Հանդիպում գերմանական բուհերում սովորող այբեցիների հետ

«Զում» հարթակում տեղի ունեցավ առցանց հանդիպում «Այբ»-ի՝ Գերմանիայում սովորող շրջանավարտների և «Այբ» ավագ դպրոցի աշակերտների միջև։ Շրջանավարտներն էին Մարիամ Այվազյանը, Սերգեյ Սուրենյանը, Սոնա Մարկոսյանը, Վանե Անդրեասյանը և Հայկ Չատինյանը։ Նրանցից յուրաքանչյուրը սովորում է Գերմանիայի մի քաղաքում։ Հանդիպման նպատակը մեկն էր՝ կիսել սեփական փորձն այն աշակերտների հետ, ովքեր մտադիր են ուսումը շարունակել Գերմանիայում։

Հիմնականում քննարկվեցին հարցեր ընդունելության, Գերմանիայում ունեցած կյանքի ու առհասարակ համալսարան ընտրելու մեթոդների մասին։ Շատ կարևոր քննարկման թեմա էր նաև լեզվի մակարդակի հարցը, քանի որ գերմանական գրեթե բոլոր համալսարանները բակալավրի ծրագրում գերմաներենի բավականին բարձր մակարդակ են պահանջում։ Շրջանավարտները տվեցին շատ խորհուրդներ ու ներկայացրին հետաքրքիր առաջարկներ։

Չվախենալ փոփոխություններից, համարձակ շփվել տեղացիների հետ, չկաշկանդվել՝ սրանք հանդիպման ընթացքում շրջանավարտների դուրս բերած առանցքային դրույթներն էին՝ Գերմանիայի կյանքին և համալսարաններին հարմարվելու մասին։

Նման հանդիպումները շատ կարևոր են, քանի որ օգնում են հասկանալու, որ ցանկացած անհասանելի կամ բարդ թվացող բանի կարելի է հասնել ճիշտ քայլերի հաջորդականության և կենտրոնացված աշխատանքի միջոցով։ Ես ինքս, մասնակցելով հանդիպմանը, թե՛ մեծ բավականություն ստացա և թե՛ ավելի հստակ պատկերացում կազմեցի համալսարանների ու առհասարակ Գերմանիայի մասին։

Էլլա Ավագյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Լուրեր Tag News

Tweets by AybSchool
>