2024-2025 ուսումնական տարվա նախագծային ակումբները

«Իմերսիվ թատրոն» ակումբ

Շարունակելով իր գործունեությունը՝ «Իմերսիվ թատրոն» ակումբը փորձում է կոտրել թատրոնի մասին քարացած կարծրատիպերը՝ մարդկանց ծանոթացնելով ժամանակակից թատրոնի ճյուղին, որտեղ հանդիսատեսը ոչ միայն դիտում է ներկայացումը, այլև հնարավորություն ունենում դառնալու ներկայացման մասնակից։ Ակումբը նպատակ ունի գրավելու դեռահասների ուշադրությունը՝ բարձրաձայնելով նրանց անհանգստացնող խնդիրները։ Այս տարի ներկայացումը խոշորացույցի տակ է առնելու հետևյալ խնդիրները՝ կարծրատիպեր, աշխարհում իմ տեղը և իմ խնդիրների հանդեպ մարդկանց անուշադրությունը:


«Նոր ինքնություն» ակումբ

Այս ակումբի առաքելությունն է նորաձև մոտեցմամբ հանրահռչակել հայկական ինքնությունը՝ հավաքական տրավման հաղթահարելու և դիմակայուն մտածողությամբ սերունդ ունենալու համար։ Հայկական մոռացված պատմամշակութային խորհրդանիշներից մեկը՝ վիշապը (վիշապաքարը), նորովի կմատուցվի նորաձևության ոլորտում կրելի և հարմար հագուստի միջոցով։ Եվ այսպես՝ WishUp հագուստի ապրանքանիշը կհանրայնացնի մեր հավաքական նոր ինքնությունը նոր մոտեցմամբ։ Նախագիծը սոցիալ-ձեռներեցական է, ունի կայուն բիզնես մոդել։


«Վեբմաստեր» ակումբ

Ակումբը համագործակցելու է Հայաստանի կինոյի հիմնադրամի հետ և նրա հետ մշակելու է նախագիծ, որի շրջանակում պատրաստվելու է կայք:


Ինժեներական ակումբ

Շարունակելով իր գործունեությունը՝ ակումբն այս տարի պատրաստվում է ներկայանալ ավելի մարտահրավերային նախագծով․ այս տարի այն ոչ միայն կշարունակելու է իր գլխավոր առաքելությունը՝ ռոբոտների ստեղծումը, այլ նաև, ռոբոտաշինության մրցույթի կազմակերպմամբ, դրանում ներգրավելու այլոց:

Մրցույթի շրջանակում կիրականացվեն կրթական սեմինարներ, խորհրդատվություններ և գործնական աշխատանքներ։
Ակումբի անդամները կպատրաստեն նմուշային ռոբոտներ մրցույթի մասնակից թիմերի համար՝ նրանց առջև դրված խնդիրներն ավելի հասկանալի, տեսանելի և շոշափելի դարձնելու նպատակով։


«Կանաչ քիմիա» ակումբ

  • «Metallic Combat» խումբը կշարունակի թորման ճանապարհով պլաստիկների վերամշակման արդյունքում ստացված ածխային հիմքով սորբենտի կլանողունակության ուսումնասիրությունները ծանր մետաղների կատիոնների նկատմամբ, ինչպես նաև կմշակի մակերևութային ակտիվությունը մեծացնող համակարգեր խիտոզանի հիմքի վրա։
  • TerraFix - Մեր օրերում գյուղատնտեսական տարածքների անխնա և մեծածավալ շահագործումը բերել է հողերի որակի և բերրիության նվազմանը (դեգրադացմանը, որը հաճախ շփոթում են էրոզիայի հետ) և այլ բազմաթիվ խնդիրների։ TerraFix նախագծի թիմի նպատակը էկոհամակարգի համար անվտանգ մի այնպիսի հեղուկ կամ կոմպոստանման նյութ ստեղծելն է, որը թույլ կտա հնարավորինս կարճ ժամկետներում վերադարձնել հողն իր նախնական վիճակին։
  • «Բիոպլաստիկներ» նախագիծն իր աշխատանքները կզարգացնի կենսաքայքայվող հակաբակտերային թաղանթների ստեղծման ուղղությամբ։ Այս անգամ թաղանթը ստեղծվելու է հակաբիոտիկ հատկություններով օժտված բույսերի էքստրակտների հիման վրա և ծառայելու է որպես գյուղատնտեսական մթերքների փաթեթավորման և պահեստավորման միջոց։


