Առցանց «Այբապատում» Ներքին Կարմիրաղբյուրի և Ներքին Ծաղկավանի դպրոցներում

Այս տարի նույնպես կայացավ սպասված «Այբապատում» նախագիծը, որն ուղղված է մարզային դպրոցների հետ համագործակցության ստեղծմանը։ Այս նախագիծը հատկապես նպաստում է աշակերտների դասավանդման և դասընթացների կազմման փորձառության աճին և հետաքրքիր ժամանցին։

«Այբապատման» ժամանակ «Այբ» դպրոցի աշակերտները մեկնում են Հայաստանի սահմանամերձ համայնքներ և այնտեղ դասընթացներ կազմակերպում, որի արդյունքում ձեռք են բերում նորանոր հմտություններ՝ կապված լսարանի հետ աշխատելու, կրթության հանդեպ սեր սերմանելու և անձամբ կրթության սփռմանը նպաստելու հետ։ Այստեղ այբեցիները սովորեցնում և սովորում են։ Ընտրված մարզային դպրոցների համար իրականացվող դասընթացների թեմաները զարգացնում են զանազան հմտություններ։ Ուշագրավն այն է, որ մատուցվող դասանյութերը կազմում են աշակերտները ուսուցչի օգնությամբ՝ ըստ «Այբ»-ում ձեռք բերած իրենց գիտելիքների, քանի որ հիմնական նպատակը ստանդարտից դուրս՝ «Այբ»-ին բնորոշ վերլուծական հմտություններ զարգացնող դասանյութերի ստեղծումն է։

«Այբապատումը», սակայն, համավարակի պատճառով արդեն երկրորդ անգամ տեղի չունեցավ հիմնական ձևաչափով, ըստ որի նախատեսվում էր ուսուցիչների ուղեկցությամբ մեկնել հյուրընկալող դպրոցներ և կազմակերպել գիշերակաց ընտրված գյուղերում։ Փոխարենը համաճարակային պայմանների պատճառով նախագիծը մեկնարկեց առցանց։

Այս անգամ այբական շունչն ու ոգին տարածվեց Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր և Ներքին Ծաղկավան սահմանամերձ գյուղերում։ Յուրաքանչյուր աշակերտական զույգ իրավունք ուներ գրանցվելու միայն մեկ ուղղության համար։ Դասընթացները աշակերտները պատրաստել են զույգերով և ներկայացրել են ուսուցիչների հաստատմանը։ Այս տարի նույնպես ընտրվել էին բազմապիսի առարկաներ՝ հայոց լեզու, քիմիա, պատմություն, մտածելու հմտություններ, բիզնես, ժամանակի կառավարում և այլն։ Դասավանդումը նախատեսված էր ընտրված դպրոցների 7-11-րդ դասարանների աշակերտների համար։ Դասանյութերի ներկայացումից որոշ ժամանակ անց հայտարարվեցին չափանիշներին համապատասխանող և ըստ այդմ ծրագրի շրջանակում դասավանդող աշակերտների անունները, նաև արդեն սկսվել են առցանց դասերի կազմակերպման գործընթացները, սակայն անմասն չեն մնացել նաև ներկայացված բոլոր դասընթացների այն հեղինակները, որոնք հետևել են ժամկետներին, ներկայացված չափանիշներին, բայց չեն ընտրվել։ Աշակերտները նաև ստանում են արձագանք, որի հիման վրա հետագայում կարող են է՛լ ավելի լավը դարձնել իրենց աշխատանքը։

Ահա այսպես մեկնարկեց այս տարի «Այբապատումը»։ Առցանց ձևաչափը չխանգարեց ո՛չ այբեցիներին և ո՛չ էլ համագործակցող դպրոցների աշակերտներին դասերն ակտիվ և հետաքրքիր անցկացնելու։ Դասավանդող աշակերտներն անցկացված հանդիպումներից և առցանց ծանոթություններից գոհ են և ոգեշնչված։ Եվ, ինչո՞ւ ոչ, պատրաստակամ են իրենք էլ սովորելու գործընկեր դպրոցների իրենց հասակակիցներից։

Մերի Գրիգորյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>