Հանդիպում ԱՄՆ բուհերում սովորող այբեցի շրջանավարտների հետ

Մասնագիտական կողմնորոշման շրջանակում «Այբ» ավագ դպրոցի աշակերտներն ունեցան հնարավորություն՝ հանդիպելու միջազգային լավագույն բուհերում սովորող այբեցի շրջանավարտներից երկուսին՝ Սարգիս Սիմոնյանին և Ալեքս Սիմոնյանին։ Սարգիսը միջազգային տնտեսագիտություն է սովորում Ջորջթաունի համալսարանում, իսկ Ալեքսը՝ համակարգչային գիտություն և ճարտարագիտություն՝ Կալիֆոռնիայի Սան Դիեգո համալսարանում։ Ընկերական մթնոլորտում ընթացող այս հանդիպումը յուրահատուկ էր, քանզի աշակերտները պատկերացում կազմեցին միջազգային ուսանողի առօրյայի, ընդունելության խոչընդոտների և կրթաթոշակներ ստանալու մասին։

Հանդիպման առաջին հատվածում ուսանողները խոսեցին բուհերի ընդունելության հայտը լրացնելու կարևոր քայլերի մասին՝ տալով խորհուրդներ ժամանակի կառավարման, ակադեմիական առաջընթացի և ունեցած հաջողությունները ճիշտ ու համոզիչ ներկայացնելու շուրջ։ Հաջորդող հարցուպատասխանի հատվածում 12-րդ դասարանցիներն իմացան, թե ինչպես լուծել համալսարանական դիմումները լրացնելիս առաջացող խնդիրները, որոնց Սարգիսն ու Ալեքսը ևս բախվել էին և ունեին անհրաժեշտ փորձառությունը՝ սպառիչ պատասխաններ տալու համար։ Իսկ 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտներն ընդհանուր պատկերացում կազմեցին առաջիկա անհրաժեշտ քննությունների և ամերիկյան բուհերի ընդունելության կարգի վերաբերյալ։

Վերջին և ամենահետաքրքիր հատվածում շրջանավարտները պատմեցին իրենց ուսանողական առօրյայի, անծանոթ միջավայրին հարմարվելու իրենց փորձառության և տեղի հայկական համայնքի հետ կազմակերպվող հանդիպումների մասին։ Ի վերջո, ավագ դպրոցի աշակերտները, տեղեկանալով ամերիկյան բուհերի ճկուն համակարգի և տրվող լավագույն հնարավորությունների մասին, հայտնեցին իրենց մեծ պատրաստակամությունը դիմելու ամերիկյան լավագույն կրթական հաստատություններ։

Նանե Միրզոյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>