ՀԲԸՄ «Վահե Կարապետյան» կենտրոնում բնակվող այբեցի աշակերտները հյուրընկալեցին ուսուցիչներին

«Այբ» դպրոցի բոլոր կացարանաբնակ աշակերտները գիտեն, որ ուսումնական տարվա ամենասպասելի օրերից մեկը ուսուցիչների և աշխատակիցների հյուրընկալումն է ՀԲԸՄ «Վահե Կարապետյան» կենտրոնում: Այս միջոցառումն իր յուրահատուկ տեղն է ամրագրել կացարանի մնայուն ավանդույթներում: Այն հնարավորություն է ընձեռում ուսուցիչներին շփվելու աշակերտների հետ դասերից դուրս և ծանոթանալու նրանց առօրյային և ապրելակերպին:

Երեկոն սկսվում է ընթրիքով, երբ հյուրերն ու աշակերտները միասին ընթրում են՝ միաժամանակ զրուցելով և քննարկելով տարատեսակ թեմաներ: Ընթրիքից հետո նախատեսվում է շրջայց կացարանի տարածքով՝ ներառյալ կացարանի բնակիչների սենյակները: Ամեն աշակերտ ունի իր յուրահատուկ անկյունը կացարանում, որը հասանելի է դառնում իրենց դասավանդող ուսուցիչներին բացառապես տարվա այս օրը: Շրջայցի ընթացքում երեխաները պատմում են նաև տարբեր զավեշտալի պատմություններ, որոնք տեղի են ունեցել իրենց հետ կացարանում բնակվելու տարիներին: Վերջում ուղևորվում ենք նաև համակարգողների սենյակ, որի դռները մշտապես բաց են բոլորի առջև, իսկ համակարգողները՝ օգնելու և աջակցելու պատրաստ: Իսկ առաջին հարկի դահլիճում մեզ սպասում էր փոքրիկ քննարկում կացարանի արժեհամակարգի վերաբերյալ: Գլխավոր խոսնակը Դավիթ Սահակյանն էր: Զրույցից հետո կացարանում բնակվող երեխաները ցուցադրեցին իրենց անակնկալը, որը տեսանյութ էր՝ կացարանի կյանքի այս տարվա բազմաբնույթ պահերով համեմված: Տեսանյութն ուղեկցվում էր երգով, որն այսուհետ լինելու է կացարանի օրհներգը:

Այնուհետև եկավ թիմային աշխատանքն ամրապնդելու խաղ, որի ընթացքում երեք թիմեր պետք է փորձեին գուշակել երգը կամ ֆիլմը՝ ելնելով ցուցադրվող նկարներից: Այսպիսի ջերմ միջավայրում կարողացանք վայելել միմյանց ներկայությունը և կիսել մեր գիտելիքները երգերի և ֆիլմերի ոլորտում: Հաջորդ կայարանը կացարանի ընդունարանն էր, որտեղ արդեն նախապատրաստված էր հյուրասիրություն: Քաղցրեղենի շուրջ ներկաներից յուրաքանչյուրը թղթիկի վրա գրառեց 2 ճշմարիտ և 1 սուտ փաստ իր մասին, իսկ մնացածը պետք է փորձեին գուշակել, թե ում մասին է խոսքը: Խաղի ընթացքում բացահայտվեցին դպրոցի թե՛ անձնակազմի, թե՛ աշակերտների մասին անհայտ փաստեր, ինչն է՛լ ավելի ամրացրեց մեր կապը:

Դե էլ ի՞նչ կացարանական հանդիպում, եթե այն չավարտվեր ազգային պարով: Միասին շուրջպար բռնեցինք և «Շավալիով» ավարտեցինք երեկոն: Որոշ ուսուցիչների և աշխատակիցների համար սա առաջին այցն էր «Վահե Կարապետյան» կենտրոն, իսկ ոմանք էլ արդեն հասցրել էին մշտական հյուրեր դառնալ: Աշակերտները մեծ խանդավառությամբ հյուրընկալեցին նրանց և փորձեցին մասնակից դարձնել իրենց առօրյային, որը մշտապես հագեցած է բազմազան պատմություններով: Ինչպե՞ս կարող է հագեցած չլինել, երբ դու ապրում ես ընկերներիդ հետ, իսկ ամեն ներ օրը նոր արկածների հնարավորություն է տալիս:

Այսպիսով՝ ավարտվեց հանդիպումը «Վահե Կարապետյան» կենտրոնում, սակայն սա դեռ պատմության ավարտը չէ: Միջոցառումը լինելու է շարունակական, ուստի մենք ակնկալում ենք պարբերաբար տեսնել ուսուցիչներին կացարանում: Չէ՞ որ այն «Այբ» դպրոցի մի կարևոր մասնիկն է:

Սյուզաննա Խալաթյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>