոլորտում։ «Այբ» ավագ դպրոցում աշակերտների շուրջ 86 տոկոսը ստանում են ուսման վարձի փոխհատուցում։ Իսկ դպրոցի ղեկավար մարմինը հոգաբարձուների խորհուրդն է։ Այսինքն՝ «Այբ»-ը չունի սեփականատերեր, բայց դպրոցի տերը մենք ենք՝ աշակերտները, նաև շրջանավարտները, որոնք ավարտելուց հետո էլ պահում են ամուր կապը դպրոցի հետ։

Դիլիջանի կենտրոնական դպրոցը երկրորդ կրթական հաստատությունն է, որ ստեղծվել է հիմնադրամի ջանքերով՝ ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցության արդյունքում։ Հիմնական նպատակն էր Դիլիջանում հիմնել մի դպրոց, որը ոչնչով չէր զիջի առաջինին՝ Երևանի «Այբ»-ին։ Նախադրյալ եղավ այն, որ Կենտրոնական բանկի որոշ աշխատակիցների առաջարկվեց տեղափոխվել Դիլիջան և բնակություն հաստատել այնտեղ, սակայն նրանք համաձայն չէին, քանի որ չէին պատկերացնում իրենց երեխաների լիարժեք կրթության հնարավորությունը մարզում։ «Այբ»-ի հետ համագործակցության արդյունքում ոչ միայն բանկի աշխատակիցների, այև Տավուշի մարզում ապրող բազում երեխաների հնարավորություն ընձեռվեց սովորելու Դիլիջանի կենտրոնական դպրոցում։

Ի՞նչն է արդեն տասնհինգ տարի միավորում բոլոր այս մարդկանց։

Պատասխանը մեկն է՝ կրթության շուրջ համախմբելու առաքելությունը։ «Այբ»-ի նպատակն է ուսյալ, առաքինի և մրցունակ սերնդի ձևավորումը, որը պետք է պատասխանատվություն ստանձնի երկրի ապագայի համար։ Ստեղծել կրթական մոդել, որը ճանաչելի կլինի և կհամարվի աշխարհում լավագույն կրթական ծրագրերից մեկը։

Այսօր աշխարհի 122 լավագույն համալսարաններ ճանաչում են «Այբ» հիմնադրամի մշակած «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրը։ ԱԲ-ը միջազգային փորձի լավագույն փոխադրումն է ազգային հիմքի վրա:

Այն ավագ դպրոցի խստապահանջ հայալեզու ուսումնական ծրագիր է՝ հարմարեցված հայկական միջավայրին։ Աշակերտը ստանում է միջազգային նորմերին համապատասխան կրթություն, բայց պահպանում հայկական ոգին։

Աշակերտի որպես անհատ ձևավորման հարցում մեծ է միջավայրի դերը։ «Այբ» դպրոցի ամեն մանրամասն համապատասխանում է կրթական փիլիսոփայությանն ու աշակերտին աջակցելու նպատակ ունի։ Օրինակ՝ աշակերտների այդքան սիրելի սղարանը ժամանակի խնայողության, դասերից լիցքաթափվելու նշանակություն ունի։ Ստացվում է, որ ոչ թե ծրագիրն է շենքի համար, այլ շենքն է ծրագրի համար։ Մշակված ծրագիրը ներառում է նորարարություններ ու նորամուծություններ։ Պատահական չէ, որ դպրոցը պարբերաբար հյուրընկալում է տարբեր երկրներից ժամանած ուսուցիչների, տնօրենների։

Ի՞նչ գործունեությամբ է հանդես գալիս հիմնադրամը հիմա, ի՞նչ սպասել առաջիկայում։

«Այբ» կրթական հիմնադրամն աշխատում է Հայաստանի Հանրապետության և Արցախի դպրոցների 75 տոկոսի հետ, որոնք ներառված են տարաբնույթ նախագծերում։ Այժմ հիմնադրամը կենտրոնացած է մի քանի խոշոր ուղղություններում։ Դրանք են մրցույթները, առցանց կրթական ռեսուրսների ստեղծումը, ինչպիսին է, օրինակ, «Քան» ակադեմիայի հարթակը, Տավուշի մարզի գիտատեխնիկական ոլորտի առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը և հիբրիդային ծրագրի իրականացումը։ Բոլորին, հատկապես միջին դպրոցի աշակերտներին քաջ ծանոթ «Կենգուրուն», «Մեղու»-ն, «Ռուսական արջուկը» զանգվածային մրցույթներ են, որոնք իրականացվում են հիմնադրամի ջանքերով։ Նաև թիմային մրցաշարեր, առաջնություններ են իրականացվում։ Օրինակ՝ Պատանի քիմիկոսների մրցաշարը, որի նպատակը ոչ միայն քիմիայով հետաքրքրված աշակերտներին համախմբելն է, այլև մի շարք փափուկ հմտություններ՝ թիմում աշխատելու, ժամանակի կառավարման, հանրային ելույթ ունենալու, սեփական նախագիծը պաշտպանելու կարողություններ զարգացնելը։ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի՝ լեգո-ռոբոտաշինության հարթակում աշակերտները ստեղծում են արդիական խնդիրներ լուծող ռոբոտներ։ Օրինակ՝ աղբահանության, խելացի քաղաքի կառավարման, տարբեր աղետներից պաշտպանության խնդիրներ։ Առաջիկայում բնագիտության ուսանողական մրցույթն է քիմիա, կենսաբանություն և ֆիզիկա առարկաների սիրահարների, մասնավորապես ուսանողների համար։

Հիմնադրամն ակտիվ է նաև «Քան» ակադեմիայում՝ հարթակ՝ բաց թողած թեման ինքնուրույն յուրացնելուց մինչև SAT քննությանը լավագույնս պատրաստվելու համար։ Հիմնադրամը հայերեն է թարգմանում անգլերեն այս հարթակի դասանյութերը, գտնում կամավորների, որոնք մարզի աշակերտներին և ուսուցիչներին ծանոթացնում են հարթակին։

Հիբրիդային կրթությունը ծրագիր է՝ նախագծված Հայաստանի Հանրապետության և Արցախի հանրակրթական դպրոցների 10-րդ դասարանցիների համար։ Այս պահին տասնյակ աշակերտներ հանձնում են քննություններ, որոնք հաջողությամբ ավարտելու դեպքում հնարավորություն կստանան մասնակցելու առցանց դասերի։ Կրթությունն ամբողջովին անվճար է։ Ավելի մանրամասն տես այստեղ

Ապագայում հիբրիդային կրթության ծրագիրը կանցկացվի արտասահմանում ապրող հայ երեխաների համար, որոնք կստանան լավ կրթություն՝ միաժամանակ չհեռանալով հայկական արժեհամակարգից։

Կարինե Ավալյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>