Դառնալով փոփոխություն ու նախագծելով համայնքային ներազդեցության ծրագրեր

«Այբ» ավագ դպրոցի 7 աշակերտ մասնակցել են Climate Ulturn-ի կազմակերպած դասընթացներին՝ կրթելու շրջակա միջավայրի կայուն զարգացման համար պատասխանատու ապագա առաջնորդներ: Ծրագրի նպատակն է հասարակության մեջ սերմանել վերօգտագործման և վերամշակման մշակույթ՝ հրաժարվելով վատնումից: Ծանոթանալով մի շարք թեմաների՝ սննդի և պլաստիկի վատնում, կանաչ գյուղատնտեսություն և այլն՝ աշակերտները ծնել են մի շարք գաղափարներ, որոնք կօգնեն հասնելու նպատակին:

Դասընթացները միտված չէին միայն տեսական գիտելիքների ձեռք բերմանը։ Արծարծվող թեմայի կարևորությանը ծանոթանալուց հետո աշակերտները քննարկել են տարբեր խնդիրներ, օրինակ՝ ինչպե՞ս ուսուցիչների շրջանում կրճատել մսի սպառումը, ի՞նչ տեսք և անուն կունենար Աֆրիկայում ապրող երեխաներին սնունդ մատուցող ռոբոտը կամ էլ ինչպե՞ս վերօգտագործել թափոնները և ի՞նչ միջոցներով նվազեցնել դրանց սպառումը։ Աշակերտները պատկերացրել են իրենց որպես խնդիրների լուծման հիմնական բանալի, գործի դրել երևակայությունը, առաջարկել տարբեր լուծումներ, քննարկել դրանք, իսկ հետո այս ամենը դուրս բերել երևակայություն դաշտից ու փորձել դարձնել իրականություն։

Գաղափարների հավաքումից, տեսական գիտելիքների հարստացումից ու թեմայի բազմակողմանի ուսումնասիրումից հետո աշակերտներն օգտագործել են այս ամենը՝ նախագծելով ու մշակելով համայնքային ներազդեցության սեփական ծրագրեր։ Մասնակիցները կազմել են թիմեր և զուգահեռաբար աշխատել են երկու ծրագրերի իրականացման վրա, որոնք ունեն համայնքային և, իհարկե, բնապահպանական մեծ կարևորություն ու կարող են դառնալ հիանալի նախատիպ նման ծրագրերի շարունակականության ապահովման համար։

Աշակերտների մի խումբ նպատակ էր դրել «Այբ» դպրոցի ճաշարանը դարձնել կայուն և էկոլոգիապես անվնաս, սակայն ուսումնասիրությունը պարզեց, որ ճաշարանն արդեն իսկ կայուն է, իսկ շուտով վրա հասած պատերազմը նոր զարկ հանդիսացավ՝ վերաձևակերպելու նպատակներն ու անելիքները: Այս թիմը որոշեց օգնել Հայաստան ժամանած արցախցիներին սննդի հարցով այնպես, որ մեղմվի նաև շատ հաստատությունների վատնած սննդի հարցը: Նրանք միացան ԱՄԻԱ թիմին և սկսեցին տեղեկատվական արշավ երկու ուղղությամբ՝ սնունդ տրամադրող հաստատությունների՝ և սոցիալական ցանցերի ակտիվիստների ու տարբեր խմբերի: Արդյունքում ավելի քան 10 ռեստորան միացավ amia.am հարթակին և սկսեց համակարգված օգնել մեր հայրենակիցներին: Իսկ ակտիվիստների և ֆեյսբուքյան խմբերի միջոցով մի շարք արցախցիներ ստացան իրենց ցանկալի օգնությունը:

Աշակերտները փոխում են իրենց և իրենց շրջապատի մտածելակերպը, ձգտում պահպանել այն բարիքները, որոնց մեզ արժանացրել է մայր բնությունը: Չէ՞ որ ոչ թե ինչ-որ մեկը՝ ինչ-որ մի տեղ, այլ ամեն մեկը ամեն տեղ պետք է փոխհատուցի բնության մեզ պարգևած հրաշքների համար:

Մանե Օհանյան, 12-րդ դասարան

Լանա Մելիքյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Լուրեր Tag News

Tweets by AybSchool
>