«Արտադաս»՝ դասարանից դուրս արվեստ Դիլիջանի աշակերտների համար

Դիլիջանի համայնքային կենտրոնում տեղի ունեցավ «Այբ» ավագ դպրոցի նախագծային ուսումնառության «Արվեստանոց» ակումբի՝ 2020–2021 ուսումնական տարվա «Արտադաս» նախագծի պաշտոնական մեկնարկն ու գործարկումը, որն աշակերտների մեկ տարվա աշխատանքի ամփոփումն էր։

«Արտադաս» նախագծի շրջանակում աշակերտները որոշել են լուծել միջին դպրոցի աշակերտների՝ արվեստի հանդեպ ունեցած թերահավատության և ստեղծագործելու կաշկանդվածության խնդիրները՝ ստեղծելով համապատասխան կրթական ծրագիր։ Յուրաքանչյուր աշխատարան աշակերտների ջանքերով ստեղծված տեսանյութերի, խաղերի, առաջադրանքների խտացումն է, որ բացահայտում է արվեստի բազմաթիվ ճյուղերից մեկը։

Նախագծի առաջին շահառուները Դիլիջանի տարբեր դպրոցների 6-9-րդ դասարանի մոտ քսան աշակերտներն էին։ Դասընթացի ընթացքում «Այբ» դպրոցի աշակերտներն ու շրջանավարտները աշակերտներին ցուցադրեցին իրենց ստեղծած տեղեկատու տեսանյութերն ու սահիկաշարերը, «Արտադասի» շրջանակում մշակված խաղերն էլ օգնեցին մասնակից աշակերտներին յուրացնելու և ամրապնդելու նոր կրթական նյութը։

«Արվեստանոց» ակումբը նախատեսում է շարունակել իր ճամփորդություններն ու ուսումնական ծրագրի գործարկումը Հայաստանի տարբեր մարզերում և քաղաքներում՝ այդպիսով սկիզբ դնելով դասասենյակից դուրս արվեստի՝ «Արտադասի» տարածման շղթային։

«Արտադասը» «Այբ» ավագ դպրոցի նախագծային ուսումնառության «Արվեստանոց» ակումբի հինգերորդ նախագիծն է՝ «Ռոքապատկերում», «Մի կտոր երևանցի», «Տեսողական պոեզիա» և «Քաղաքանդակ» նախագծերից հետո։

«Այբ» դպրոցում նախագծային ուսումնառության շրջանակում մշակվում և ստեղծվում են երկարաժամկետ համայնքային նախագծեր, որոնք նպատակ ունեն բարձրաձայնելու և լուծելու հանրային կարևորության խնդիրներ։ Դպրոցում գործում են տասը թեմատիկ նախագծային ակումբներ, որոնցից յուրաքանչյուրն ամեն տարի վերահաստատում է «Այբ» դպրոցի «Իմա և արա» նշանաբանի գործնական, իրագործելի ու առանցքային լինելը։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>