Հանդիպում կանադական UBC համալսարանի ներկայացուցչի հետ

Տեղի ունեցավ «Այբ» դպրոցի աշակերտների առցանց հանդիպումը կանադական UBC համալսարանի ներկայացուցիչ Թոմ Ուիտեկերի հետ դպրոցի մասնագիտական կողմնորոշման բաժնի նախաեռնությամբ։ Թոմը պատմեց համալսարանի մասին ու պատասխանեց աշակերտների հարցերին՝ հույս հայտնելով, որ նրանցից ոմանց ապագայում կտեսնի համալսարանի ուսանողների շարքում։

Բրիտանական Կոլումբիայի համալսարանը՝ UBC-ն, տեղակայված է Կանադական երկու քաղաքներում՝ Օկանագան և Վանկուվեր, որտեղ համալսարանն ամեն տարի ընդունում է հազարավոր արտասահմանյան ուսանողների։ Բացի նրանից, որ UBC-ն իր ակադեմիական առաջադիմությամբ աշխարհում առաջիններից է, այն նաև ուսանողներին հրաշալի հնարավորություն է տալիս ներգրավվելու տարբեր հետազոտական աշխատանքներում դեռևս բակալավրում սովորելու տարիներին։ Համալսարանը մեծ ուշադրություն է դարձնում նաև սպորտին, մասնավորապես՝ աթլետիկային, և ուսանողները հնարավորություն ունեն զարգացնելու իրենց հմտությունները նաև այս ոլորտում։

Ուսանողների համար նաև շատ կարևոր է լինում, թե որ երկրում է համալսարանը տեղակայված։ Այս առումով UBC-ն իսկապես հրաշալի ընտրություն է, քանի որ Կանադան աշխարհում առաջինն է կենսամակարդակի ցուցանիշով, երրորդը՝ ակադեմիական հաջողություններով և նաև հնարավորություն է տալիս ուսանողներին համալսարանն ավարտելուց հետո 3 տարի մնալու երկրում և աշխատելու։

Թոմ Ուիտեկերը խորհուրդ է տալիս․ «Կատարեք ձեր ընտրությունը, հետևեք ժամկետներին և դիմումը լրացնելիս անպայման ուշադրություն դարձրեք, թե ինչ փաստաթղթեր և տեղեկություն է պահանջում համալսարանը»։

Համալսարանի ներկայացուցիչ Թոմի խոսքով՝ առաջինը, ինչի մասին պետք է մտածեն աշակերտներն իրենց դիմումը լրացնելիս, այն հարցն է, թե ինչն է յուրաքանչյուրին դարձնում լավ ուսանող համալսարանի համար։ Բացի ակադեմիական հաջողություններից՝ համալսարանը շատ է գնահատում աշակերտների դասերից դուրս կատարած աշխատանքները, քանի որ տարբեր ոլորտներում ներգրավվածությունը նույնպես հաջողակ մարդու հատկանիշներից մեկն է։ Պատահական չէ, որ UBC-ում սովորելու տարիներին ուսանողներին հնարավորություն է տրվում ներգրավվելու ավելի քան 360 արտադասարանական խմբակներում։

Դավիթ Բաղդասարյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>