«Այբ»-ի շրջանավարտների և աշակերտների հանդիպում մասնագիտական կողմնորոշման թեմայով

«Համայնքի միասնության մեջ շրջանավարտների դերը գերկարևոր է։

Նրանք են «Այբ»-ի տերերը, և նրանք են այդ լույսը տարածում»։

Դավիթ Սահակյան

«Այբ» դպրոցի համար շատ կարևոր նշանակություն ունի շրջանավարտների վերադարձը «տուն», և այս անգամ վերադարձը հատկանշական էր դպրոցում սովորող աշակերտների համար։

Հունվարի 17-ին տեղի ունեցավ շատ սպասված հանդիպումներից մեկը՝ «Այբ»-ի ներկայիս աշակերտների և մասնագիտական ոլորտում հաջողության հասած մեր շրջանավարտների խորհրդատվական հանդիպումը։ Միջոցառումն անցավ շատ բաց և ջերմ մթնոլորտում։ Շրջանավարտները մեծ ոգևորությամբ էին պատմում իրենց համալսարանների և մասնագիտությունների մասին, իսկ աշակերտները՝ փնտրում իրենց հետաքրքրությունները յուրաքանչյուր ելույթի ժամանակ։ «Հայաստան» դահլիճը լեցուն էր աշակերտների ոգևորությամբ, բարձր ծափողջույններով։ «Այբ»-ը միշտ պատրաստ է ստեղծելու հնարավորություն ներսերնդային կապն ամրապնդելու համար։

Այս տարի շրջանավարտները ներկայացնում էին բազմազան, հետաքրքիր և նորարարական ոլորտներ և բուհեր։ Նրանք ներկայացնում էին թե՛ հայկական, թե՛ արտասահմանյան առաջատար բուհեր, ինչպիսիք են Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանի ֆրանսիական համալսարանը, Հայաստանի պետական բժշկական համալսարանը, Սան Դիեգոյի համալսարանը, մոսկովյան «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը։ Մեր աշակերտներին հատկապես ոգևորում է այն գիտակցումը, որ իրենցից յուրաքանչյուրը կարող է հասնել իր երազանքի կրթությանը՝ «Այբ» դպրոցից ստացած գիտելիքների շնորհիվ։

Այս տարի ևս միջոցառման ակտիվ մասնակիցներից էին Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանից «Այբ» ժամանած, բնագիտական առարկաների դասավանդման պրակտիկա անցնող ուսանողները։ Նրանք կիսեցին իրենց փորձը, ներկայացրին այդ համալսարանում ուսանելու մասնագիտական առավելությունները և ուսանողական կյանքը։

Եվ, իհարկե, հանդիպման երկրորդ հատվածը լի էր մտերմիկ խոսակցություններով և թեյի անուշ բույրով։ Աշակերտներին հուզող բոլոր հարցերը ստացան պատասխան. նրանք ավելի մանրամասն ծանոթացան իրենց նախընտրած մասնագիտություններին և նախընտրելի բուհերին։

Դպրոցի աշակերտների համար այս միջոցառումը շատ սպասված և սիրված է, քանի որ մասնագիտական բարդ ընտրության փուլում ավագ ընկերները կարողանում են որոշ չափով օգնել՝ ներկայացնելով իրենց անցած ուղին։

Էլեն Շահնազարյան

12-րդ դասարան

Tweets by AybSchool
>