«Այբ» դպրոցը մասնակցեց Starmus VI-ի գիտական ճամբարին

Այբական ռոբոտները՝ Ստարմուս vi-րդ փառատոնի գիտական ճամբարում․ 4 օր շարունակ «Այբ»-ի աշակերտների ստեղծած ռոբոտները այցելուների ուշադրության կենտրոնում էին։ «Այբ»-ի տաղավարը հետաքրքիր էր թե դպրոցականների, թե մեծահասակների, թե արտասահամցնի հյուրերի համար։ Ուշագրավ էր, որ դպրոցի ինժեներական ակումբի ռոբոտները ներկայացված էին «ռոբոտաշինություն» տաղավարում, այնինչ ճամբարում կար նաև «մանկական ռոբոտաշինություն» տաղավար։

Շատերին զարմացնում էր փաստը, որը այբական ռոբոտները ամբողջությամբ նախագծել եւ ստեղծել են աշակերտները։ Ներկայացված էին ինժեներական ակումբի՝ ֆաբլաբում ստեղծած մրցութային ռոբոտները, որոնք լուրջ հաջողություններ և հաղթանակներ են ունեցել միջազգային մրցույթներում։

Գիտական ճամբարին ներկայացված ռոբոտներն էին՝

  • «Սումո» ռոբոտ

Գտնելով հակառակորդ ռոբոտին` հրել նրան դաշտի սահմաններից դուրս։

«Սումո» ռոբոտը ստեղծվել է 2016 թ. «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» (ԱՄՆ) մրցույթի համար։ «Սումո» ռոբոտը, ունենալով մոտ 250 մրցակից, զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և ստացել հեղինակավոր «Հոնդա» ընկերության պատվավոր մրցանակը նորարարության համար։

  • «ԱյբՍիմետրի» (հրշեջ ռոբոտ)

Լաբիրինթոսում գտնում է կրակը, հանգցնում այն և վերադառնում սկզբնակետ։

«ԱյբՍիմետրի»-ն ստեղծվել է «Թրինիտի» քոլեջի (ԱՄՆ) 2014 թ. «Հրշեջ ռոբոտ» մրցույթի համար։ «ԱյբՍիմետրի» ռոբոտը մոտ 73 մասնակից ռոբոտների շարքում հայտնվել է լավագույն հնգյակում։

  • Մարտական ռոբոտ

Վնասում է հակառակորդ ռոբոտին՝ դադարեցնելով նրա մասնակցությունը մրցույթին։

Մասնակցել է 2017 թ. «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» մրցույթին (Օհայո, ԱՄՆ) և արժանացել բրոնզե մեդալի։

  • «Սինուս» (գծին հետևող ռոբոտ)

Սև գծերը տարբերելով` անցնում է լաբիրինթոսը, գտնում ամենակարճ ճանապարհը և վերադառնում սկզբնակետ։

2012 թ. գրավել է առաջին տեղը Հայաստանի ռոբոտների բաց առաջնության («Արմռոբոտիքս») մրցույթում։

  • Լաբիրինթոսից դուրս եկող ռոբոտ

Ռոբոտը նախագծված է լաբիրինթոսով շարժվելու և վերջնակետին հնարավորինս արագ հասնելու համար։

2018 թ. «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» մրցույթում (Օհայո, ԱՄՆ) ստացել է «Հոնդա» ընկերության պատվավոր մրցանակը նորարարության համար։

  • «Սարտար» փրկարար սարք

GPS արբանյակներից կամ օպերատորի կողմից կոորդինատների ստացման և գործող բջջային կապից անկախ ռադիոկապի միջոցով դրանք փրկարար ծառայություններին փոխանցելու սարքերի համակարգ է։

Ինժեներական ակումբին անդամակցում են ավագ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները, նաև «Այբ»-ի շրջանավարտները։ Ինժեներական ակումբի ղեկավարը Վազգեն Գաբրիելյանն է։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>