«Պատանի ռենջերները» ցուցահանդես մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հունվարի 14-ին մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում բացվել է «Պատանի ռենջերները» խորագրով ցուցահանդեսը։ Կազմակերպիչներն են «WWF-Հայաստան»-ը, «Արփա» պահպանվող լանդշաֆտը և «Այբ» դպրոցը, աջակից՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ։

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Պատանի ռենջերների ծրագիր» կրթական նախաձեռնության շրջանակում։ Հայաստանում այս ծրագիրն իրականացվում է 2017 թ-ից վերոնշյալ երեք կառույցների կողմից։

Ծրագրի ընթացքում «Այբ» դպրոցի և «Արփա» պահպանվող լանդշաֆտի հարակից Արենի ու Խաչիկ բնակավայրերի դպրոցների սաներն իրականացրել են վայրի բնության դաշտային հետազոտություններ ու քննարկումներ՝ մտքեր փոխանակելով պահպանվող տարածքի բնապահպանական խնդիրների և դրանց լուծումների շուրջ, նշագրել էկոտուրիստական արահետներ, տեղադրել տեղեկատվական ցուցանակներ, իրականացրել սեմինարներ համայնքների դպրոցներում բնապահպանական խնդիրների վերաբերյալ և այլն։

Բացի դրանից, «Այբ» դպրոցի սաները Վայոց ձորի իրենց հասակակից ընկերների համար կազմակերպել են դասեր՝ ներկայացնելով բնապահպանական խնդիրների լուծման հնարավոր տարբերակներ։

Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարների մեծ մասի հեղինակը «Այբ» դպրոցի սաներն են։ Դրանք ներկայացնում են ծրագրի առավել հետաքրքրական պահերը, ինչպես նաև «Արփա» պահպանվող լանդշաֆտի բնաշխարհը և պատմամշակութային վայրերը:

Պատանի ռենջերների ծրագիրը միջազգային նախագիծ է, որը նախաձեռնվել է EUROPARC ֆեդերացիայի կողմից 2002 թ-ին՝ երիտասարդներին էկոլոգիական կրթության հիման վրա միավորելու նպատակով: Ծրագիրը գործում է ԵՄ-ի 19 երկրների 80 պահպանվող տարածքներում՝ մի շարք բնապահպանական միջոցառումների միջոցով միավորելով շուրջ 5000 մասնակցի:

Tweets by AybSchool
>