«Այբ»-ի աշակերտները պատրաստել են տեսահոլովակ «Լավ էլի» խմբի համար

Նախագծային ուսումնառության «Ստվերների թատրոն» ակումբը ներկայացրեց երկու նախագիծ: Առաջին նախագիծը ստվերների թատրոնի տարրերով խաղ-ճամպրուկ է։ Այն ներառում է փոքրիկ բեմ, կենդանիների պատկերներով տիկնիկներ և ուղղորդող քարտեզ՝ լի հետաքրքրաշարժ հանելուկներով։ Մի շարք կրթական կազմակերպություններ կամ անհատներ  կարող են օգտագործել արտադրանքը՝ 4-7 տարեկան փոքրիկներին ծանոթացնելու համար կենդանիներին։ Ճամպրուկը ոչ միայն  ուսուցողական է և փոխգործուն, այլև կարող է դարձնել մանուկների առօրյան բովանդակալից։

Երկրորդ նախագիծը համագործակցություն էր սիրված «Լավ էլի» երաժշտախմբի հետ: Աշակերտները պատրաստել են տեսահոլովակ  «Կհանդիպենք» երգի համար՝ ստվերների թատրոնին բնորոշ տարրերի միջոցով։ Ակումբի անդամները աշխատանքի ողջ ընթացքում ակտիվ կապի մեջ են եղել խմբի հետ թե՛ առկա և թե՛ առցանց ձևաչափերով՝ քննարկելով և համաձայնեցնելով սցենարային յուրաքանչյուր մանրամասն։ Վերջնական տեսքի բերելով տեսահոլովակի սցենարը՝  ինքնուրույն նկարահանել են պատմությունների դրվագները՝ օգտագործելով «Stop Motion» մեթոդը։

Շնորհանդեսին ներկա էր «Լավ էլի» խմբի մենակատար Մհեր Մանուկյանը, ով բարձր գնահատեց «Այբ»-ի աշակերտների աշխատանքը և հայտարարեց, որ տեսահոլովակը կներկայացվի խմբի պաշտոնական էջերում: Մհեր Մանուկյանն ընդգծեց, որ որպես նվեր շատ են ստանում իրենց երգերի հիման վրա ստեղծված տեսահոլովակներ, սակայն սա եզակի դեպք է, երբ խումբն իր հավանությունն ու պաշտոնական կարգավիճակ է տալիս տեսահոլովակին:

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Ստվերների թատրոն» ակումբը նախագծավար Մարինե Դանիելյանի ղեկավարությամբ երկրորդ տարին է ծավալում իր գործունեությունը, որն ուղղված է արվեստը ստվերների աչքերով պատկերելուն և թատրոնի այս ճյուղը Հայաստանում տարածելուն։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>