Տեղի ունեցավ AybMUN միջոցառումը


Հունվարի 30-31-ին և փետրվարի 1-ին «Այբ» դպրոցում տեղի ունեցավ երկար սպասված AybMUN միջոցառումը՝ ՄԱԿ-ի այբական մոդելը: AybMUN-ը, որը նախաձեռնել և կազմակերպել են ավագ դպրոցի աշակերտները, միջավայր է, որում մենք՝ պատվիրակներս, համախմբվել էինք լուծելու արդի աշխարհի հիմնախնդիրները՝ դիվանագիտական բանակցությունների միջոցով: Այս միջոցառումը մեզ հնարավորություն տվեց զարգացնելու դիվանագիտական մտածողությունը, բանակցության ու բանավեճի հմտությունները, պաշտպանելու յուրաքանչյուրիս տեսակետը, սովորելու գալ փոխհամաձայնության՝ զուգահեռ լսելով և հասկանալով այլ երկրների դիրքորոշումները: AybMUN-ի ընթացքում հասկացանք, թե որքան կարևոր է լսելի դարձնել յուրաքանչյուրիս ձայնը, քանի որ հենց այդպես կարող ենք մեր ներդրումը ունենալ համաշխարհային խնդիրների լուծման գործընթացներում:

Միջոցառման մեկնարկն ազդարարվեց բացման խոսքով, որը հստակեցրեց միջոցառման արժեքային շրջանակը և ոգեշնչեց մասնակիցներին։ Հիմնախնդիրների լուծման համար ձևավորվեց 4 հանձնախումբ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, Մարդու իրավունքների խորհուրդ, Շրջակա միջավայրի ծրագրի և Տնտեսական և սոցիալական խորհուրդներ: Յուրաքանչյուր հանձնախմբում քննարկվում էր ժամանակակից աշխարհի մեկ հիմնախնդիր, ինչպիսին են Սուդանում փախստականների ճամբարներում սեռով պայմանավորված բռնության կանխումը և կանանց պաշտպանությունը, ռուս-ուկրաինական պատերազմը և միջազգային խաղաղության վերականգնումը, կոնֆլիկտային գոտիներում սննդային ապահովության ուժեղացումը, Մերձավոր Արևելքում ջրային անվտանգության պահպանումը:

Հանձնախմբերի աշխատանքներին զուգահեռ՝ 2-րդ օրն ունեցանք հետաքրքիր պանելային քննարկում COP17 համաժողովի շուրջ: Քննարկման ընթացքում հյուրերը՝ Գարեգին Վարդևանյանը, Արաքսյա Բաբիկյանը և Արսեն Գասպարյանը, մանրամասն անդրադարձան համաժողովի անցկացմանը Հայաստանում և Հայաստանի օրինակով բացատրեցին մի շարք բնապահպանական լուրջ խնդիրներ, որոնք արդի աշխարհում շատ կարևոր է գիտակցել և աշխատել լուծել: Քննարկվեցին ոչ միայն բնապահպանական, այլև ռազմավարական, դիվանագիտական հարցեր։ Պանելային քննարկումն ամփոփեցինք «հարց ու պատասխան» ձևաչափով՝ լսարանի ակտիվ մասնակցությամբ:

Եթե հանձնախմբերում և պանելային քննարկումների ժամանակ մենք աշխատում էինք նախապես ծանոթ թեմաների շուրջ, ապա ճգնաժամային նմանակումը AybMUN-ի ամենաթեժ և մարտահրավերային հատվածն էր։ Հավաքվել էինք բոլոր հանձնախմբերով, բոլորս՝ թեմային անտեղյակ։ Պարսից ծոցում ԱՄՆ ռազմածովային նավի պայթեցումը, որը վերագրվում է Իրանին։ Թեհրանի դեմ իսրայելական հրթիռային հարվածները, քաղաքացիական զոհեր, փողոցային բողոքներ, համացանցային կապի խափանումներ։ Ռուսական զինված ուժերի առկայությունը Հայաստանի տարածքում։ Եվ այս ամենը լուծելու համար՝ ընդամենը 2 ժամ։ Ճգնաժամի ընթացքում սովորեցինք արագ կողմնորոշվել քաոսային իրավիճակներում և որոշումներ կայացնել ճնշման տակ, և այդ ամենը՝ համագործակցաբար։ Ճգնաժամն ավարտվեց, բայց դրանից սովորած դասերը՝ արագ մտածելու, թիմով աշխատելու և ճնշման տակ որոշումներ կայացնելու հմտությունները, մեզ հետ կմնան ամբողջ կյանքի ընթացքում։

Եթե լիներ «AybMUN-ի ամենահիշարժան հատվածը» անվանակարգ, ապա դրան հաստատ կարժանանար շրջանաձև բանավեճը։ Դրա շրջանակում ընթացավ թեժ ու ծավալուն քննարկում Հայաստանին անմիջապես առնչվող արդի հիմնահարցի շուրջ՝ «Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները Թուրքիայի հետ»։ Հիմնական խոսնակները` Մարին և Արմանը, բերեցին 4 դիպուկ պնդում, որոնց պետք է հակադրվեին մասնակիցները։ Հարկ է նշել, որ բանավիճելը բավականին դժվար էր, սակայն շատ հետաքրքիր։ Բանավեճի թեման մտածելու տեղիք տվեց, իսկ խոսնակների լուրջ մոտեցումը ստիպեց դրսևորել զգոնություն, արագ կողմնորոշվել, հաղթահարել մտքեր արտահայտելու վախը։ Բանավեճն այնքան գրավիչ էր, որ նույնիսկ չնկատեցինք, թե ինչքան արագ ավարտվեց ժամանակը։ Այս ձևաչափով քննարկումները թույլ են տալիս ընդլայնել աշխարհայացքը և, տիրապետելով բանավիճելու կանոններին, ունենալ արդյունավետ խոսակցություն։

AybMUN-ում պակաս կարևոր չէ մարդկային գործոնը: Ընդմիջումներին պատվիրակների հետ ոչ ֆորմալ շփումը, ծանոթացման խաղերը, միասին ազգային պարեր սովորելը ձևավորում էին ամուր կապեր, որոնք կպահպանվեն AybMUN-ից հետո՝ դառնալով ապագա համագործակցությունների հիմք: Սա կարևոր է դիվանագիտության ոլորտում, քանի որ միջազգային հարաբերությունների հաջողությունը հաճախ կախված է պատվիրակների միջև անձնական վստահության և փոխըմբռնման մակարդակից։

AybMUN-ը մեզ համար պարզապես միջոցառում չէր, այլ նոր փորձություն, նոր հիշողություններ ու զարգանալու նոր հնարավորություն։ Այս փորձառությունը մեր առջև բացեց մի շարք դռներ։ Շատերը կարողացան կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում կամ բացահայտել սեփական հետաքրքրություններն ու հնարավորությունները։ Տարբեր զվարճալի «պատիժների» շնորհիվ իրար ավելի լավ ճանաչեցինք, ոմանք բացահայտեցին իրենց թաքնված տաղանդները, և, իհարկե, միջավայրը դարձրինք ավելի ջերմ և մտերմիկ։ Յուրաքանչյուր մասնակից, վստահ ենք, արդեն սպասում է ՄԱԿ-ի այբական հաջորդ մոդելին։

Մայա Մելիքյան
Մանե Համբարձումյան

10-րդ դասարան

Tweets by AybSchool
>