«Կաքավագիր» ակումբ

Յուրաքանչյուր հայաբնակ տարածաշրջանում ստեղծվել է յուրահատուկ մշակույթ՝ ներառյալ պարերը։ Ոչ նյութական մշակութային ժառանգության՝ պարերի պահպանումն ու փոխանցման խնդիրը սուր է հատկապես այսօր՝ հայաթափված Արցախի պայմաններում․ կա Արցախի ամբողջ մշակույթի կորստի, ինչպես նաև թշնամու կողմից յուրացման վտանգ։ «Պարի կենսապայքարը» նախագիծը նպատակ ունի պարի առաջնային կրողներից գրառելու պարանմուշներ և մշակույթի այլ տարրեր, ստեղծելու հոդված, որը կամփոփի ողջ հետազոտությունը, Կարինի հետ համագործակցությամբ պարեր բեմականացնելու և կազմակերպելու պարուսուցումներ հայության համար:


«Մուլտիմեդիա» ակումբ

Ակումբը նպատակ ունի տարբեր սոցիալ-մշակութային խնդիրներ բարձրաձայնել հանրությանը հետաքրքիր, հեշտ, հասանելի և տարբերվող ձևաչափերով: Այն նկարահանելու է հեռուստաֆիլմ՝ «Հաղթանակի ետնաբեմում» խորագրով։ Ֆիլմում հարցազրույցների միջոցով խոսվելու է տարբեր՝ հայտնի և անհայտ մարզաձևերի և մարզիկների մասին։ Կներկայացվի` ինչպիսին է սպորտը Հայաստանում և ինչ է առողջ ապրելակերպը հանրության համար։ Ֆիլմը կցուցադրվի Երևանում և մարզերում, և տարբեր համայնքների բնակիչներին կմատուցվեն վարպետության դասեր մարզիկների հետ համագործակցությամբ։ Սրանով նախագիծը կնպաստի Հայաստանում սպորտի նկատմամբ հետաքրքրության աճին։


«Ռոքեստր» ակումբ

Նախորդ տարի ակումբը որոշեց նախագիծը նվիրել ռոք երաժշտության և գրականության միաձուլմանը, իսկ այս տարի ակումբի թեման է տեսողական արվեստը ռոքում՝ ArtRock։

Արդեն մոտ 10 տարեկան «Ռոքեստր» ակումբի նպատակներն են` մարդկանց օգնել ճանաչել որակյալ երաժշտությունը, հասկանալ երաժշտական լեզուն, հետաքրքրվել երաժշտության պատմությամբ և այլ արվեստների կամ կյանքի այլ ոլորտների հետ առնչություններով, երաժշտությունը լսել հասկանալով ու պատասխանատվությամբ։

Նախագծի շրջանակում անդամներն ուսումնասիրելու են երաժշտական ալբոմների շապիկներ և բացահայտելու դրանց կապը երաժշտության բովանդակության հետ։ Բացի ավանդական դարձած տարեվերջյան ուսումնական համերգից՝ կտրվեն նաև այլ՝ ավելի փոքրածավալ համերգներ։


«Ստորիթելինգ» ակումբ

«Ինչպես է միջավայրն ազդում մարդու ձևավորման վրա» դարավոր հարցին ակումբը փորձելու է պատասխանել դպրոցական կյանքի մասին սերիալի միջոցով։ Սերիալը ոչ միայն բացահայտելու է այս հարցի պատասխանը այլև անդրադառնալու հայկական դպրոցների ամենագլխավոր խնդիրներին, որոնց շարքում են բուլինգը, էներգետիկ ըմպելիքների չարաշահումը և այլն։ Օգտագործելով պատմողության (storytelling) հնարքները՝ ակումբը լայն լսարանին կհասցնի դպրոցականների բազմաթիվ խնդիրներ և դրանք ճիշտ հաղթահարելու միջոցներ։


«Քաղաքախաղ» ակումբ

2024-2025 ուստարվա նախագծային ուսումնառության նորաբաց ակումբներից է «Քաղաքախաղ»-ը, որն առաջարկում է Երևանի գերեզմանատների բարելավման նախագիծ։ Ակումբը բաժանվել է մասնագիտական ենթախմբերի, որոնցից յուրաքանչյուրի անդամներն արդեն հասցրել են իրականացնել ծավալուն հետազոտություն։ Արդյունքում դուրս են բերվել 2 հիմնական խնդիրներ՝ տարածքային և բնապահպանական։ Նախագծի առանցքային նպատակն է լուծում տալ այս խնդիրներին։ Այժմ ակումբն ակտիվ քննարկման փուլում է՝ ուսումնասիրելով գերեզմանային ոլորտը, միջազգային փորձը նման հարցերում, և փորձում է գտնել լուծման լավագույն տարբերակը սիրելի մայրաքաղաքի համար։

Tweets by AybSchool
>