«Այբ» ավագ դպրոցի աշակերտները հանդիպեցին «ՄԱԿ-ի երևանյան մոդել» (Yerevan Model United Nations, YereMUN) կազմակերպության հիմնադիր և ղեկավար Վրույր Հլղաթյանի հետ։
Հանդիպման ընթացքում ներկաները ծանոթացան կազմակերպության գործունեությանը, որն իր դասընթացների և նմանակող նիստերի միջոցով հնարավորություն է տալիս երիտասարդներին զարգացնելու հանրային խոսքի, քննադատական մտածողության ու բանակցային հմտությունները։ Ջերմ և անկաշկանդ միջավայրը հնարավորություն տվեց աշակերտներին հարցեր ուղղելու և քննարկելու ակտիվ ու պատասխանատու քաղաքացիներ լինելու կարևորությունը։
Վրույր Հլղաթյանը ներկայացրեց, թե ինչպես է դիվանագիտությունը փոխկապակցված համաշխարհային զարգացումների, բանակցային գործընթացների և միջմշակութային հաղորդակցության հետ։ Նա առանձնահատուկ շեշտեց երիտասարդների դերի կարևորությունը միջազգային մարտահրավերների հաղթահարման գործում՝ ընդգծելով, որ երիտասարդների ձայնը կարող է դառնալ փոփոխությունների շարժիչ ուժ։
Հանդիպումը ևս մեկ վառ օրինակ էր, թե ինչպես կարող է կրթական միջավայրը նպաստել աշակերտների ոչ միայն ակադեմիական գիտելիքների, այլև առաջնորդական հմտությունների զարգացմանը։