Ո՞վ ենք մենք, որ անպարտելի ենք

Յուրաքանչյուրիս հոգում կա անավարտ մի երազանք, կտրված մի գիծ, չկատարված մի ցանկություն... Դարերն ու ժամանակն անզոր են մոռացության մատնելու մեր հոգու ամենաթաքուն ցավերը... Սրտի կսկիծով ու անսահման հպարտությամբ, չկորչելով դարերի արհավիրքում, ժամանակից կառչող ու սեփական ազատության համար մարտնչող, քարից հաց քամող ու ժայռից տուն ստեղծող, աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի սերունդ ենք... Կանք ու շարունակում ենք առաջ շարժվել՝ ամուր կառչելով մեր պապենական արմատներից, ունենալով անսահման մեծ հույս, հավատ և հպարտություն:

Իսկ ինչի՞ շնորհիվ չենք կորել պատմության էջերում, ինչի՞ շնորհիվ կանք ու այսօր էլ շարունակում ենք արմատներ գցել, տարածվել աշխարհով մեկ, հիացնել բոլորին՝ Աստծուց մեզ ընձեռված բազմապիսի տաղանդներով ու շնորհներով, մեր մշակույթով ու խելքով: Ես կտամ շատերին հուզող այս հարցի պատասխանը. մեզանում բազմաթիվ են նվիրյալները՝ սկսած զինվորներից, ովքեր իրենց անձնուրաց պարտքն են մատուցում հայրենիքին, վերջացրած ուսուցչով, որը կրթում ու դաստիարակում է սերունդներ՝ ազգին տալով բարեխիղճ, հոգատար, խելացի ու նվիրյալ անհատներ: Սակայն եկեք խոստովանենք, որ զինվորներին պետք է առանձնացնենք բոլորից, քանի որ ո՛չ ուսուցիչը, ո՛չ երկրի պաշտոնյան, ոչ էլ հոգևորականը չեն անում իրենց նվիրյալ գործը սեփական կյանքի գնով:

Մեր կամքն անկոտրում է, մենք անպարտելի ենք, քանի որ մեր հայրենիքի պաշտպաններն իսկական նվիրյալներ են, իսկական մարտիկներ՝ Աստծուց տրված արիությամբ, ամուր ոգով ու քաջությամբ: Սրա վառ ապացույցն էր 2016 թ․ քառօրյա պատերազմը: Հայ զինվորն ապացուցեց, որ իր համար չկա ավելի վեհ և հավերժական գաղափար, քան հայրենիքը: Թշնամին ևս մեկ անգամ համոզվեց, որ զենքով անհնար է հային ծնկի բերել, քանի որ վերջինիս ոգին և կամքը պարտվել չգիտեն: Հասկացավ, որ հայոց հողի նվիրյալ մարտիկների համար նշանակություն չունի ո՛չ թշնամու թվաքանակը, ո՛չ տեխնիկան, ո՛չ եղանակային և շատ այլ պայմաններ. եթե զինվորը կռվում է մի բանի համար, որի վրա կա իր ապուպապերի արյունը, որում են իր արմատները, որի համար դարեր շարունակ կռիվ է տվել իր ժողովուրդը, նրա կռիվը արդար է, իսկ հաղթանակը՝ անխուսափելի։

Օրինակները չեն սահմանափակվում միայն քառօրյա պատերազմով: Դրանք շատ են, եղել են և կան: Վերջին օրերի իրադարձությունները դրա վառ ապացույցն են: Այս ամենի նկատմամբ իմ անձնական կարծիքն արտահայտելու փոխարեն կլինեմ ավելի զուսպ, և խոսքս՝ համառոտ: Հայրենիքը սեր է, ազգի գոյատևման միակ գրավականը՝ սերը հայրենիքի հանդեպ: Ուստի «մենք հավերժ ենք մեր լեռների պես, դուք հողմերի պես կկորչեք վայրագ…»: Թերևս օրինակները հավակնում են մեզանում հարատևելու հավերժորեն, քանի դեռ ունենք իրենց գործին նվիրված իսկական մարտիկներ և փաստացի ոչինչ չունեցող աչքաբաց թշնամիներ:

Խոսքս ուղղում եմ ձեզ, թերևս շատ բարդ ժամանակների քաջազուն զինվորնե՛ր: Մենք գիտենք, որ ձեզ համար չկա ավելի մեծ և հերոսաշունչ գաղափարախոսություն, քան «Հայրենիքը սկսվում է սահմանից» արտահայտությունը: Դուք դա ապացուցում եք ամեն օր, ամեն վայրկյան՝ ձեր անձնազոհ պարտքը հայրենիքին մատուցելով: Քանի դեռ կա այն սերունդը՝ մեր սերունդը, որը, վստահեցնում եմ, ձեր արժանի իրավահաջորդն է, մենք լոկ կարտաբերենք՝ շնորհակալություն այն անձնուրաց գործի համար, որն անում եք:

Հավերժ փա՜ռք ու խոնարհում այն նվիրյալներին, ովքեր նահատակվեցին,

Հավերժ փա՜ռք ու մեծարում ձեզ, հայոց քաջազո՛ւ՜ն մարտիկներ: Աստծո օրհնությամբ միշտ կանգուն ու հպա՛րտ լինեք՝ հայոց լեռների պես:

Քսենյա Մուրադյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>