«Այբ»-ի աշակերտները՝ հեղինակ-ստեղծագործողների և թանգարանի աշխատակիցների դերում

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 17։30-ին, Ռուսական արվեստի թանգարանում բացվեց «Այբ» ավագ դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդեսը։ Ներկայացված աշխատանքները ներառում են 20-րդ դարի կերպարվեստի 5 հիմնական ուղղությունները՝ սուպրեմատիզմ, կուբիզմ, սիմվոլիզմ, սյուրռեալիզմ, պոպ-արտ։ Ցուցահանդեսին մասնակցում են դպրոցի նկարչության խմբի 20 աշակերտ՝ ներկայացնելով 25 գունանկար։ Ցուցադրությունն իրականացվում է Ռուսական արվեստի թանգարանի հետ համատեղ՝ «21-20=1 դարի արվեստ» նախագծի շրջանակում:

«Այբ» դպրոցում կարևորում ենք ամբողջական կրթությունը։ Իսկ ամբողջական կրթություն առանց արվեստի հետ ծանոթության, շփման հնարավոր չէ»,- բացման խոսքում ասաց «Այբ» դպրոցի գործառնական տնօրեն Դավիթ Սահակյանը՝ խոսելով նախագծային ուսումնառության կարևորության մասին, ինչպես նաև շնորհակալություն հայտնելով Ռուսական արվեստի թանգարանին աշակերտների աշխատանքները հյուրընկալելու համար։

Այս ցուցադրությունն առանձնահատուկ է նրանով, որ «Այբ»-ի աշակերտները մասնակցել են ոչ միայն աշխատանքների ստեղծման, այլև՝ ցուցադրության կազմակերպման ամբողջ ընթացքին: Մոտ 4 ամիս նրանք պարբերաբար հանդիպել են թանգարանային գործի մասնագետների հետ՝ ծանոթանալով ցուցադրության կազմակերպման, թանգարանային մարքեթինգի, դրամահավաքության նրբություններին: Ինչպես նաև, աջակցություն են ստացել թանգարանի աշխատակիցներից հայեցակարգի, խորագրի ընտրության, պիտակների, անոտացիոն և էքսկուրսիոն տեքստերի պատրաստման հարցերում:

Ծրագիրը թույլ է տալիս պատանիներին ներսից ծանոթանալ թանգարանային ոլորտին, ուսումնասիրել դաշտը, առկա խնդիրները՝ հետաքրքրություն առաջացնելով դրանց շուրջ:

Ինչ վերաբերում է ներկայացված աշխատանքներին, ապա դրանք առանձնանում են աշակերտների ուրույն ոճի, գույների և գաղափարների բազմազանությամբ։ Թեպետ մասնակիցներին տրված է եղել նյութեր փորձարկելու ազատություն, աշխատանքների մեծ մասն արված է գուաշով: Պատանի ստեղծագործողներին այդպես է հաջողվել փոխանցել իրենց անհատականությունն ու ինքնատիպությունը։

«Այբ» ավագ դպրոցի աշակերտները մինչև այս դպրոցի պատերից դուրս ունեցել են ևս 5 ցուցահանդես։ Առաջինը «Քաղաքային բնապատկեր» խորագրով խմբակային ցուցահանդեսն էր 2016-ին Երևանի Ա Թամանյանի անվան Ճարտարապետության Ազգային թանգարան-ինստիտուտում, իսկ մյուսը միջազգային էր՝ «Դիմանկար» խորագրով ցուցահանդեսը Գերմանիայի Մյունխեն քաղաքում, որին մասնակցում էին նաև պրոֆեսիոնալ նկարիչներ տարբեր երկրներից։ Իսկ 2018-ի ապրիլի սկզբին նկարչության խումբը մասնակցել է Դիլիջանի UWC քոլեջի կազմակերպած արվեստի փառատոնին և մեկօրյա ցուցահանդես է ունեցել քոլեջում։

Հունիսի 1-10-ը Սարգիս Մուրադյան պատկերասրահում տեղի ունեցավ «Ես» խորագրով ցուցահանդեսը, իսկ հոկտեմբերի 10-նոյեմբերի 1-ը՝ Շուշիի արվեստի կենտրոնի այցելուների համար բաց էր «21-20=1 դարի արվեստ» խորագրով ցուցահանդեսը:

Ռուսական արվեստի անգարանում բացված ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 23-ը և կուղեկցվի տարբեր տարիքային խմբերի համար կրթական ծրագրերի և էքսկուրսիաների անցկացմամբ:

Tweets by AybSchool
>