Մասնագիտական կողմնորոշում. տեղի ունեցավ շրջանավարտների ու աշակերտների ավանդական հանդիպումը

Այբական միջոցառումների անբաժանելի մասն է շրջանավարտների հետ աշակերտների հանդիպումը։ Ամենամյա այս հանդիպումը հնարավորություն է ընձեռում աշակերտներին ստանալու մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն իրենց ճանապարհն անցած և բուհական ընդունելության դժվարություններին բախված շրջանավարտներից։ Սա նաև «Այբ» համայնքը ամրապնդելու և շրջանավարտ-աշակերտ համագործակցության հաստատմանն ուղղված քայլ է, որն ընդլայնում է կապերն «Այբ» ընտանիքում։

Հանդիպումը բաղկացած էր երկու փուլից։ Սկզբում շրջանավարտները ներկայացան, պատմեցին իրենց մասնագիտության մասին։ Այնուհետև տեղի ունեցավ թեյախմություն, որտեղ մտերմիկ միջավայրում աշակերտներն ուղղեցին իրենց հարցերը շրջանավարտներին։

Շրջանավարտների մասնագիտություններն ու բուհական ընտրությունները բազմազան էին ու փորձաշատ։

Շրջանավարտների մի մասը խոսեց բժշկի մասնագիտության մարտահրավերային կողմերից։ Ուսման երկար ընթացքի, ուսանելու հետ մեկտեղ աշխատանքի համատեղման դժվարությունների մասին խոսեցին առանց, ինչպես իրենք նշեցին, ռոմանտիկ երանգավորման։ Այս ամենի հետ մեկտեղ, կիսելով սեփական փորձառությունը, չմոռացան նշել այս մասնագիտության անփոխարինելիության և կարևորության մասին։

Իրավաբանություն ուսումնասիրող այբեցիները պատմեցին իրավաբանի մասնագիտության, ուսումնական պրոցեսի բարդությունների և գրավիչ կողմերի մասին։

Նորաձևության աշխարհում հաջողությունների հասած շրջանավարտը պատմեց դեպի նորաձևության աշխարհ տանող իր կարմիր գորգի մասին՝ կոտրելով վախերը և կարծրատիպերը: Նա շատ աշակերտների գրավեց դեպի նորաձևության ոլորտը: Կային նաև շրջանավարտներ, որոնք բացահայտել են գիտնականի աշխատանքի հետաքրքիր, մարտահրավերային ու հետաքրքիր կողմերը: Արդի տարածված մարկետինգ մասնագիտությունը, թվում է, բոլորը գիտեն՝ ինչ է, սակայն ավագ շրջանավարտն այն ներկայացրեց ներսից ու ավելի իրական պատկերացումներ տվեց ոլորտի մասին։ Աշակերտների մեծ հետաքրքրությունը սևեռվեց նաև կինոարտադրության ներկայացուցչի վրա:

«Անգլերեն և հաղորդակցություն» երբեմն թերագնահատված մասնագիտացումը մեզ համար նորովի բացահայտեցին դրա դասընթացներն անցնող շրջանավարտները: Նրանք խոսեցին դասընթացների հետաքրքիր և արվեստի առարկաներով լի լինելու, տված հնարավորությունների ու գիտելիքների մասին։

Մենք նաև ավելի լավ պատկերացում ունեցանք բուհական ընդունելության գործընթացի մասին՝ մանրամասներ լսելով ավագ այբեցիներից: Խոսեցինք ինքնակրթության կարևորության՝ հատկապես ապագայում հաջողության բանալիներից մեկը լինելու մասին նաև։

Գյուլնարա Սարգսյան

11-րդ դասարան

Կիսվել

Tag Բլոգ Tag Blog

Tweets by AybSchool
>