Ամենատաղանդավոր այբեցիները՝ այլ դիտանկյունից

«Այբ» դպրոցում տեղի ունեցավ «Տաղանդների շոու» ամենամյա համերգային միջոցառումը։ Սա դպրոցի ամենասիրելի և ամենասպասված համայնքային միջոցառումներից է, որը նպատակ ունի բացահայտելու դպրոցի «թաքնված» տաղանդներին՝ հաճելի ժամանց պարգևելով բոլորին։ Դրա մասին էր փաստում այբեցիներով լեցուն «Հայաստան» դահլիճը: Այն ուներ ոչ միայն ժամանցային, այլև մրցութային բնույթ։ Այդ նպատակով կազմված ժյուրին, որի կազմում էին թե՛ «Այբ» համայնքի անդամները, թե՛ «Արեգնազան» կրթահամալիրից «Այբ» եկած հյուրը, մասնակիցներին շնորհեց պատվոգրեր տարբեր անվանակարգերում։

Տաղանդաշատ երեկոյի ընթացքում դպրոցի ուսուցիչները, աշակերտներն ու աշխատակիցները հանդիսատեսի համար բացահայտեցին իրենց տաղանդը՝ ամենատարբեր երաժշտական գործիքների կատարմամբ, երգով, նկարչական արվեստով և այլն: Հնչեցին Արամ Խաչատրյանի, Կոմիտասի և այլոց ստեղծագործությունները, մատուցվեց բարձրաճաշակ արվեստ:

Աշակերտների համար առանձնահատուկ ոգևորիչ էր ուսուցչուհի Լուսինե Պարոնյանի երաժշտական կատարումը: Յուրօրինակ համարով ներկայացան նաև 12-րդցիներ Աննա Պետրոսյանը, Յուլյա Մարտիրոսյանը, ովքեր ընդամենը 5 րոպեում հենց տեղում նկարեցին ժյուրիի՝ կամավորապես բեմ բարձրացած անդամի ծաղրանկարը, որն ապշեցրեց բոլոր հանդիսատեսներին։

Առանձնահատուկ ուշադրություն գրավեց և «Լավագույն թիմային համագործակցություն» անվանակարգում պատվոգրի արժանացավ տարբեր այբական սերունդներից կազմված «The Battle of Evermore» խումբը, իսկ նույն խմբի շրջանավարտների կազմը հանդես եկավ մի քանի կատարումներով:

Միջոցառումն ավարտվեց պատվոգրերի և շնորհակալագրերի հանձնմամբ, որոնց հասցեատերերը որոշվեցին ժյուրիի երկարատև ու բարդ քննարկումների արդյունքում:

Տաղանդների շոուն, որն «Այբ»-ում ամենամյա միջոցառում է, ևս մեկ առիթ էր ամբողջ համայնքին համախմբելու, նրա տաղանդներին բացահայտելու և դրական ու անմոռանալի օր ունենալու համար։

Մարիամ Բաղդասարյան, 10-րդ դասարան

Tweets by AybSchool
>