3 դաս Վահե Անդոնյանսից ավագ դպրոցի աշակերտների համար

«Այբ»-ում հյուրընկալեցինք ձեռնարկատեր, SCDM, Cognaize ընկերությունների հիմնադիր տնօրեն, Ֆրանկֆուրտի Ֆինանսների և կառավարման դպրոցի ավագ դասախոս Վահե Անդոնյանսին: Անդոնյանսը աշակերտների ու ուսուցիչների հետ զրուցեց իր գործունեությունից, իր համար կյանքում կարևոր դասերից: Ամփոփ ներկայացնենք Անդոնյանսի ներկայացրած երեք կարևոր դասերը:

Դաս 1: Կասկածի տակ դրեք իրերի ներկա դրությունը․ (Question the status quo)

Արդյո՞ք այն այն ամենը, ինչ գոյություն ունի մեր շուրջ, ճիշտ է, թե՞ ոչ: Չէ՞ որ մեզ շրջապատող աշխարհում շատ բաներ ստեղծվել են մարդու կողմից և ստեղծվելու համար ունեցել հստակ պատճառ կամ հիմք: Ասածն ավելի պատկերավոր դարձնելու համար Անդոնյանսը բերեց ամենասովորական դանակի օրինակը․ ժամանակակից դանակների սուր կողմը հիմնականում կլոր ձև է ունենում: Իսկ ինչո՞ւ: Պատճառն այն է, որ դեռ միջնադարում մարդիկ դանակի սուր ծայրն օգտագործում էին, օրինակ, ատամներ մաքրելու, շատ հաճախ միմյանց դանակով հարվածելու և զանազան այլ նպատակներով, որոնք դանակի բուն նպատակի հետ կապ չունեին: Եվ ահա որոշվեց ստեղծել կլոր ծայրերով դանակներ, որոնք մինչ այժմ էլ օգտագործվում են: Սակայն շատ քչերն են իրենց հարց տվել, թե ինչու է դանակի ծայրը կլոր:

Ձեռնարկատեր լինելու համար անհրաժեշտ է անընդհատ հարցեր տալ շրջապատող աշխարհի մասին: Պետք է մտածեք՝ արդյո՞ք կա ավելի լավ տարբերակ՝ ստեղծելու միևնույն գործառույթ կատարող որևէ իր: Ձեռնարկատիրոջ հիմնական առաքելությունն աշխարհում ինչ-որ բան փոխելն ու կատարելագործելն է:

Դաս 2: Սոցիալական ուսումնառություն ․ (Social learning)

Չնայած նրան, որ արհեստական բանականությունը մեծ հաջողությունների է հասել մեր օրերում, սակայն այն դեռևս չի կարողանում կրկնել մարդու մտածելակերպն ու կարողությունները: Մարդը, ի տարբերություն ԱԲ-ի, շատ հեշտ և արագ է սովորում: Օրինակ՝ մարդուն որևէ երևույթ բացատրելու համար բավական է մեկ-երկու օրինակ բերել: Այնինչ համակարգչին որևէ ալգորիթմ «սովորեցնելու» համար անհրաժեշտ է հազարավոր օրինակներով «բացատրել»: Մի զարմանալի հատկություն էլ կա, որի շնորհիվ մարդիկ կարողանում են արագ սովորել: Մենք կարող ենք միմյանց հետ տեղեկույթ փոխանակել: Մարդիկ, իրար հետ շփվելով, կարող են բազմաթիվ տարբեր բաներ սովորել, ինչը չի կարող անել համակարգիչը: Այսինքն՝ երկու համակարգիչներ չեն կարող խոսել իրար հետ և այդպիսով նոր բաներ սովորել: Այս երևույթը անվանում են «սոցիալական ուսումնառություն»: Սա ունի և իր առավելությունները, և թերությունները: Պատմականորեն մեր ուղեղը այնպես է ստեղծված, որ ամեն հարմար առիթով փորձում է էներգիա խնայել: Էներգիա խնայելու նպատակով ուղեղը «որոշել է», որ պետք է անվերապահորեն վստահի և կասկածի տակ չդնի այն մարդկանց հայտնած տեղեկույթը, ում մենք վստահում ենք: Այդպիսի մարդիկ կարող են լինել մեր ծնողները, ընկերները, հարազատները և այլք: Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է ընտրել ճիշտ ընկերների և ճիշտ մարդկանց, քանզի հետագա շփման ընթացքում մեր ուղեղը կամա թե ակամա սովորելու է նրանց: Այսպիսով՝ պետք է զգուշությամբ և մեծ կարևորությամբ վերաբերվենք մեզ շրջապատող մարդկանց ընտրությանը:

Դաս 3: Կառավարեք Ձեր շրջապատը (Control your environment)

Քննարկումը շարունակելով՝ Անդոնյանսը խոսեց երրորդ կարևոր դասի մասին․ ձեռնարկատեր լինելը բարդ է: Բազմաթիվ փորձություններ ու դժվարություններ են սպասում նրանց, ովքեր ընտրում են այս ճանապարհը: Յուրաքանչյուր օր արթնանալով՝ չես կարող կանխատեսել թե ինչ տեղի կունենա, բայց պետք է պատրաստ լինել դիմակայելու կյանքի փորձություններին և ամեն օր տքնաջան աշխատելու: Վահե Անդոնյանսը նշեց, որ իր տանը հեռուստացույց չունի, քանզի վստահ է, որ աշխատանքից հոգնած տուն վերադառնալուց հետո բնական է, որ մարդն ունենում է հանգստանալու և մի կես ժամ հեռուստացույց դիտելու ցանկություն: Սակայն փորձը ցույց է տալիս, որ կես ժամը վերածվում է 4 ժամի, և այդպես էլ չես հասցնում ոչինչ անել: Դրա համար էլ կարևոր է կառավարել քո միջավայրն ու հնարավորինս վերացնել բոլոր շեղող հանգամանքները: Պարոն Անդոնյանսը պատմեց, որ աշխատելիս հիմնականում անջատում է հեռախոսի ձայնն ու հեռախոսը մի կողմ դնում, որովհետև գիտի, որ այն կենտրոնացման համար մեկ թշնամին է: Պարոն Անդոնյանսը ավագ դպրոցի աշակերտներին նաև պատմեց, թե ինչպես է հաղթահարում իր համար դժվար ժամանակները: Անընդհատ շարունակվող անհաջողություններից հետո, երբ նա գալիս էր տուն և լիովին հուսալքված ցանկանում մեկնվել անկողնուն, աչքին էր հառնում առաստաղին փակցված գրառումը, որտեղ ասվում էր, որ կարևոր չէ, թե որքան ուժեղ կարող ես հարվածել դու, կարևոր է, թե որքան ուժեղ հարվածի կարող ես դիմակայել: Այդ պահին նա կրկին ոգեշնչվում էր և շարունակում ավելի մեծ եռանդով աշխատել: Յուրաքանչյուր ոք պետք է գտնի իրեն ոգեշնչող միջավայրը և փորձի ապրել այդ միջավայրում:

Ահա այսպիսի խորհուրդներ էր պատրաստել Վահե Անդոնյանսը «Այբ» ավագ դպրոցի աշակերտների համար:

Սյուզաննա Խալաթյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>