Կախարդական դիմակահանդես «Այբ»-ում

Ամանորյա կախարդական շունչն այս տարի «Այբ» դպրոցի դահլիճում տարածվեց՝ բաբախեցնելով բոլորի սրտերը: 2024 թվականի առաջին կիսամյակի ավարտն ու տարվա վերջին ուսումնական օրը նշանավորվեցին տպավորիչ և յուրահատուկ միջոցառմամբ ՝ «Վալսի ժամանակի միջով»։

Միջոցառման հանդիսավոր բացումը վստահվել էր «Այբ» դպրոցի երգչախմբին, որը կատարեց բոլորի սիրելի ամանորյա երգերը։ Երաժշտական ջերմ ելույթը անմիջապես ստեղծեց տոնական տրամադրություն՝ հավաքվածներին տրամադրելով ուրախության ու հեքիաթի սպասման։

Դահլիճը վերածվել էր կախարդական պալատի, որտեղ ամեն ինչ շնչում էր խորհրդավորությամբ: Մթնոլորտը լի էր կախարդանքով. դիմակավորված օրիորդներն իրենց հմայքով դիմավորում էին հյուրերին, իսկ բեմում հերոսներն անդադար պարում էին կախարդական վալսի ռիթմի ներքո։

Սակայն այս պատմությունն ուներ իր գաղտնիքը. պարող հերոսները ոչ թե պարզապես տոն էին նշում, այլ փորձում էին լուծել մոռացված առեղծվածը, որը խլել էր նրանց ազատությունը։ Այս առեղծվածի լուծումը տրված էր միայն ներկայացման հերոսներին՝ անցյալից, ներկայից և ապագայից ժամանած հմուտ ու քաջ հեքիաթային կերպարներին։ Նրանք, միավորելով իրենց իմաստությունն ու ուժերը, օգնեցին գլխավոր հերոսուհուն շերտ առ շերտ բացահայտելու առեղծվածը՝ ձգտելով ամանորյա հրաշքի միջոցով փրկել տոնը և դադարեցնել հերոսների հավերժական պարը։

Դահլիճում տիրում էր աննկարագրելի մթնոլորտ. փայլող լույսերի տակ արտացոլվող վալսի շարժումները, կախարդական երաժշտությունը և հերոսների հուզիչ ներկայացումը բոլորին խորապես տպավորեցին։ Ամեն պահ այստեղ լի էր մոգականությամբ ու տոնական ակնկալիքով։

Միջոցառման ավարտին, երբ հերոսները գտան լուծումը, դահլիճում ամեն ինչ փոխվեց. կախարդանքը վերացավ, հերոսներն ազատագրվեցին, և Ամանորը փրկվեց։ Հյուրերը հիացած հետևում էին, թե ինչպես էին անցյալը, ներկան և ապագան միավորվում՝ հիշեցնելով, որ հրաշքները գալիս են միայն միասնականությամբ, հույսով և անխախտ հավատով։

«Այբ» դպրոցի վերջին ուսումնական օրը դարձավ յուրահատուկ հեքիաթ, որը դեռ երկար կմնա բոլորի հիշողություններում՝ որպես կախարդական ճանապարհորդություն դեպի հրաշքների աշխարհ։

Էմմի Հովհաննիսյան
11-րդ դասարան

Tweets by AybSchool
>