«Այբ»-ը՝ միջազգային SAT թեստավորման կենտրոն

«Այբ» դպրոցը դարձել է միջազգային SAT (Էս Էյ Թի) թեստավորման կենտրոն Հայաստանում։ SAT թեստավորման մյուս կենտրոններն են Հայաստանի ամերիկյան համալսարանը և Դիլիջանի UWC քոլեջը։ Փաստորեն, «Այբ»-ը առաջին հայկական կրթական կառույցն է, որին վստահվել է միջազգային քննական կենտրոն դառնալ։ «Այբ» դպրոցը, համալրելով SAT-ի հայաստանյան քարտեզը, բացում է հնարավորությունների դռներ ավելի շատ հայ աշակերտների համար, որոնք հայաստանյան կենտրոնների ծանրաբեռնվածության պատճառով հաճախ ստիպված էին միջազգային քննությունը հանձնել Վրաստանում։

ԱՄՆ Քոլեջների խորհրդի հետ բանակցությունները սկսվել էին դեռ 2019 թվականին, սակայն համավարակի պատճառով ամբողջ աշխարհում դադարեցվել էր SAT թեստավորման կենտրոնների աշխատանքը։ Հետկովիդյան շրջանում վերսկսվեց բանակցությունը։ «Այբ»-ը ներկայացրեց ու բավարարեց միջազգային քննական կենտրոն դառնալու բոլոր պայմանները՝ ակադեմիական ծրագիր, ֆիզիկական տարածք, թվանշային հնարավորություններ։ Արդեն 2022 թվականի օգոստոսից «Այբ»-ում անցկացվում են SAT թեստի քննություններ։

SAT-ն ԱՄՆ քոլեջների և համալսարանների մեծ մասում ընդունելության քննության ժամանակ կիրառվող թեստ է։ Այն ստեղծվում և անցկացվում է Քոլեջների խորհրդի կողմից, բազմընտրական է, թղթային և լրացվում է մատիտով։

SAT-ն նպատակ ունի ստուգելու ավագ դպրոցի աշակերտի՝ քոլեջին պատրաստ լինելու աստիճանը և քոլեջներին տրամադրելու տվյալների մեկ ընդհանուր ձև՝ բոլոր դիմորդների գիտելիքները համեմատելու համար։

SAT թեստի մասին առավել մանրամասն՝ հղումով։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>