«Տեխնոշարժը» կստեղծի հայկական հուշակոթողների մասին տեղեկությունների շտեմարան

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Տեխնոշարժ» ակումբն այս տարի հանձն է առել «Դեպի Տուն» նախագծի իրականացումը։ Նախագիծը ստեղծելու է կայք, որը գործելու է որպես վտանգված հայկական, մասնավորապես արցախյան մշակութային կոթողների, հուշարձանների մասին տեղեկույթի շտեմարան, որում ներառված կլինեն այդ կոթողների և հուշարձանների մասին մեդիա ռեսուրսներով հագեցած գիտահանրամատչելի նյութեր։ Կայքի նպատակն ու գործունեությունը չեն սահմանափակվելու սրանով․ նախատեսվում է հետագայում կայքը զարգացնել՝ դարձնելով զբոսաշրջային հարթակ։

Մեր ակումբը համագործակցություն է սկսել «Մեդիագիտակներ» ակումբի հետ, և այս համագործակցության արդյունքում օգնելու ենք ստեղծելու մի կայք, որի միջոցով այդ ակումբի անդամները կփորձեն հասնել իրենց նպատակին, այն է՝ տարաբնույթ հոդվածների, տեսանյութերի տեղադրման միջոցով բարձրացնել մարդկանց մեդիագրագիտության մակարդակը։

Ակումբի մեկ այլ նախագիծ է «AyBus»-ը, որի նպատակն է հավելվածի ստեղծման միջոցով բարելավել ծնող-երեխա-վարորդ կապը՝ այդպիսով ավելի պարզ դարձնելով ավտոբուսի կամ երեխայի՝ կայանատեղի հասնելու ճշգրիտ ժամանակը, ինչպես նաև կամայական պահին նրանց գտնվելու վայրերը։ Այս նախագիծը դեռ սպասման փուլում է։

Ի սկզբանե «Տեխնոշարժ» ակումբը բաղկացած է եղել ծրագրավորման տարբեր իմացության մակարդակներ ունեցող աշակերտներից, այդ պատճառով թիմի գործունեությունն արդյունավետ դարձնելու համար այն բաժանվեց երկու մասի։ Նշանակվեցին խմբերի պատասխանատուներ և օգնականներ։ Առաջին խումբը, որ ծրագրավորման ավելի քիչ փորձառություն ուներ, արագացված դասընթացով ավարտեց ծրագրավորման HTML, CSS գործիքների ուսումնասիրությունը, սկսեց ու հաջողությամբ ավարտին է ցանկանում հասցնել JavaScript լեզվի ուսումնասիրումը։ Սկսնակների խումբն այսպիսով նպատակ ունի գիտելիքներով հավասարվելու ակումբի ավելի փորձառու անդամներին։ Ավելի փորձառուների խումբը սովորել է ծրագրավորման PHP լեզուն, որն անհրաժեշտ է կայքեր ստեղծելու համար, ծրագրավորման jQuery և MySQL գործիքները՝ կայքերի օպտիմալացման համար։ Նախատիպային կայքերի վրա տնային առաջադրանքների կատարումը օգնում է մեզ ամրապնդելու գիտելիքները։ WordPress գործիքի ուսումնասիրումը թույլ է տալիս սովորողներին ավելի արդյունավետ դարձնել կայքի ձևավորման հետ կապված աշխատանքը։

Էրիկ Մուսայելյան, 12-րդ դասարան,

«Տեխնոշարժ» ակումբ

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>