Սեպտեմբերյան շաբաթօրյակ. մաքրեցինք մեր դպրոցի շրջակա միջավայրը

Ավարտին մոտեցավ 2019-20 ուսումնական տարվա առաջին ամիսը։ Սեպտեմբերը հայտարարվել էր ճանաչողական ամիս՝ նկատի ունենալով «Այբ»-ի աշակերտի 8 հատկանիշներից ճանաչողը։ «Այբ» համայնքն ընդունեց ու ճանաչեց իր նոր անդամներին, և հերթը հասավ շրջակա միջավայրը ճանաչելուն։

Սեպտեմբերն «Այբ»-ի աշակերտներն ամփոփեցին շաբաթօրյակով։ Տարբեր տարիքային խմբերի աշակերտներ, աշխատակիցներ և անգամ ծնողներ ակտիվորեն մասնակցում էին մաքրությանը։ Նախ մաքրելով դպրոցը, դպրոցի բակն ու միջավայրը՝ այբեցիները հավաքեցին դպրոցի շրջակայքի աղբը՝ ծխախոտի գլանակները, պլաստիկը, թուղթը, ապակյա շշերը։ Սեպտեմբերյան շաբաթօրյակի վերջում հավաքված աղբը աշակերտները տեսակավորեցին մի քանի խմբով՝ վերամշակման համար։

Ամբողջ օրը նվիրվեց շրջակա տարածքի մաքրմանը, և այդպիսով մինչև Թբիլիսյան խճուղի այբեցիները շաբաթօրյա Երևանին նվիրեցին մի մաքուր հատված։

Հարկավոր է հիշել, որ շրջակայքը մաքուր պահելու առիթը չպետք է միայն շաբաթօրյակը լինի։ Յուրաքանչյուր բնակիչ փողոցում յուրաքանչյուր կտոր աղբ նետելուց առաջ պետք է մտածի շրջակայքի՝ մեր ընդհանուր տան մաքրության մասին։

Գոհարիկ Ադամյան (12-րդ դասարան)

Tweets by AybSchool
>